Նոր Ջուղա

Պատգամաւորութեան թեկնածու Գեղարդ Մանսուրեանի ժողովրդական հանդիպումը՝ Շահինշահրի հայ համայնքի հետ

Երեքշաբթի՝ փետրւարի 27-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում, ուր Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Գեղարդ Մանսուրեանը հանդիպեց Շահինշահրի հայ համայնքի հետ:

Սկզբում Թովմա Գալստանեանը ընդհանուր կէտեր ներկայացրեց թեկնածուի կենսագրականից, ապա Գեղարդ Մանսուրեանն իր տեսակէտներով ու ապագայ չորս տարիների գործունէութեան շուրջ իր գաղափարներով կիսւեց ժողովրդի հետ:

Նա իր ապագայ ծրագրերի մասին արտայայտւելով յատկապէս ընդգծեց հետեւեալը.

ա. Պարբերաբար այցելելով համայնքներ եւ լսելով թեմի ժողովրդին, վերահասու լինել շրջանների եւ հայ համայնքի անդամների խնդիրներին: Պաշտպանել նրանց շահերն ու օժանդակութիւն ցուցաբերել՝ առկայ դժւարութիւնները յաղթահարելու համար: Հետամուտ լինել երիտասարդներին յուզող հարցերին եւ փորձել լուծումներ առաջարկել ներկայացւած խնդիրների վերաբերեալ։

բ. Սերտ համագործակցութիւն ցուցաբերել Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի՝ համահայկական եւ համայնքային խնդիրների, ինչպէս նաեւ թեմիս շրջանների միւս պատգամաւորների հետ՝ ընդհանուր դժւարութիւնների շրջագծում:

գ. Աշխատել Իրան-Հայաստան երկկողմ յարաբերութիւնների առաւել զարգացման ուղղութեամբ:

դ. Նպաստել հայ-իրանական սահմանի ազատ տնտեսական գօտում առեւտրական գործունէութեան աճին: Իր բոլոր միջոցները ներդնել Իրան-Հայաստան սահմանային անցակէտում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների գործընթացի հեշտացման եւ արագացման համար։

Վերջում թեկնածուն պատասխանեց ներկաների հարցումներին, եւ միմեանց հետ փոխանակեցին տեսակէտներ:

Գեղարդ Մանսուրեանի Ընտրական շտաբ

Առնչւող Յօդւածներ

Back to top button