Խնդիր է դրւած մինչեւ մարտի 31-ն ազատւել Վեհափառից
Վեհափառի դէմ շարժումները հովանաւորում է ՀՀ իշխանութեան բարձրագոյն էշելոնը
Նախորդ տարւայ դեկտեմբերի 31-ին Վեհափառ Հայրապետի Ամանորեայ ուղերձը Հանրային հեռուստաընկերութեամբ իր սովորական ժամին՝ 23:45-ին, չհեռարձակելը, պարզւում է, իշխանութիւնների կողմից նորից թափ հաւաքող հակաեկեղեցական ու անձամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի դէմ տարւող նոր արշաւի մեկնակէտն էր:
Յունւարի 5-ին եւս մէկ փորձ կատարւեց Սուրբ Ծննդեան պատարագը Նիկոլ Փաշինեանի աջակիցների կողմից փչացնելու, սակայն Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդների ահռելի քանակը Սուրբ Գայիանէ վանքի բակում նրանց ստիպեց սուսուփուս յետ քաշւել:
Սակայն հակաեկեղեցական շարժման հովանաւորները չեն նահանջում: Հիմա էլ սոցիալական ցանցերում ինչ-որ «Վարդանանք» շարժում յայտարարում է, որ փետրւարի 10-ից Վեհարանի բակում նստացոյց են անելու՝ Գարեգին 2-րդ Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով: Ակտիւացրել են իրենց բոլոր քարոզիչներին՝ հնարաւորինս մեծ մոբիլիզացիա յաջողացնելու համար:
168.am-ի տեղեկութիւններով՝ խնդիր է դրւած մինչեւ մարտի 31-ը՝ Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը, գահընկեց անել Ամենայն Հայոց կաթողիկոսին ու նրա փոխարէն կաթողիկոսական գահին բազմեցնել իւրային մէկին, ում խօսոյթում Արցախի ու ազգային զարթօնքի, միաբանութեան ու համախմբման մասին յիշատակում առհասարակ երբեւէ չի լինի:
Այն, որ Վեհափառ Հայրապետի դէմ շարժումները հովանաւորւում են ՀՀ իշխանութեան բարձրագոյն էշելոնը ներկայացնող անձանց կողմից, որեւէ կասկած չի յարուցում, սակայն կան կոնկրետ ՔՊ-ական պատգամաւորներ, ովքեր անձամբ են կուրացիա անում վերոնշեալ «Վարդանանք» շարժումն ու պլանաւորում անելիքները: Առաջիկայում կը հրապարակենք նրանց անունները եւս:
Թէ ի՞նչ են խոստացել այս շարժման առաջնորդներին, կը հասկանանք յաջորդիւ, որովհետեւ իշխանափոխութիւնից անմիջապէս յետոյ՝ 2018 թւականին ձեւաւորւած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդը, օրինակ, ճիշտ է, թէպէտ յաջողութիւն չգրանցեց, բայց ամէն դէպքում Վեհարանն ապականելու, Գարեգին Վեհափառ Հայրապետի ճանապարհը կազմակերպւած ձեւով կտրելու, Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հետեւորդների հետ բախումներ հրահրելու ու հակաեկեղեցական այլ քայլեր գլուխ բերելու համար շռայլօրէն պարգեւատրւեց՝ նշանակւելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գիւմրու մասնաճիւղի տնօրէն:
Բնականաբար, ՀԱԵ հետեւորդները Մայր եկեղեցուն միայնակ չեն թողնի, ու շատ հնարաւոր են նոր բախումներ: Չի՞ գիտակցում սա իշխանութիւնը, իհարկէ գիտակցում է ու տէր է դրան: Ամէն ինչի վրայով անցնող, հազարաւոր երիտասարդներ զոհած, երկրի տարածքները թուրքին յանձնած, Արցախը դաւաճանած, առհասարակ կարմիր գծեր չունեցող այս իշխանութեան ու նրա առաջնորդի համար դա խնդիր չէ:
Մնում է հասկանալ՝ որքանո՞վ է պատրաստ հաւատաւոր հօտը տէր կանգնել իր եկեղեցուն ու իր եկեղեցու առաջնորդին, գիտակցո՞ւմ ենք արդեօք մենք, որ ազգային վերջին հիմնասիւնը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու նրա առաջնորդին հարւածի տակ դնել թոյլ տալով՝ մենք մեր սեփական ձեռքերով խփում ենք մեր պետութեան ու ժողովրդի դագաղի վերջին մեխը:
Կը գիտակցե՞ն սա արդեօք ՀԱԵ սպասաւորները՝ քահանայից մինչեւ արքեպիսկոպոս… կը գիտակցենք, կը հասկանանք՝ կը լինի փրկութեան յոյս: