Մուրադ Փափազեան. «Մերժում ենք ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, հանրահաւաքներ ենք կազմակերպելու»
ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը Alpha News-ի ուղիղ եթերում նշել է, որ եւրոպական 15 երկրների ներկայացուցիչների հետ կապի մէջ են, որ աշխատեն նոյն ուղղութեամբ, նոյն մեսիջով։
«Մենք կարողացանք կազմակերպել համաեւրոպական շարժում։ Եւրոպական 15 երկրներում կարողացանք կազմակերպել եւ կողք-կողքի բերել համայնքային կազմակերպութիւնները, որպէսզի բոլորը նոյն ուղղութեամբ, նոյն բանաձեւերով, նոյն մեսիջներով աշխատեն»,- ասել է Փափազեանը։
Նա յիշեցրել է, որ դեռ 2023 թւականի հոկտեմբերի 1-ին Բրիւսէլում բազմահազարանոց ցոյց է տեղի ունեցել, իսկ եւրոպական ԶԼՄ-ները արձագանգել են իրենց պահանջներին. «Սա մեծ յաջողութիւն է»,- ընդգծել է նա։
Այսպիսով, ըստ նրա՝ յունւարի 27-ին եւ 28-ին եւս տարբեր երկրներում նախատեսում են ցոյցեր անցկացնել։
«Ամբողջ Եւրոպայում պիտի տեղի ունենան հանրահաւաքներ, ցոյցեր։ Երբ մենք դիմում ենք Եւրոպայի բարձրագոյն ղեկավարութեանը, միշտ մեզ ընդունում են, մեզ լսում են։ Կարեւոր է իրենց համար լսել ուղիղ ձայնը։ Երբ Նիկոլ Փաշինեանը ինքը ընդունել է, որ Արցախը մասն է Ադրբեջանի, Եւրոմիութեան ղեկավարութիւնը պէտք է իմանայ, որ Սփիւռքը, ինչպէս նաեւ Հայաստանի ժողովրդի մեծ մասը համաձայն չէ Նիկոլ Փաշինեանի դիրքորոշման հետ եւ մերժում ենք ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում։
Արցախը հազարամեակներ շարունակ հայկական հող է եղել, այն պատկանել է հայերին, եւ այսօր ընդունել, որ Ադրբեջանի մաս է կազմում, լուրջ պատասխանատւութիւն է, եւ այդ որոշումը կը դատապարտւի պատմութեան առջեւ», – եզրափակել է Մուրադ Փափազեանը: