Հայաստան - Արցախ

Ձիւնիկ Աղաջանեան. «Մինչեւ այս իշխանութեան աթոռին բազմելը երբեք ՀՀ տարածքային ամբողջականութիւնը հարցականի տակ չի եղել»

Ես ուզում եմ յիշեցնել, որ մինչեւ այս իշխանութեան աթոռին բազմելը երբեք ՀՀ տարածքային ամբողջականութիւնը հարցականի տակ չի եղել, դա անգամ քննարկման առարկայ չի եղել: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ Հայաստանի շուրջ կայ միջազգային կոնսոլիդացիա ՀՀ տարածքային ամբողջականութեան ճանաչման վերաբերեալ:

«Այսինքն այն հարցը, որ դա դարձել է անգամ ինչ-որ արծարծման խնդիր, դա այս իշխանութիւնների «ձեռքբերումն» է եւ դա մեր կորուստների, անիմաստ զոհաբերումների արդիւնքն է, որն ընդհանրապէս քայքայել է մեր ամբողջ անվտանգային համակարգը եւ Հայաստանի տարածքները դրել կենդանի սպառնալիքի տակ: Եւ այստեղ լինի արեւմտեան ընկալում, կամ ոչ արեւմտեան ընկալում, թէեւ ես վստահ եմ, որ «միջազգային հանրութիւն» ասելով այս իշխանութիւնը բացառապէս նկատի ունի Արեւմուտքը, սակայն այդ խոստումները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն հասել իրենց նպատակներին»,- ասաց նա:

Ձիւնիկ Աղաջանեանի խօսքով՝ ցանկացած պետութիւն ինքն է իր տարածքային ամբողջականութեան երաշխաւորը, ոչ թէ ինչ-որ արեւմտեան ընկալումներ, ինչ-որ կոնսոլիդացիաներ կամ ինչ-որ միջազգային հանրութիւն:

«Միջազգային հանրութիւնը դատում է այնքանով, ինչքանով դու ինքդ քեզ պաշտպանում ես եւ ինքդ ես քո շահերն առաջ մղում եւ այդ շահերին հասնելու համար միջազգային իրաւունքի նորմերից բխող քո բոլոր շահերն ու իրաւունքները պաշտպանում՝ համապատասխան գործիքակազմերը օգտագործելով, ոչ թէ դրանք տապալում ու զոհաբերում, խեղաթիւրում անգամ բանակցային փաթեթները եւ միջազգային պայմանագրերը, այդ թւում Ալմա Աթայի հռչակագիր կոչեցեալը, որը բացարձակապէս չի ասում այն, ինչը փորձում են մատուցել եւ ներարկել մեր հանրութեան գլուխների մէջ:

Այս պարագայում միջազգային հանրութիւն կոչւածն ուղղակի նայում է, դիտարկում է եւ եթէ դու պատրաստ ես քեզ, քո ժողովրդին, քո հայրենիքը զոհաբերել, ոտնատակ տալ այլ երկրների շահերը սպասարկելու համար, այդ միջազգային հանրութիւնը երբեք «ոչ» չի ասի»,- ընդգծեց դեսպանը:

Related Articles

Back to top button