ՍփիւռքՔաղաքական

Մեր մտավախութիւնն այն է, որ այս պատերազմը կը տարածւի ամբողջ տարածաշրջանում

Իսրայէլի կողմից Լիբանանի տարածքի ռմբակոծութեան ձայներն ամենուր են: Լիբանանում պատերազմական իրավիճակ է։ Այս մասին «Հետք»-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, այդ երկրի խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունին։

Այն բանից յետոյ, երբ 2023 թ․ աշնանը Իսրայէլը, ի պատասխան «ՀԱՄԱՍ» խմբաւորման յարձակման, ռազմական գործողութիւն սկսեց Գազայի հատւածում, իրավիճակը լարւեց նաեւ Իսրայէլ-Լիբանան սահմանին: Հրթիռակոծութեան եւ ռմբակոծութեան թիրախում սկսեցին յայտնւել ոչ միայն Լիբանանի սահմանային գիւղերը, այլեւ սահմանից հեռու գտնւող շրջանները։

Հարցազրոյցից կէս ժամ առաջ, Իսրայէլը ռմբակոծել էր Բէյրութի հարաւային ու արեւելեան արւարձանները։ Մարդիկ մշտական անհանգստութեան մէջ են:

Յակոբ Բագրատունու փոխանցմամբ՝ Իսրայէլը ռմբակոծում է Լիբանանի հետ սահմանից մինչեւ Բէյրութի հարաւային արւարձաններ ընկած տարածքները, անգամ՝ մայրաքաղաքի սիրտը համարւող շրջանները, Բեքաայի եւ Բաալբեկի նահանգները։ Դրա հետեւանքով շուրջ 1 միլիոն մարդ թիրախաւորւած բնակավայրերից տեղափոխւել է քիչ վտանգաւոր շրջաններ։ Ըստ հայ պատգամաւորի՝ այսօր Լիբանանում չկայ լիովին ապահով տարածք։

Բագրատունին նշում է, որ չնայած Իսրայէլը յայտարարում է, թէ իբր իր թիրախում ռազմական օբիեկտներն են, իրականութիւնն այլ է։ «Իրականութիւնն այն է, որ ամբողջական պատերազմ է՝ քանդել այն, ինչը որ կանգուն է, ու առաւելուգոյն չափով ներքին անհաւասարակշռութիւն ստեղծել Լիբանանում»,- նկատում է հայ պատգամաւորը։

«Հետք»-ի զրուցակիցն ասում է, որ Իսրայէլը կիրառում է ամենատարբեր տեսակի զէնքեր՝ ԱԹՍ-ներ, F-35 օդանաւեր, ռազմանաւեր եւ հրթիռներ: Հոկտեմբերի 2-ին, օրինակ, իսրայէլական բանակը սահմանային ներթափանցման փորձ է կատարել, բայց, ըստ Բագրատունու, մեծ վնասներով յետ է քաշւել՝ տալով մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Իսկ կէսգիշերից սկսած ռազմանաւերից հարւածներ են հասցւել Բէյրութի հարաւային արւարձաններին։

«Իսրայէլի համար պատրւակը կարեւոր չէ, որեւէ ձեւով կարող է պատրւակ գտնել։ Նոյնիսկ թիրախաւորել էին Բէյրութից հեռու ընկած քրիստոնեայ գիւղեր, որտեղ իբր գտնւում էր «Հեզբօլլահ»-ի ղեկավարներից մէկի ընտանիքը»,- ասում է Յակոբ Բագրատունին ու յաւելում, որ միջազգային հանրութեան կողմից չկան նշանակալից նախաձեռնութիւններ, միայն քաղաքական յայտարարութիւններ են։ «Իսրայէլն ամենաթողութեան վիճակի մէջ է։ Իսրայէլի կատարածին թէ՛ ԱՄՆ-ն, թէ՛ արեւմտեան աշխարհը ոչ միայն ըմբռնումով են մօտենում, այլեւ իրաւունք են տալիս՝ ասելով, թէ նրա արածն ինքնապաշպանութիւն է,- նկատում է հայ պատգամաւորը, ապա աւելացնում,- մեր մտավախութիւնն այն է, որ այս պատերազմը կը տարածւի ամբողջ տարածաշրջանում»։

Յակոբ Բագրատունու փոխանցմամբ՝ Լիբանանի հայկական շրջաններն առանձնապէս թիրախաւորւած չեն, մարդկային կորուստներ չկան: «Բայց, ի վերջ, մենք էլ ենք Լիբանանի մէջ, ու երբ ռմբակոծում են Բէյրութի հարաւային կամ այլ շրջանները, հայաբնակ շրջանները դղրդում են»,- ասում է նա։ Ներքին տեղահանւածների հոսք կայ նաեւ դէպի Այնճար հայաբնակ քաղաք, որտեղ հայերը անհրաժեշտ օգնութիւն են ցուցաբերել մարդկանց։

Ըստ մեր զրուցակցի՝ բարեգործական օգնութիւն տրամադրելու վերաբերեալ ժողով է եղել հոկտեմբերի 2-ին, եւ դեղատներին կոչ են արել օգնել Բուրջ Համուդում ապաստանած մարդկանց։ Ամսի 2-ին ժողով են արել նաեւ Լիբանանում գործող քաղաքական կուսակցութիւնները. օրակարգային հարցն էր, թէ ինչ կարող են անել իրենք նման արտակարգ իրավիճակներում։

«Սա առաջին հերթին մարդասիրական խնդիր է. այն, ինչ տեսնում էք Գազայում, դրա մի տարբերակն էլ Լիբանանի մէջ է այսօր»,- ասում է հայ քաղաքական գործիչը:

Տնտեսապէս առանց այդ էլ վատ վիճակում գտնւող եւ թուլացած Լիբանանում պատերազմի ներկայ ալիքը տնտեսական նոր մարտահրաւէրներ է բերում։ «Անցնող տարիներին տնտեսապէս շատ վատ կացութեան մէջ էինք։ Այսօր, երբ 1 միլիոն գաղթական է տեղափոխւել, Լիբանանի ենթակառուցւածքները պատրատ չեն նման իրավիճակին դիմակայելու: Մարդկանց բիզնեսներն են քանդւել, առօրեայ առեւտուրն է նւազել, գներն են բարձրացել։ Չմոռանանք, որ չարաշահումներն ու կոռուպցիան իրենց դերն են խաղում այս կացութեան սաստկացման մէջ»,- ասում է մեր զրուցակիցը։

Նրա փոխանցմամբ՝ գրեթէ ամէն օր կապի մէջ են Լիբանանում ՀՀ դեսպանատան հետ։ Խօսակցութիւններ կային ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տարհանման մասին, բայց նման որոշում առայժմ չկայ։ «Անհանգստութիւն կայ, թէ վերջն ինչ է լինելու, սակայն երկրից դուրս գալու տրամադրութիւնները զգալի չեն»,- նշում է պատգամաւորը։

Բագրատունու խօսքով՝ Լիբանանից հայերի դուրս գալու դէպքում միակ ուղղութիւնը պէտք է լինի Հայաստանը, իսկ ՀՀ իշխանութիւններից էլ ակնկալիքն այն է, որ համապատասխան ձեւով ընդունեն հայրենակիցներին ու նրանց համար ստեղծեն արժանապատիւ պայմաններ, որպէսզի այդ մարդիկ հայրենիքի մէջ իրենց գաղթական չզգան։

Related Articles

Back to top button