Թեհրան

Արա Շահվերդեանը հանդիպեց Զէյթուն քաղաքամասի ընտրողների հետ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակում, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ 12-րդ շրջանի թեկնածու Արա Շահվերդեանը փետրւարի 27-ի երեկոյեան ներկայ գտնւեց Զէյթուն քաղաքամասում՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում, որտեղ մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ կազմակերպւել էր ժողովրդական հանդիպում: Հանդիպումը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով:

Միջոցառման հաղորդավար Ֆրէդ Աշուղեանը իր ոգեշունչ ելոյթով, կարեւորեց ժողովրդի միասնականութեան անհրաժեշտութիւնը, եւ ընդգծեց, որ հայ ժողովուրդը եւ իրանահայութիւնը իր միասնականութեամբ միշտ յաղթանակներ է արձանագրել, եւ ներկաներին խրախուսեց, որ միասնական շարքերով մասնակցեն մարտի 1-ին (էսֆանդի 11) կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին, իրենց ձայնը ինչպէս անցեալ շրջանում, այնպէս էլ այս շրջանում վստահելով իր ջանքը յանուն կայուն համայնքի չխնայած՝ Արա Շահվերդեանին: Նա ապա հրաւիրեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանին արտայայտւելու: Սերոժ Օհանեանն, ընդգծեց, որ Արա Շահվերդեանին հովանաւորելու պատճառը, նրա անցած հայանպաստ ու ազգօգուտ հարուստ աշխատանքային փորձն է եւ նրա սերտ կապը համայնքի հետ:

Ելոյթ ունեցաւ նաեւ ընտրութիւններում իր թեկնածութիւնն առաջադրած Ալեքս Կարապետեանը, որն իր հերթին ներկաներին կոչ արեց խուռներամ շարքերով մասնակցեն ընտրութիւններին: Նա նշեց, որ տեղեակ լինելով համայնքային հարցերին իր թեկնածութիւնն է առաջադրել այս շրջանի ընտրութիւններին, եւ ընդգծեց, որ առաւօտեան ի շահ թեկնածու Արա Շահվերդեանի, ներկայացրել է իր պաշտօնական հրաժարականը: Ալեքս Կարապետեանն ընդգծեց, որ անձամբ երկար տարիներ է, ինչ լաւապէս ճանաչում է Արա Շահվերդեանին եւ ծանօթ է նրա գործունէութեանն ու հրաժարւել է թեկնածութիւնից համոզւած լինելով, որ Արա Շահվերդեանը լաւագոյն թեկնածուն է, որը կարող է խորհրդարանում ներկայացնել մեր համայնքին:

Ալեքս Կարապետեանը յաջողութիւն մաղթեց Արա Շահվերդեանին, եւ յոյս յայտնեց, որ նա կը շարունակի իր ազգօգուտ աշխատանքը:

Միջոցառմանը խօսք ունեցաւ Իսլամական խորհրդարանի 9-րդ եւ 10-րդ շրջանների պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Իր ելոյթի ընթացքում նա բարձր գնահատելով Արա Շահվերդեանի ազգանւէր գործունէութիւնը եւ գաղափարական մօտեցումները նշեց, որ իրանահայութեան դէպքում պատգամաւորութիւնը ինստիտուտ է եւ չի պայմանաւորւում միայն պատգամաւորի անհատով, որի պատճառով այն ունի շարունակականութիւն, սկսած հանգուցեալ Հրայր Խալաթեանից մինչեւ Արա Շահվերդեանը, եւ այդ հանգամանքը հնարաւորութիւն է տւել օգտւելով միմեանց փորձառութիւններից, իրենց լրումին հասցնել անցեալի անաւարտ գործերը եւ ճանապարհ հարթել դէպի նորանոր յաջողութիւններ ու ձեռքբերումներ:

Կարէն Խանլարեանը նշեց, որ այդ ինստիտուտի հիմքերում ընկած է հաւաքականութիւն՝ համալրւած գաղափարակից մարդկանցով, ովքեր հաւատում են միեւնոյն նպատակին եւ ենթակայ են կազմակերպական գիտակցութեան եւ կարգապահութեան ու մեր պատգամաւորները հէնց այդ կառոյցից են բարձրանում խորհրդարանի աթոռին, ուստի նրանք չեն կարող աշխատել իրենց անձնական ճաշակով եւ ենթակայ են հաւաքական այն ուժին, որը բխել է մեր ժողովրդից: Նա նշեց, որ այդ նոյն համակարգային մօտեցումով է, որ մենք մասնակցում ենք այս շրջանի ընտրութիւններին՝ ներկայացնելով Արա Շահվերդեանին, ում յատկութիւնների մասին բոլորը իրազեկ են:

Դոկտ. Կարէն Խանլարեանը ապա բեմ հրաւիրեց Արա Շահվերդեանին:

Արա Շահվերդեանն իր ելոյթի սկզբում երախտագիտութիւն յայտնեց ժողովրդին, որոնք անցեալ շրջանում իրենց քւէները վստահել են իրեն եւ ընդգծեց, որ վերընտրւելու դէպքում պէտք է շարունակի իր անաւարտ աշխատանքները, եւ իրագործի նոր ծրագրեր համայնքի առաւել բարւոք կեանքի ուղղութեամբ: Նա հակիրճ գծերով անդրադարձաւ իր անցեալ չորսամեայ աշխատանքներին, նաեւ այն հանգամանքին, որ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան 11-րդ շրջանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ միասին չեն խնայել իրենց կարելին Հայոց Ցեղասպանութեան կապակցութեամբ խորհրդարանում բանաձեւ հաստատելու ուղղութեամբ, որի գծով աշխատանքներ են տարել ժամանակի պատգամաւորները:

Ժողովրդին, խորհրդարանական ընտրութիւններին խուռներամ շարքերով մասնակցելու կոչ ուղղեց անցեալ շրջանների պատգամաւոր Վարդան Վարդանեանը, կոչ անելով իրենց ձայնը վստահել Արա Շահվերդեանին:

Միջոցառմանը պարային կատարումով ելոյթ ունեցաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի անդամ Էլին Մելիքսէթեանը: Ցուցադրւեց տեսաֆիլմ, որը ներկայացնում էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի անցեալ չորսամեայ համայնքային ու պետական մակարդակում ծաւալած աշխատանքները:

Միջոցառումը եզրափակւեց ազգային երգերի կատարմամբ, Ռոմիկ Ազիզեանի եւ Դրօ Յակոբեանի միջոցով եւ նւագախմբի ընկերակցութեամբ:

Related Articles

Back to top button