ԹեհրանՀամայնք

Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի առիթով Սուրբ եւ Անմահ Պատարագ Ս. Աստւածածին եկեղեցում

Երեքշաբթի, 10 փետրւարի 2026 թւականին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, ովքեր Աւարայրի մեծ ճակատամարտին՝ 451 թւականին, Ղեւոնդ Երէցի առաջնորդութեամբ արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ նոյնիսկ իրենց արեան հեղումով պաշտպանեցին հայ ժողովրդի քրիստոնէական ինքնութիւնը:

Այդ առիթով, Նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Ս. Աստւածածին եկեղեցում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը իսկ օրւայ առիթով քարոզեց Տ. Մեսրոպ քահանայ Ռաթէոսեանը: Արարողութեանը ներկայ էին Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ թեմիս քահանայ հայրերը, որոնցից ոմանք խոնարհաբար սպասարկում էին Սուրբ եւ Անմահ Պատարագին:

Սրբազան Հայրն տօնի առիթով, շնորհաւորեց Թեհրանի Հայոց Թեմի մեր բոլոր քահանաներին, աղօթելով որ նրանք միշտ լինեն առողջ, ծառայասէր եւ յաջողակ եւ Ղեւոնդեանց քահանաների հաւատքով շարունակեն իրենց առաքելութիւնը։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ հանգուցեալ քահանաների հոգիների հանգստեան համար։

Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, ազգային մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները ու նկատառելի թւով հաւատացեալներ:

Կէսօրին ի պատիւ քահանայ հայրերի Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հիւրասիրութիւն էր կազմակերպել Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան կենտրոնատեղիում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button