Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Երեւանին կասկածելի նախագծեր առաջարկելով՝ ԱՄՆ-ում Հայաստանը դիտարկում են որպէս վտանգաւոր միջուկային փորձերի փորձադաշտ

«Խաղաղ ատոմն»՝ աշխարհաքաղաքական ինտրիգների կիզակէտում

ՎԱՀԷ ԴԱՒԹԵԱՆ

քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր

 

Հայկական ԱԷԿ-ը հետեւում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան յանձնարարականներին եւ հրահանգներին, սերտօրէն համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ լուրջ աշխատանք տանում ԱԷԿ-ի անվտանգութեան առումով, որոշ ժամանակ առաջ յայտարարել է Ատոմային էներգիայի գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին՝ արձագանգելով Անկարայից կազմակերպութեանը հասցէագրւած նամակին՝ միջոցներ ձեռնարկել օբիեկտի փակման ուղղութեամբ խնդրանքով: Անցած մայիսին պարոն Գրոսսին կայանի շահագործման հարցերը քննարկել է Հայաստանի արտգործնախարարի հետ:

Հայաստանի էներգետիկ համալիրի կենտրոնական խնդիրներից մէկը շարունակում է մնալ միջուկային էներգետիկայի զարգացման ռազմավարական սցենարի բացակայութիւնը: 2000-ական թւականներից սկսած՝ Հանրապետութեան կառավարութիւնը ոչ միանշանակ մօտեցում է ցուցաբերել «խաղաղ ատոմի» զարգացման ուղղութեամբ՝ մէկ նախապատւութիւնը տալով աւանդական (մեծ) հզօրութեան միջուկային էներգաբլոկի կառուցմանը, մեկ խթանելով փոքր մոդուլային ռեակտորների կառուցման ծրագրերը, մէկ ամբողջովին հաւատարիմ մնալով «միջուկային լիբերալիզմի» քաղաքականութեանը, որի շրջանակներում միջուկային էներգետիկան պետութեան կողմից չի դիտարկւում որպէս էներգետիկ զարգացման գերակայ ուղղութիւն։ Եւ այսօր մենք հետեւում ենք կառավարութեան բաւական լղոզւած մօտեցումներին հայկական «խաղաղ ատոմի» ապագայի վերաբերեալ, որը գնալով աւելի յաճախ է դիտարկւում ոչ թէ որպէս ռազմավարական ռեսուրս եւ անվտանգութեան գործօն, այլ՝ որպէս էլեկտրաէներգետիկական արտադրութեան հերթական օբիեկտ: Դրա վկայութիւնն են, օրինակ, պաշտօնական յայտարարութիւններն այն մասին, որ 2023 թւականին Հայաստանում արեւային էլեկտրակայաններն իրենց հզօրութեամբ գերազանցել են Հայկական (Մեծամորի) ատոմակայանի հզօրութիւնը, փաստ, որը պաշտօնական Երեւանը ներկայացնում է որպէս կարեւոր ձեռքբերում, որն անհրաժեշտ է ամրագրել առաջիկայ տարիներին։ Մասնաւորապէս, մինչեւ 2030 թւականը Հայաստանի կառավարութիւնը նախատեսում է հանրապետութեան էներգետիկ հաշւեկշռում արեւային էներգիայի տեսակարար կշիռը հասցնել 15 տոկոսի։ Սակայն եթէ արեւային էներգետիկայի հետ կապւած, տեսնում ենք, կան որոշակի, քանակապէս չափելի պլաններ եւ կանխատեսումներ, ապա նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասով բացակայում է որեւէ յստակութիւն։ Միակ բանը, որի մասին կարելի է վստահօրէն ասել, այն է, որ «Ռուսատոմ»-ի կողմից իրականացւած արդիականացման աշխատանքները թոյլ են տալիս կայանի շահագործման ժամկէտը երկարացնել մինչեւ 2036 թւականը, ինչի համար ներկայումս նախապատրաստւում են անհրաժեշտ փաստաթղթերը:

Միեւնոյն ժամանակ, այսօր արդէն անհրաժեշտ է որոշել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման սցենարը՝ հաշւի առնելով, որ դրա կառուցման համար (եթէ ընտրութիւն կատարւի յօգուտ աւանդական հզօրութեան բլոկի) կը պահանջւի մօտ 10 տարի եւ 5-6 միլիարդ դոլարի ներդրում: Այս հարցում ռազմավարական որոշում կայացնելը մարտահրաւէր է Հայաստանի անվտանգութեանը։ Եւ ոչ միայն էներգետիկ։

Հայաստանի էներգետիկ համալիրում միջուկային էներգետիկայի տեսակարար կշիռն ու տեղը հասկանալու համար նշենք՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկումից ի վեր նրա տեսակարար կշիռն էներգետիկ հաշւեկշռում կայուն բարձր է մնացել. 1995-2016-2017 թթ. ՀԱԷԿ-ի տեսակարար կշիռն երկրի ընդհանուր էներգետիկ հաշւեկշռում կազմել է մօտ 40%, սակայն վերջին տարիներին կրճատւել է մինչեւ 30%, ինչը հիմնականում կապւած է համալիր վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով օբիեկտի կանգառների հետ: Իրականացւած արդիականացման աշխատանքների արդիւնքում կայանի դրւածքային հզօրութիւնը 407 ՄՎտ-ից հասել է 448.2 ՄՎտ-ի: 2023 թւականի արդիւնքներով Հայաստանում արտադրւել է 8,845 մլն. կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 3.5%-ով ցածր է 2022 թւականի ցուցանիշից՝ 9.165 մլն. կՎտ/ժ։ Յատկանշական է՝ արտադրութեան բոլոր տեսակները, բացառութեամբ արեւային, անկում են գրանցել. ՋԷԿ-երում արտադրութիւնը նւազել է 4.2%-ով, ՀԱԷԿ՝ 4.8%-ով, ՀԷԿ-երինը՝ 15.2%-ով։ Միեւնոյն ժամանակ, արեւային էլեկտրակայաններում արտադրութեան աճը կազմել է 55%: Այսպիսով, 2023 թւականին էլեկտրաէներգիայի արտադրութեան մէջ արեւային էլեկտրակայանների տեսակարար կշիռը կազմել է 8.7%, 41 տոկոս՝ ջերմային էլեկտրակայաններից, 31 տոկոս՝ ՀԱԷԿ։

Ի դէպ, սխալ է գնահատել միջուկային էներգետիկան բացառապէս էլեկտրաէներգիայի արտադրութեան տեսնակիւնից՝ ներքին պահանջարկը բաւարարելու նպատակով։ Կրկնակի սխալ է նման մօտեցումը Հայաստանի նկատմամբ, որը Հարաւային Կովկասի միակ երկիրն է, որն ունի միջուկային հզօրութիւններ։ Ատոմակայանի առկայութիւնը Հայաստանի համար իւրատեսակ ռազմավարական կարգավիճակ է, ազգային անվտանգութեան առանցքային գործօններից մէկը, որն ապահովում է ոչ միայն էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը ներքին շուկայ, այլեւ թոյլ է տալիս իրականացնել ինքնուրոյն արտահանման ռազմավարութիւն՝ ոլորտ, որտեղ լուրջ հակասութիւններ են նկատւում։ Գլխաւորը, թերեւս, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն է (2022 թւականի փետրւար)։

Ազատականացման ծրագիրն անդրադառնում է նաեւ արտահանման-ներմուծման ոլորտներին, ինչի արդիւնքում անհրաժեշտ լիցենզիաներ ստացած մի շարք առեւտրական ընկերութիւններ այսօր հնարաւորութիւն ունեն Հայաստան էլեկտրաէներգիա ներկրել հիմնականում հարեւան վրացական շուկայից (2023 թւականի յունւար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը Հայաստան է արտահանել 78.4 մլն. կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 4.1 մլն. ԱՄՆ դոլարով): Եւ դա այն դէպքում, որ Հայաստանն ունի արտադրական հզօրութիւնների աւելցուկ, եւ ինքը պէտք է միտւած լինի արտահանման ռազմավարութեան զարգացմանը։ Գտնւելով հայկական տնտեսութեան համար հսկայական վարկային բեռի տակ (տարբեր գնահատականներով՝ մինչեւ 1 մլրդ. ԱՄՆ դոլար) հայկական էներգահամակարգը պէտք է արտաքին շուկաներ դուրս գալու ուղիներ փնտրի իր ՕԳԳ-ն բարձրացնելու նպատակով՝ ներքին սակագների վրայ վարկային բեռի հետագայ նւազեցմամբ։ Այս հակասութիւնը երեւում է նաեւ հայկական իշխանութիւնների կողմից ընդունւող կառավարական փաստաթղթերում։ Այսպէս, մինչեւ 2040 թւականը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում, ի թիւս այլոց, ընդգծւած են երեք առաջնահերթ ուղղութիւններ․ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկէտի երկարաձգում եւ միաժամանակ նոր էներգաբլոկի կառուցում (առանց հզօրութեան նշման), «Հիւսիս-հարաւ» էլեկտրաէներգետիկական միջանցքի կառուցում (Իրան- Հայաստան – Վրաստան-Ռուսաստան) եւ էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ազատականացում: Հակասութիւնը՝ տարածաշրջանում կոշտ աշխարհատնտեսական մրցակցութեան ժամանակակից պայմաններում, որը յաճախ առանձնանում է շատ արխայիկ պրոտեկցիոնիզմով, արտահանումը մեծացնելու նպատակով միջազգային էլեկտրաէներգետիկական միջանցքներին ինտեգրումը գրեթէ անհնար է թւում ազատականացւած շուկայի առկայութեան դէպքում։ Դրա մասին են վկայում նաեւ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերների էլեկտրաէներգետիկական շուկաների ազատականացման ընդունւած, սակայն միայն մասամբ իրականացւած ծրագրերը։ Նշենք՝ 2023 թւակնին Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը կրճատւել է 23.4 տոկոսով, միտում, որը շարունակւում է նաեւ ընթացիկ տարում։

Այնպէս որ, եթէ Հայաստանի էներգաանվտանգութեան մակարդակի բարձրացման կարեւոր պայմաններից մէկը «Հիւսիս-հարաւ» էլեկտրաէներգետիկական միջանցքին ինտեգրումն է (որի վերաբերեալ քառակողմ համաձայնագիր ստորագրւել է 2016-ին), ապա էլեկտրաէներգիայի արտահանման ապահովման համար կայուն գեներացիայի օբիեկտ հանդիսացող ԱԷԿ-ի առկայութիւնը եւս պէտք է դիտարկել որպէս առաջնահերթութիւն: Վերջինս յատուկ նշանակութիւն է ստանում դէպի Իրան (մասնաւորապէս՝ էներգակիրների պակաս ունեցող հիւսիսային նահանգներ) արտահանումը մեծացնելու անհրաժեշտութեամբ պայմանաւորւած, որի հետ Հայաստանը «էներգետիկ երկխօսութիւն» է իրականացնում «3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 1 խմ. բնական գազի դիմաց» բանաձեւով։ «Հիւսիս-Հարաւ» միջանցքի շրջանակներում Իրանի եւ Հայաստանի միջեւ կառուցւող երրորդ էլեկտրահաղորդման գիծը կարող է գրեթէ եռապատկել նշւած բարտերով մատակարարումների ծաւալները՝ յատկապէս հաշւի առնելով Իրան-Հայաստան գազատարի ոչ ամբողջութեամբ օգտագործւող թողունակութիւնը (հզօրութիւնը՝ տարին 2.3 մլրդ. Խմ.), ներմուծւում է լաւագոյն դէպքում 400-ից մինչեւ 500 մլն. խմ.):

Լինելով Հայաստանի էներգետիկ անվտանգութեան ապահովման երաշխաւորը՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն այսօր հանդիսանում է մի շարք արտաքին դերակատարների աշխարհաքաղաքական մրցակցութեան կիզակէտը, որոնք այս կամ այն կերպ շահագրգռւած են Հարաւային Կովկասի տարածաշրջանում իրենց ազդեցութեան մեծացմամբ: Դրանցից պէտք է առանձնացնել առաջին հերթին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իսկ երկրորդական հետաքրքրւողներից ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել են տալիս Հնդկաստանը, Ֆրանսիան եւ Հարաւային Կորէան։ Սակայն այս երեք պետութիւնների մօտ կոնկրետ կոմերցիոն առաջարկների բացակայութեան պատճառով անդրադառնանք ռուսական եւ ամերիկեան առաջարկներին։

Հայկական ատոմակայանը, լինելով խորհրդային ժառանգութիւն, գերազանցապէս տեղաւորւում է քաղաքացիական միջուկային օբիեկտների կառավարման ռուսական մոդելի մէջ։ 2003-2013 թթ. կայանը գտնւել է «Ինտեր ՌԱՕ»-ի, իսկ դրան յաջորդած ժամանակահատւածում՝ ՀՀ կառավարութեան հաւատարմագրային կառավարման ներքոյ: Յատկանշական է՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացումը հնարաւոր է դարձել Մոսկւայի ֆինանսական աջակցութեան շնորհիւ. խօսքը 2015 թւականին ստորագրւած Երեւանին 270 մլն. եւ 30 մլն. դոլար դրամաշնորհային միջոցներ տրամադրելու միջկառավարական պայմանագրի մասին է։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ վարկը տրամադրւել է Երեւանի համար բաւական յարմարաւէտ պայմաններով (տարեկան 3.5%), 2020-ի ամռանը, արդէն վարչապետ Փաշինեանի օրօք, Հայաստանի կառավարութիւնը որոշում ընդունեց հրաժարւել ռուսական վարկի մնացած մասից (մօտ 107 մլն. ԱՄՆ դոլար)՝ աշխատանքներն աւարտելու համար յատկացնելով պետական վարկ: Եւ նոյնիսկ այդ դէպքում կայանում արդիականացման աշխատանքների հիմնական կապալառուն «Ռուսատոմի» դուստր ձեռնարկութիւնն էր՝ «Ռուսատոմ Սերւիսը»։ Եւս մէկ անգամ նշենք՝ իրականացւած աշխատանքների շնորհիւ ներկայումս պատրաստւում է որոշում օբիեկտի շահագործման ժամկէտը մինչեւ 2036-ը երկարաձգելու մասին: Այսօր ռուսական պետական կորպորացիան Երեւանին առաջարկում է 1200 Մվտ հզօրութեամբ միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծ՝ Լենինգրադի ԱԷԿ-ի նմանութեամբ: Դրան զուգահեռ իր առաջարկով հանդէս է գալիս նաեւ Վաշինգտոնը։ Ճիշտ է, ի տարբերութիւն Մոսկւայի, ամերիկեան տարբերակը դեռեւս քանակական չափում չունի. խօսքը միայն փոքր մոդուլային ռեակտորի կառուցման մասին է՝ առանց կոնկրետ նախագծային հզօրութեան նշման։ Սակայն կարեւոր է մէկ այլ բան. ներկայումս աշխարհում գոյութիւն ունի միայն երկու երկիր, որոնք կառուցել եւ շահագործում են մոդուլային ռեակտորներ՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ առաջին մուդուլային ռեկտորների գործարկումը սպասւում է 2030 թւականին: Այնուամենայնիւ, այս հեռանկարը նոյնպէս հարցականի տակ է՝ հաշւի առնելով արտադրութեան հաշւարկւած բարձր արժէքը:

Վաշինգտոնի առաջարկած նախագիծը բաւականին կասկածելի է թւում, իսկ եթէ իրերն իրենց անուններով կոչենք՝ վտանգաւոր։ Ռիսկը կայանում է նրանում, որ առաջարկելով Երեւանին իրագործել մոդուլային ռեակտորների կառուցման նախագիծը եւ չունենալով դրա շահագործման փորձ, Վաշինգտոնն, ըստ էութեան, Հայաստանի էներգահամակարգը դիտարկում է որպէս դրանից բխող բոլոր սպառնալիքներով փորձերի յուրատեսակ տարածք։

Այսպիսով, Հայաստանին անհրաժեշտ է աւանդական հզօրութեան ԱԷԿ՝ «խաղաղ ատոմ» զարգացնող պետութեան կարգավիճակը պահպանելու համար։ Վերջինս յատկապէս կարեւոր է թւում՝ հաշւի առնելով Անկարայի եւ Բաքւի կողմից Հայկական ԱԷԿ-ի վրայ պարբերական յարձակումները, որոնք Երեւանին մեղադրում են տարածաշրջանի համար իբր բնապահպանական ռիսկեր ստեղծող օբիեկտի շահագործման մէջ։ Եւ թէեւ նման տեղեկատւական յարձակումները հեշտութեամբ մերժւում են ինչպէս ՄԱԳԱՏԷ-ի, այնպէս էլ միջազգային փորձագիտական հանրութեան կողմից (ինչպէս ռուսական, այնպէս էլ արեւմտեան), ամէն անգամ դրանք աւելի ու աւելի բարդ բնոյթ են ստանում՝ միաժամանակ վկայելով այն մասին, վերն արդէն նշւեց, որ Հայկական ԱԷԿ-ը հանրապետութեան Ազգային անվտանգութեան առանցքային գործօններից մէկն է։

Ինչ վերաբերում է հայկական «խաղաղ ատոմի» զարգացման սցենարներին, ապա, տեսանելի է, Երեւանը պէտք է ընտրութիւն կատարի յօգուտ «Ռուսատոմի» առաջարկի, սակայն միայն այն «Հիւսիս-Հարաւ» միջազգային էլեկտրաէներգետիկական միջանցքի հետ զուգակցելու պայմանով, որին ինտեգրւելը Հայաստանին խոստանում է ինչպէս տնտեսական, այնպէս էլ երկարաժամկէտ ռազմավարական օգուտներ։

Ռուսերէնից թարգմանեց՝

ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԸ

Related Articles

Back to top button