Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արտակ Զաքարեան. «Եթէ Փաշինեանը վերընտրւեց, Հայաստանի ապագայի հարցերը լուծւելու են Բաքւում կամ Անկարայում»

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը գրել է.

«Հակիրճ այն մասին, թէ ինչպէ՞ս են գործում Ալիեւն ու Փաշինեանը:

2018 թ.-ից, զաւթելով իշխանութիւնը, Փաշինեանը՝ իբրեւ թէ ինքնիշխանութեան «վերականգնման» անւան տակ, աստիճանաբար սկսեց վատացնել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Դա երեւում էր Արցախի հարցից, ԵԱՀԿ Մինսկի խմբում վարած բանակցութիւններից եւ արւած յայտարարութիւններից: Դա երեւում էր ՀԱՊԿ-ի հարցում պաշտօնական Երեւանի դիրքորոշումներից, գ-լ/գ-տ Իւրի Խաչատուրովի հետ կապւած վերաբերմունքից, դա երեւում էր ի հաշիւ Ռուսաստանի՝ Արեւմուտքի հետ յարաբերութիւնների կառուցման փորձերից, դա երեւում էր ՌԴ նախագահի ընդունելութեան արարողակարգերից եւ այլ գործընթացներից:

Այդ ընթացքում Ալիեւն ակտիւօրէն զարգացնում ու ջերմացնում էր Բաքւի ու Մոսկւայի կապերը՝ կուլիսներում աւելի սրելով Երեւանի ու Մոսկւայի յարաբերութիւնները:

Արդիւնքում Ալիեւը «քարտ բլանշ» ստացաւ՝ Թուրքիայի, Պակիստանի, Ուկրաինայի, Իսրայէլի եւ այլ երկրների «աջակցութեամբ» յարձակւելով ու օկուպացնելով Արցախի զգալի մասը:

Արեւմուտքը մեզ որեւէ աջակցութիւն չկարողացաւ կամ չցանկացաւ ցուցաբերել: Իսկ Մոսկւան ընդամէնը զբաղւած էր պատերազմը կանգնեցնելու փորձերով (հոկտեմբերի 5, 9-10, 19, նոյեմբերի 8):

Նոյն պարտիան տեղի ունեցաւ 2022-23 թթ., երբ Երեւանն առանց հիմնաւոր պատճաների, դէպի Արեւմուտք թեքւելու փորձեր անելով՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարւեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքից, հրաժարւեց ԵԱՀԿ Մինսկի Խմբից, հրաժարւեց Արցախից, հրաժարւեց ռուսական խաղաղարար առաքելութիւնից եւ իրաւունք տւեց Ալիեւին անկաշկանդ գործել ընդդեմ Արցախի եւ արցախահայութեան: Ալիեւին, նման «նւէր» նոյնիսկ Էրդողանը չէր կարող տալ:

Կրկին զարգացնելով յարաբերութիւնները Մոսկւայի հետ, օգտւելով հայ-ռուսական վատացող յարաբերութիւններից՝ Ալիեւը նախ բլոկադայի ենթարկեց, ապա ռազմական նոր ագրեսիայի միջոցով ամբողջովին հայաթափեց Արցախը: Արեւմուտքը կրկին ոչնչով չօգնեց Արցախին ու Հայաստանին: Իսկ ռուսական խաղաղարարներն դարձան արցախահայութեան բռնի տեղահանման լուռ վկաները:

Արցախի օկուպացիայից յետոյ, Ալիեւն ու Փաշինեանն անցան յաջորդ պարտիային՝ Սիւնիքին («Զանգեզուրի միանցք»), եւ ԹՐԻՓ-ի գաղափարը նրանց տարաւ Վաշինգտոն: Զուգահեաբար, օգտւելով հայ-ռուսական աւելի վատացող յարաբերութիւններից, իր հակառուսական օրակարգերով ու էներգետիկ շահերով, ԵՄ-ն շտապում է տեղաւորւել Հարաւային Կովկասում:

Կարծում էք ԵՄ-ի գալուց շահելու է Հայաստանի Հանրապետութի՞ւնը: Իհարկէ ո՛չ: Նորից շահելու է Ադրբեջանը: Հայ-ռուսական յարաբերութիւնների վատացման ֆոնի վրայ, Ալիեւը կրկին սերտացնում է յարաբերութիւնները Ռուսաստանի հետ՝ յոյս ունենալով իր վրայ վերցնել այն ֆունկցիաները, որոնք դեռ ունի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում (այդ թւում նաեւ Արեւմուտքի դաբրոյով): Ալիեւը յոյս ունի նաեւ, սահմանազատման անւան տակ արմատաւորւել Հայաստանում, ՀՀ-ում բնակեցնել ադրբեջանցիերի որոշ զանգւած, խաղաղութեան անւան տակ լիովին խարխլել ՀՀ անվտանգութիւնը, թուլացնելով տնտեսութիւնը՝ մեծ թափ հաղորդել արտագաղթին, տարբեր պատրւակներով քանդել ազգային կուսակցութիւնները, ազգային եկեղեցին ու ազգային օրակարգերը (անգիտակից մարդկանց մի մասը դա կողջունի) եւ այլն:

Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն օդ ու ջրի պէս պէտք է Իլհամ Ալիեւին՝ հակառուսական (պրօթուրքական) վերջին պարտիան՝ Հայաստանի շահերի հաշւին խաղարկելու համար: Արեւմուտքը դէմ չի, որովհետեւ իր համար միեւնոյն է, Հարաւային Կովկասում գործ կունենայ Բաքւի՞ հետ, թէ՞ Երեւանի հետ: Կարեւորն իրենց շահերն են: Նոյն կերպ են մտածում նաեւ ՌԴ-ում:

Եթէ յունիսի 7-ին, ՔՊ-ն պարտւի եւ Հայաստանում իշխանութիւն փոխւի՝ ապա ե՛ւ Մոսկւան, ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Պեկինը, ե՛ւ Բրիւսէլն այլեւս չեն կարող անտեսել հայկական շահերը, եւ կը սկսեն լրջօրէն վերաբերւել հայ ժողովրդի դերակատարմանը:

Իսկ, եթէ Նիկոլ Փաշինեանը վերընտրւեց՝ համարէք, որ Հայաստանի ապագայի հետ կապւած հարցերը քննարկւելու եւ լուծւելու են Բաքւում կամ Անկարայում: Դրա նախադրեալները ստեղծել է ՔՊ կառավարութիւնը՝ նախորդ տարիների ընթացքում»:

Related Articles

Back to top button