ԹեհրանՀամայնքՄշակութային

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ երեկոյ Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին նւիրւած ձեռնարկի մասնակիցների մասին

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների ընդհանուր միութեան «Տաւիղ» երգչախմբերի խմբավար եւ ծրագրի գեղարւեստական ղեկավար՝ Արփի Սիմրոջեան

Ծնւել է Թեհրանում։

Աւարտել է Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները, “پیمان نهاد خوش مؤسسه” Թեհրանի կոնսերւատորիան միջազգային երգարւեստի ճիւղը եւ Երեւանի «Կոմիտաս»-ի անւան Պետական կոնսերւատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում պրոֆ. Մարիթա Եդիգարեանի, մայեստրօ Տիգրան Հեքեքեանի եւ պրոֆ. Յովհաննէս Միրզոյեանի դասարաններում։

Յաճախել է դաշնամուրի դասընթացներին անւանի մտաւորական-երաժիշտ Համբարձում Գրիգորեանի աւագ դստեր Անուշ Գրիգորեան-Սարեանի եւ համայնքիս յայտնի ուսուցչուհի-խմբավար Հրաչուհի Մակարեանի մօտ։ Եղել է նաեւ հայ մտաւորական-երաժշտագէտ Լիդա Բերբերեանի ուսանողուհին։

Երգել է Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Անի» եւ «Սեւան» երգչախմբերում Հ. Մակարեանի եւ ժամանակի Պարսկաստանի Պետական երգչախմբի խմբավար Գուրգէն Մովսիսեանի խմբավարութեամբ։

Հարկ է նշել, որ «Անի» երգչախմբում խմբավարի կողմից նշանակւել է, որպէս խմբավարի օգնական։

Դասաւանդել է հայոց մանկապարտէզներում, դպրոցներում, միութիւններում երաժշտական կենտրոններում Հ. Մ. «Արարատ» Կ.-ի  Արւեստի դպրոցում որպէս երաժշտութեան դասատու, “پیمان نهاد خوش مؤسسه” Թեհրանի կոնսերւատորիայում, որպէս խմբերգային առարկայի դասատու եւ Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներում Հայ Երաժշտութեան պատմական զարգացում առարկան։

Եղել է մշակութային փառատօների յանձնաժողովի անդամ։

Խմբավարել է Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Սկաուտական, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի», Հ. Ուս. «Չարմահալ» Մ.-ի «Անի» մանկապատանեկան, «Փոթորիկ 2» Յեղափոխական, «Անի» միութեան «Քնար» մանկապատանեկան երգչախմբերը իսկ այժմ խմբավարում է Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ», Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» եւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երկսեռ երգչախմբերը։

Վերոյիշեալ բոլոր խմբերն իրենց մասնակցութիւնն են ցուցաբերել թէ՛ հայկական, եւ թէ՛ պարսկական միջոցառումներին։

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» պարախմբի աւագ ուսուցիչ՝ Լինէթ Սարգսեան

Ծնւել եմ 1989 թ.-ին: Աւարտել եմ Հաշւապահութեան ճիւղը լիսանսի աստիճանով Ռուդեհենի Ազատ համալսարանում։

1993 թւականից յաճախել եմ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախումբ, որի ժամանակի պարուսոյցն էր՝ Մարինա Ստեփանեանը։

1996 թ.-ից ի վեր երբ հիմնւեց «Արարատ» պարի դպրոցը, հնարաւորութիւն եմ ունեցել սովորել Երեւանից եւ ԱՄՆ-ից ժամանած մասնագէտներից, որոնք են եղել՝ Ժոռա Դիլանեանը, Կարինէ Ղազարեանը, Յակոբ Մարգարեանը, Գագիկ Կարապետեանը, Քրիստինա Յովակիմեանը, Ռուդոլֆ Խառատեանը եւ Սրբուհի Բաբայեանը:

Նաեւ Անահիտ Աւետեանը նախ եղել է իմ ուսուցիչը եւ յետոյ որպէս ուսուցչական կազմի անդամ աշխատել ենք միասին։

2006 թւականին (17 տարեկանում) Կարինէ Ղազարեանի որոշմամբ նշանակւել եմ, որպէս «Արարատ» պարախմբի նախ խմբի օգնական եւ յետոյ փորձավար։

Կարճատեւ եւ երկարատեւ ծրագրերով համագործակցել եմ պարսիկ ռեժիսոր-դերասան՝ Հասան Մաջունի հետ։

«Մոնօ» ներկայացումով ներկայացել եմ Թեհրանում եւ Իրանի մի քանի քաղաքներում։

2016 թւականին մեկնել եմ ԱՄՆ, անտարբեր չեմ եղել պարարւեստի նկատմամբ, մասնակցել եմ դասարանների եւ ձգտել եմ զարգացնել գիտելիքներս:

2 տարի անց վերադարձել եւ կրկին միացել եմ պարախմբին եւ ներկայիս որպէս Աւագ ուսուցիչ եմ աշխատում խմբի հետ։

Մինչ օրս սովորում, պարում եւ աշխատում եմ փոխանցել այս 30 տարիների ընթացքում ձեռք բերած իմ գիտելիքները եւ փորձառութիւնը։

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» պարախմբի ուսուցիչ՝ Ալմարա Շամիրեան

Ծնւել եմ 1985 թւականին

Սովորել եմ Գրաֆիկ ճիւղը Ազատ համալսարսնում ստացել եմ բակալաւրի աստիճան։

Սկսել եմ պարել դեռ փոքր տարիքից անցողական ու ոչ շատ լուրջ, բայց 2003 թւականն եղաւ իմ կեանքի կարեւոր թւականներից մէկն երբ ես յաճախել եմ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախումբ, եւ միացել «Արարատ» պարախմբի Անսամբլին Կարինէ Ղազարեանի ղեկավարութեամբ եւ Անահիտ Աւետեանի ուսուցչութեամբ, ուր պարն այնպէս սովորեցի ու սիրեցի, որ դարձաւ իմ կեանքի անբաժանելի մասը։

Նաեւ բախտ եմ ունեցել սովորել Երեւանից եւ ԱՄՆ-ից ժամանած հետեւեալ մասնագէտներից Յակոբ Մարգարեան, Քրիստինա Յովակիմեան, Գագիկ Կարապետեան, Ռուդոլֆ Խառատեան, Սրբուհի Բաբայեան, ովքեր եղել են ե՛ւ դասատուներ, ե՛ւ բեմադրիչներ։

Պէտք է ասեմ որ ես իրապէս բախտ եմ ունեցել սովորելու նշեալ արւեստագէտների անսահման գեղեցիկ արւեստն ու գիտելիքները։

2014 թւականին սիրայօժար օժանդակել եմ ուսուցչական կազմին, որպէս օգնական։

2018 թ.-ից «Արարատ» պարախմբի դասատու-ուսուցիչ նշանակւեցի ու միաժամանակ պարում եմ Անսամբլում։

Կարճատեւ եւ երկարատեւ ծրագրերով համագործակցել եմ պարսիկ ռեժիսոր դերասան Հասան Մաջունի հետ:

«Մոնօ» ներկայացումով ներկայացել եմ Թեհրանում։

Տարբեր առիթներում մասնակցել եմ կարճատեւ դասընթացների Թեհրանում կամ Հայաստանում գիտելիքներս զարգացնելու նպատակով նաեւ անց եմ կացրել ուսուցչական շրջան, որպէսզի աւելի ճիշտ կարողանամ փոխանցումներ կատարել աշակերտներին։

Տարիներ (7 տարի) օժանդակել եւ աշխատել եմ, որպէս պարի դասատու եւ բեմադրիչ «Թունեան» տարրական դպրոցում ու հաճելի պահար եմ ապրել առաջինից 6-րդ դասարանների երեխանարի կողքին։

Սիրելի՝ մանուկ, պատանի եւ երիտասարդներ,

Պարէք շարունակ եւ պայքարէք ձեր նպատակի համար անտեսելով տարիք եւ կեանքի վերիվայրումները։

Ալին Թաշճեան

Ծնւել է 1997 թ.-ին Թեհրանում, երաժշտասէր ընտանիքում: Նախնական կրթութիւնն ստացել է «Արաքս», «Մարի Մանուկեան» եւ «Հազրաթէ Զահրա» (حضرت زهرا) դպրոցներում։ Այնուհետեւ ընդունւելով Ալ-Զահրա (الزهرا) Պետական համալսարան, աւարտել է մաթեմատիկայի ճիւղը գերազանց գնահատականով:

Երաժշտական ընդունակութիւններն ի յայտ են եկել վաղ հասակից (3 տարեկանից), ուստի նրա ծնողների որոշմամբ, դաշնամուրի դասեր է ստանում համայնքի հանրայայտ դաշնակահար-արւեստագէտ, Հրաչուհի Մակարեանի մօտ։ Նա այս տարիներում ներքին փառատօների դաշնամուրային բաժնում բարձր գնահատւելով, 3 շրջաններում դառնում է մեդալակիր։ 14 տարեկանում, մօր առաջարկութեամբ սկսում է դաշնամուրով ընկերակցել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» աշակերտական երգչախմբին ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեանի։ Նա այդ տարիքում շատ արագ շահելով ղեկավարի վստահութիւնը, նախ միանում է ՀՀԸՄ-ի «Տաւիղ» երգչախմբին, որպէս դաշնակահար, եւ 5 տարի անց, Հ.Մ.Ա.Կ.-ի առաջարկով, իր համագործակցութիւնն է սկսում «Արարատ» երգչախումբի հետ:

Այս ընթացքում, 3 տարի ինքնաշխատութիւնից յետոյ, կենտրոնանալով դաշնամուրային մենակատարման վրայ, սկսում է աշակերտել իրանահայ անւանի դաշնակահարուհի, Զարմիկ Բաբայեանին եւ նրա առաջարկութեամբ, երկու անգամ մասնակցելով Իրանում մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ անցկացւած «Ջաւան» ամենամեայ մրցոյթ փառատօնին, 14-րդ շրջանում տարիքային 19-ից 23 տարեկանների խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը իսկ 15-րդ շրջանում, շահում է 1-ին պատւաւոր մրցանակը տարիքային 24-ից 29 տարեկանների խմբում եւ արժանանում է «Ջաւան» փառատօնի ոսկէ արձանիկին:

«Ջաւան» մրցոյթը Իրանի ամենաբարձրագոյն երաժշտական փառատօնն է, որում միայն մէկ մասնակից է արժանանում շահել 1-ից 3-րդ մրցանակները: Ալինի այս յաջողութեան մասին յայտնում է «Pars Today»-ը որից Հայաստանի հանրային հեռուստատեսութեան առաջին ալիքի ուղիղ եթերում նիւթ է հաղորդում եւ նշւում է նրա յաջողութիւնների մասին։

Այնուհետեւ մասնակցելով Իտալիայի Օրբեթելլօ համաշխարհային մրցոյթ փառատօնին Masters տարիքային խմբում (22-ից 35 տարեկան), որը ամենաբարձրագոյն տարիքային խումբն է եւ իրաւարար կազմի դատողութեան մէջ, անհամեմատելի խստութիւն է տիրում օտար տարիքային խմբերի համեմատ, նա զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հարկ է նշել համաշխարհային առցանց մրցոյթներում, բոլոր մրցակիցները արժանանում են մրցանակների, իսկ չշահելու դէպքում, գնահատւում են իրաւարար կազմի կողմից (Honorable Mention)։

Ալինը ունեցել է բազմաթիւ կատարումներ, որոնցից նա կարեւորում եւ առանձնացնում է հետեւեալը՝

-15 եւ 17 տարեկանում, Հայաստանում խմբավար Արփի Սիմրոջեանի աւարտական քննութիւններին դաշնամուրով նւագակցել է «Կոմիտաս»-ի անւան Պետական կոնսերւատորիայի դասախօսներ պրոֆ. Միրզոյեան եւ պրոֆ. Ղազարեանի ներկայութեամբ, ունենալով խմբավարի վստահութիւնը։

-Ոչ պաշտօնական հանդիպում է ունեցել պրոֆ. Ռոբերտ Մելիքեան եւ պրոֆ. Տիգրան Մանսուրեանի հետ եւ պատիւ է ունեցել նւագակցել Հայաստանի Կամերային երգչախմբի հետ։

-«Վահդաթ» համերգասրահում դաշնամուրային կատարումներով հանդէս է եկել «Արարատ» անսամբլի հետ։

-Իրանի վաստակաւոր անւանի դաշնակահարուհի Ֆարիմահ Ղաւամսադրիի հրաւէրով, «Ռուդաք»-ի դահլիճում մենակատարել է Ռախմանինովի եւ Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւններից։

-Թեհրանի Պետական համալսարանում, որպէս ակոմպանիստ նւագակցել է «Հարւարդ» համալսարանի աւարտած երաժշտագէտ եւ ֆլէյտայի վաստակաւոր արտիստ, դոկտ. Ազին Մովահէդի  սեմինարի մասնակիցների հետ։

-Մենակատարումներ է ունեցել Թեհրանի «Երաժշտական թանգարանում»

-Համագործակցել է բազմաթիւ վոկալիստների հետ եւ տարեկան ելոյթներ է ունեցել Հ.Մ.Ա.Կ.-ի եւ ՀՀԸՄ-ի յարկերի տակ, Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ երգչախմբերի հետ։

-Յատուկ ուսումնասիրութիւն եւ թարգմանութիւններ է ունեցել «Դաշնամուրային Ոտնակում»-ի (Art of Pedal) բաժնում եւ «Շին» երաժշտական ուսումնարանում, փեդագոժի ի (Piano Pedagogy) դասընթացներում, դասաւանդել է երաժշտութեան դասաւանդութեամբ զբաղւող անհատներին։

Ալինը ներակայիս Զարմիկ Բաբայեանի բարձրագոյն աշակերտուհին է, դասաւանդում է Թեհրանի աղջիկների երաժշտական դպրոցում եւ «Շին» երաժշտական ուսումնարանում։ Նա նաեւ երաժշտական դպրոցի հետ դաշնամուրային կատարումներով ընկերակցում է բոլոր փողային նւագախմբերի աշակերտների քննութիւններին։

Հայ վաստակաւոր երաժշտագէտ, աշխարհահռչակ դաշնակահարուհի պրոֆ. Սւետլանա Նաւասարդեանը լսելով Ալինի կատարումը, այսպէս է արտայայտւում «Ալինի կատարումը հաւանեցի։ Բնական եւ անկաշկանդ է: Պիտի որ բարձր գնահատւի»։

Նանոր Նազարեան

Ծնւել է 2001 թւականին Թեհրանում։ Յաճախել է «Արաքս» ազգային տարրական եւ ուղեցոյց դպրոցներում, իսկ միջնակարգ կրթութիւնը Բնագիտութեան ճիւղում ստացել է «Արիան» պարսկական դպրոցում։ 2023 թ.-ին աւարտել է լիսանսը Կիրառական քիմիա ճիւղում իսկ աւարտելուց յետոյ, համարւելով որպէս Փայլուն տաղանդներ, առանց քննութեան ընդունւել է գերլիսանսը, եւ ուսանում է Անալիտիկ քիմիա ճիւղում։ 6 տարեկանից յաճախել է ջութակի դասի եւ նւագել ջութակի դասարանային համերգներին, միութիւնների միջոցառումներին եւ նւագարանների փառատօներին եւ երգել երգի փառատօներին ստանալով Գերազանց գնահատական երկու ասպարէզներում։

Նաեւ ջութակի կատարումներով մասնակցել է «Արաքս» դպրոցի եւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի ամեակներին։

2011 թւականին մասնակցել է Սաղմոսի մրցոյթին եւ գրաւելով առաջին տեղը ստացել է ոսկէ խաչ։

Փոքր հասակում մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան մանկական երգչախմբին Արաքս Խաչատրեանի խմբավարութեամբ, «Արարատ» պարախմբին Կարինէ Ղազարեանի ղեկավարութեամբ եւ 2015 թւականին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան, ուր եւ երգել է Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան 2016 թւականի երդման արրարողութեանը։ Այնուհետեւ 2011 թւականից մասնակցել է Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբին իր մօր՝ Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ։ 2015 թւականին խմբավար Արփի Սիմրոջեանի գերլիսանսի աւարտական քննութեանը, Երեւանի «Կոմիտաս»-ի անւան կոնսերւատորիայի խմբավարական բաժնի յանձնաժողովի ներկայացուցիչների պրոֆեսորներ՝ Յովհաննէս Միրզոյեանի եւ Դաւիթ Ղազարեանի ներկայութեամբ, «Տաւիղ» երգչախմբի հետ տրիօ-ով նւագակցել է ջութակ 2, Նանէ Յովհաննիսեանի ջութակ 1- ի եւ Ալին Թաշճեանի դաշնամուրի, ընկերակցութեամբ Թելեմանի Սաղմոս 117 ստեղծագործութիւնը։

Ներկայիս անդամակցում է Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ ՀՀԸՄ-ի «Տաւիղ» երգչախմբերին, որպէս սոպրանօ ձայն իսկ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբին, որպէս օժանդակ երգչախմբին եւ խմբավարին։

2023 թ.-ին ընտրւել է Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան վարչութեան անդամ։

Հարկ է նշել Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին նւիրւած ձեռնարկին, շատ կարճ օրերի ընթացքին, վոկալիստ Մեղեդի Եղնազարեանի օժանդակութեամբ եւ Ալին Թաշճեանի դաշնամուրի ընկերակցութեամբ պատրաստել է Արամ Խաչատրեանի «Երջանկութեան գորգ» ստեղծագործութիւնը։

Անի Յովհաննիսեան

Ծնւել է 2004 թւականին, արւեստասէր ընտանիքում։ Վաղ մանկութիւնից սկսեալ դրսեւորել է իր հետաքրքրասիրութիւնը արւեստի տարբեր բնագաւառներում։ Չորս տարեկան հասակից, մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան մանկական երգչախմբին՝ Արաքս Խաչատրեանի, իսկ աւելի ուշ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած «Նոր ձայներ» երգչախմբին՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ։ Նոյն տարիներին նաեւ մասնակիցն է եղել սոյն միութեան պարախմբին։

Նկարչութեան ոլորտում, անշուշտ իր մեծ դերն է ունեցել Թիեդրա Զոհրաբեանի արւեստի դասընթացները, որի մասնակիցն է եղել Անին իր մանկութեան տարիներին։ Հետագայում հիմք ունենալով, այս տարիների ուսուցումները, ինքնաշխատութեամբ կատարելագործել է նկարչութիւնը եւ ունի մրցանակներ, ուսումնադաստիարակչական նախարարութեան 7-րդ շրջանի կողմից։

Վաղ մանկութիւնից, փորձել է հմտութիւն ձեռք բերել նւագարաների աշխարհում։ Ջութակի պարապմունքը սկսել է իր հօր՝ Արամազդ Յովհաննիսեանի իսկ դաշնամուրի ուսուցումը՝ Արին Աւանէսեանի ուղղութիւններով։

Նա յատուկ սէր ու տաղանդ է դրսեւորել ասմունքի եւ թատերական արւեստի բնագաւառում։ Ուստի իւրաքանչիւր տարի մասնակցել է Թ. Հ. Թ. -ի Կրթական խորհրդին կից, Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւած, մշակութային փառատօներին ե՛ւ նւագարանի, ե՛ւ ասմունքի բնագաւառում, արժանանալով գերազանց կատարող. իսկ 2018 թւականին Շուշիի ասմունքի մրցոյթին արժանացել է առաջին մրցանակին։

Արւեստին զուգընթաց, նա եղել է փայլուն սովորող աշակերտուհի։ Տարրական կրթութիւնը աւարտելով «Արաքս» ազգ. Դպրոցում՝ առաջին եւ երկրորդ միջնակարգը շարունակել է ընդունւելով «Յատուկ ընդունակութիւններով օժտւած երեխաների դպրոց»:

2023 թւականին, մասնակցելով կոնկուրսում, փորձառական ճիւղում, գրաւել է 677-րդ, իսկ անգլերէնում 118-րդ տեղը։

Այժմ սովորում է Թեհրանի Ազատ բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում։

Ռենէ Ոսկանեան

Ծնւել է 2009 թւականի մայիսի 10-ին, այժմ սովորում է «Մարիամ» հաստատութեան 9-րդ դասարանում։

Մանկուց սէր է ունեցել երաժշտութեան նկատմամբ եւ սկսել է դաշնամուր նւագել 7 տարեկանից։ Հետաքրքրւած լինելով դասական երաժշտութեամբ, 9 տարեկանից սկսել է աշակերտել հանրայայտ երաժիշտ Զարմիկ Բաբայեանին եւ շարունակում է աշակերտել մինչ օրս։

9 տարեկանում մասնակցել է «Բար Բադ» մրցութեանը Թեհրանում, մասնակցել է 2018, 2019, 2023 եւ 2024 Թեհրանի Հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնած Մշակութային փառատօնին, որը 2023 եւ 2024 թւականներին գնահատւել է ժուրիի կողմից, որպէս գերազանց կատարող։

2021 թւականին մասնակցել է «Առնօ Բաբաջանեան»-ի անւան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 6-րդ միջազգային մրցոյթ-փառատօնին, 2022 թւականի Ապրիլին մասնակցել է Իտալիայի «Օրբեթելլօ» մրցութեանը, գրաւելով առաջին տեղը, յուլիս ամսին մասնակցել է «Օդին» միջազգային դաշնամուրային մրցութեանը եւ շահել առաջին տեղը հրաւիրւելով Չինաստան մասնակցելու կենդանի կատարման, որը չկայացաւ կորոնաւիրուսի համաճարակի պատճառով։ Մի քանի ամիս անց, մասնակցել է Լոնդոնի երիտասարդական դաշնամուրային մրցութեանը, գրաւելով առաջին տեղը, իսկ յետոյ մասնակցել է Լեհաստանի դաշնամուրային մրցոյթին գրաւելով երկրորդ տեղը, մասնակցել է նաեւ Հայաստանում «Կամերտոն-Սոլիստ» կատարողական արւեստի 3-րդ միջազգային մրցոյթին, շահելով առաջին մրցանակը։

2023 սկզբին մասնակցել է «IAFM» միջազգային մրցոյթին Քոլն քաղաքում, որը շահելով երկրորդ մրցանակը եւ գնահատւել է ժուռիի կողմից։

2023 թւականին մասնակցել է Շւեդիայի Սթոքհոլմ քաղաքի 10-րդ միջազգային երաժշտական մրցոյթին, որը շահել է առաջին տեղը։

Իսկ վերջերս մասնակցել է 38-րդ «Ֆաջր երիտասարդական երաժշտական փառատօնին» եւ գնահատւել է կազմակերպիչների կողմից։

Նա հաւատացած է այս ճանապարհը բարդ է եւ դժւարութիւններով լի, բայց աշխատասիրութեամբ նաեւ ուսուցչուհու եւ ծնողների ուղղութիւններով կը յաղթահարի այդ ամէնը։

Լուսիա Մուրադեան

Ծնւել է 2013 թւականին Թեհրանում։

Այժմ սովորում է հայոց ազգային «Արաքս» դպրոցի 5-րդ դասարանում։

Հինգ տարեկան հասակից դաշնամուրի դասեր է ստացել մօրից երաժիշտ-դաշնակահար Ռեբեկա Աշուղեանից։

2021 թւականից շարունակում է իր դաշնամուրի դասընթացները Հայաստանի «Կոմիտաս»-ի անւան Պետական կոնսերւատորիայի դասախօս Արմէն Բաբախանեանի ղեկավարութեամբ իսկ հարմոնիայի եւ սոլֆեջոյի դասերը Վաչէ Շարաֆեանի մօտ։

Մինչ այսօր նա մասնակից եւ դափնեկիր է եղել USCI (Մալեզիա), Chopin (Ամերիկա), AGBU (Հայաստան) դաշնամուրի միջազգային մրցոյթներին ինչպէս նաեւ Հայաստանի «Նոր անուններ» 11-րդ միջազգային շնորհալի պատանի երաժիշտ կատարողների փառատօնին եւ Իրանի ուսումնադաստիարակութեան նախարարութեան «Ջաբէռ էբն Հայան» փառատօնի երաժշտական բաժնում, ստացել է բարձրագոյն գնահատականները եւ արժանացել պատւոյ վկայագրերի։

Լուսիան նոյնպէս յաճախել է վարպետաց դասերի միջազգային մասնագէտների դասարանները։

Նա «Գրանդ պրի»-ի մրցանակակիր է եւ պատրաստւում է Յունիսին նւագել Ալեքսանդր Յարութիւնեանի կոնցերտին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նւագախմբի հետ։

Նիւթը՝   Հ. Մ.  «Արարատ» Կ.-ի Հանրութեան կապի

Related Articles

Back to top button