Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Դանիէլեան. «Յունիսի 7-ի ընտրութիւնները Սիւնիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է»

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը գրել է.

«Ադրբեջանը կարողանում է մտածւած ու բազմաքայլ քաղաքականութիւն վարել, որը հնարաւոր չէր լինի առանց Հայաստանում ներդրւած գործող իշխանութեան:

2020 թւականին Բաքուն կարողացաւ ցոյց տալ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ Հայաստանի գործող իշխանութիւնը դեստրուկտիւ է եւ իրավիճակը կարելի է փոխել պատերազմի միջոցով: Դա նրան յաջողւեց: Պատերազմի թոյլտւութիւնը ստացւեց:

Յաջորդ փուլում, Մահաբերը հրաժարւեց կատարել Նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդը կէտը, որի արդիւնքում հայաթափւեց Արցախը:

Հիմա նորից վտանգաւոր իրավիճակ է ստեղծւել: Ադրբեջանին պէտք է ստանալ գերտէրութիւնների համաձայնութիւնը Սիւնիքն իր վերահսկողութեան տակ վերցնելու համար: Սինիքի միակ աշխարհաքաղաքական նշանակութիւնը կոմունիկացիոն հնարաւորութիւններն են:

Ադրբեջանի նպատակն է Ռուսաստանին ու Իրանին թոյլ տալ ցամաքային կոմունիկացիա ստանալ իր տարածքով՝ այսպէս կոչւած հիւսիս-հարաւ ճանապարհը, որն այդ երկրների համար ստրատեգիական նշանակութիւն ունի, դիմացն իր վերահսկողութեան տակ վերցնել Սիւնիքով անցնող արեւելք-արեւմուտք ճանապարհը, որը նոյնպէս ստրատեգիական նշանակութիւն ունի Արեւմուտքի՝ առաջին հերթին ԵՄ-ի համար:

Պատահական չի, որ Ռուսաստանն ու Իրանը նորից են սկսել բանակցել Ադրբեջանի հետ հիւսիս-հարաւ ճանապարհի վերագործարկման հարցով: Քաղաքականութեան իմաստն այլ երկրների համար օգտակար եւ անհրաժեշտ լինելն է, չյանձնելով սեփական դիրքերը: Հայաստանի գործող իշխանութեան քաղաքականութիւնն է դառնալ խոչընդոտ միւսների համար, միաժամանակ յանձնելով սեփական դիրքերը:

Սիւնքին իր վերահսկողութեան տակ վերցնելու համար Ադրբեջանին պէտք է, որ Հայաստանը վատթարացնի յարաբերութիւնները Ռուսաստանի ու Իրանի հետ, հերթական անգամ դառնալով դեստրուկտիւ՝ ապակառուցողական երկիր, ում հետ հնարաւոր չէ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել, որի արդիւնքում Հայաստանը դուրս թողնել ԵԱՏՄ-ից, ԵՄ-ի հետ պատրանքային ինտեգրւելով, ինչը հնարաւորութիւն կը տայ այդ ծրագիրը իրականացնել: Այսինքն, Հայաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակութիւնը, դառնալով բոլորի համար խոչընդոտող գործօն:

Գործող իշխանութիւնն, իր մասով, Ադրբեջանի նպատակների համար բոլոր անհրաժեշտ քայլերը կատարում է:

Յունիսի 7-ի ընտրութիւնները ոչ թէ Հայաստանում իշխանութիւն ձեւաւորելու մասին է, այլ Սիւնիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան»:

Related Articles

Back to top button