Հայաստանի գլխին սեւ ամպեր են կուտակւած. խնդրագրով գնացել են ԱՊՀ
Տեւական ժամանակ ռուսական հարթակները բոյկոտելուց եւ բարձր մակարդակի հանդիպումների չմասնակցելուց յետոյ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանն հոկտեմբերի 7-ին, Վլադիմիր Պուտինի ծննդեան օրն աշխատանքային այցով գտնւում է Մոսկւայում։
Միրզոյեանը Մոսկւայում մասնակցել է ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Նշենք, որ Մոսկւայում է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը, բայց, ինչպէս յայտնում են ՀՀ ԱԳՆ–ից, Մոսկւայում Միրզոյեան–Բայրամով հանդիպում նախատեսւած չէ։
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյեանի այցը Մոսկւա պայմանաւորեց Արեւմուտքից չստացած երաշխիքներով, ինչը, ըստ պատգամաւորի, ՔՊ-ական իշխանութեանը դրդել է երաշխիքներ փնտրել աւելի մօտ տարածքում։
«Իրենք հասկանում են, որ Հայաստանի գլխին սեւ ամպեր են կուտակւած, եւ որքան էլ Հայաստանի այս իշխանութիւնը խօսում է է՛լ աւելի զիջումներ անելու պատրաստակամութեան մասին, միեւնոյն է՝ Ալիեւի պահանջները դրանից չեն պակասում։ Պատահական չէ, որ միայն վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարը խօսել է հերթական երկու նոր պահանջի մասին։ Այս պարագայում է, որ այս իշխանութիւնները հասկանում են՝ Արեւմուտքը հեռու է, մօտ են ԱՊՀ-ն, Իրանը։ Հիմա փորձում են խնդրագրով դիմել ԱՊՀ-ին… Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի ոչնչացման պահանջ են ներկայացրել, եւ դա՝ անկախ այս իշխանութեան բղաւոցներից, թէ, իբր, երբեք Հայաստանն այսքան ինքնիշխան չի եղել»,- ասաց Արթուր Խաչատրեանը։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինեանի վարած քաղաքականութիւնը Հայաստանն անդունդի եզրին է հասցրել, որովհետեւ, ըստ այս իշխանութեան, Արցախի յանձնումից յետոյ պէտք է աւարտւէր Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ պատերազմի սպառնալիքը, սակայն դա տեղի չունեցաւ։
«Հետեւապէս, ես ասեմ՝ այս իշխանութիւնը Հայաստանը կանգնեցրել է կրակի մէջ, դուք աւելի վատ բան հասկացէք»,- ասաց Խաչատրեանը՝ ընդգծելով՝ Ալիեւին հաճոյանալու համար Փաշինեանը հայ ժողովրդի թիկունքում դաւեր է նիւթում՝ ունենալով նաեւ նորից իր իշխանութիւնը վերարտադրելու նպատակ։
«Ինքը դաւեր է նիւթում. իրեն պէտք է մի թղթի կտոր, որ վերարտադրւի, գնայ քարոզարշաւի եւ ասի՝ ժողովո՛ւրդ, թղթի կտոր եմ բերել։ Մի մոռացէք, որ այն տարածաշրջանում, որը Փաշինեանը փոքրացրել էր՝ տարածքներ յանձնելով Ալիեւին, այդ նոյն Փաշինեանն ընտրութիւններին ձայներ է ստացել»,- խօսքը եզրափակեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը։