ՄիջազգայինՔաղաքական

Irdiplomacy. Բարձր է Մերձաւոր Արեւելքում աւելի մեծ լարում մտցնելու սցենարի հաւանականութիւնը

«ԱԼԻՔ» – Երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Բաքւում վայրէջք է կատարել իսրայէլական զէնքի հերթական խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը։

Տարբեր աղբիւրների վկայութեամբ, նոյեմբեր ամսւայ ընթացքում սա Իսրայէլից զէնք տեղափոխող հինգերորդ գրանցւած չւերթն է։

Իրանական փորձագիտական շրջանակների կարծիքով՝ Բաքուն շարունակում է իր հասարակութեանը նախապատրաստել պատերազմի համար: «Երեւանը պէտք է զգուշանայ, որ իր «Խաղաղութեան խաչմերուկ»-ում վրաերթի չենթարկւի»,- գրում են օգտատէրերը «X»-ում եւ յաւելում, որ այժմ դժւար չէ կռահել, թէ այս իրավիճակում առաջինն անցում կատարելու առաւելութիւնը ումն է լինելու:

Սոցցանցային սրամտութիւնների լուսանցքում օգտատէրերը նկատել են տալիս նաեւ Իսրայէլի եւ Իրանի վարած հիբրիդային հնարքների մասին: Թերեւս աննկատ չես անցնի այն գրառումներից, որոնք ակնարկում են Եմէնի «Անսարօլլահ»-ի գործողութեան եւ Բաքուն զինելու Իսրայէլի որոշման միջեւ եղած կապը: Յիշեցնենք, որ կիրակի կէսօրին Կարմիր ծովում Իսրայէլին վերագրւած նաւ է զաւթւել եւ տեղափոխւել հուսիների հսկողութեան տակ գտնւող նաւահանգիստ:

Նոյն կապակցութեամբ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի գրասենեակն այս միջադէպը (նաւը կանգնեցնելը) վերագրել է Իրանին: Նպատակը պարզ է, նման յայտարարութիւնների ստւերում՝ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային հաւասարումներում Իրանին չզիջելու առիթներ ստեղծել իր համար:

Առաւել ուշագրաւ են զաւթւած նաւաբեռի մասին կատարւած հրապարակումները: Եմէնի բանակը նաւից բեռնաթափել է շուրջ 5 հազար էլեկտրական աւտոմեքենայ: Քանի որ այս նաւը պատկանում է սիոնիստներին, եւ եմէնցիները նոյնպէս պատերազմ են յայտարարել այս ռեժիմին, նրանք տասնեակ միլիոնների հասնող արժողութեամբ պատերազմական աւարը տեղափոխել են ափ, որպէսզի Եմէնի ժողովուրդը եւս անմասն չմնայ վարած պատերազմի արդիւնքներից:

Նոյն կապակցութեամբ Reuters-ը տեղեկացրել է, որ միեւնոյն սիոնիստ գործարարին պատկանող եւս երկու նաւ, որոնք նաւարկում էին Բահամեան կղզիների դրօշի ներքոյ, տեսնելով առաջինի ճակատագիրը, ուղղութիւնը շրջել են դէպի Կարմիր ծովի հիւսիս։ «Պաղեստինի ժողովրդի ջարդին մասնակցելու համար կալանաւորւելու վախը սարսափեցրել է բոլորին»,- գրում են օգտատէրերը։

Irdiplomacy-ին նաւի զաւթման հետեւանքների մասին հրապարակած յօդւածում նշել է, որ Al-Mayadeen-ի աղբիւրները յայտնել են, որ նաւի սեփականատէրը Ռամի Օնգեր անունով իսրայէլցի գործարարն է: Մինչդեռ իսրայէլական բանակի խօսնակն ի պատասխան կիրակի կէսօրին Galaxy Leader նաւի զաւթման մասին լուրերին, հերքել է, որ նաւը իսրայէլական է եւ դիտարկել, որ հուսիների կողմից բեռնակիր նաւի գրաւումը համաշխարհային մակարդակով վտնագաւոր նախադէպ է: Նա պնդել է, որ այս նաւը Թուրքիայից էր մեկնել Հնդկաստան՝ միջազգային քաղաքացիական անձնակազմով, եւ որ իսրայէլցիներ չկան նաւի վրայ, եւ այդ նաւն ընդհանրապէս Իսրայէլի հետ առնչութիւն չունի:

Պատերազմի հաւասարումները եմէնցիների մուտքից յետոյ

Irdiplomacy-ին Աբդօլլռահման Ֆաթօլլահի գրչին պատկանող յօդւածում յաւելել է, որ հաւասարումների առումով յստակ փոփոխութիւն է կրել իրավիճակը, յատկապէս, երբ Եմէնի «Անսարօլլահ»-ը լրջօրէն մտաւ ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայէլի միջեւ պատերազմի մէջ՝ գրաւելով նաւը Կարմիր ծովում: Թէեւ լրատւամիջոցներով իրարամերժ ու հակասող պատմութիւններ են ներկայացւող Galaxy Leader-ի սեփականատիրոջ վերաբերեալ, այնուամենայնիւ, այս հարցը չի նւազեցնում եմէնցիների գործողութիւնների կարեւորութիւնը: «Տարածաշրջանի հարցերով աւագ փորձագէտ Ասղար Զերաիի կարծիքով՝ «Անսարօլլահ»-ը ցոյց տւեց, որ Իսրայէլի վրայ ուղիղ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով յարձակմանը նախապատրաստւելուն մէկտեղ կը կարողանայ նոյնիսկ փոխել Բաբ ալ-Մանդեբ նեղուցի եւ Կարմիր ծովի հաւասարումները»,- մէջբերել է յօդւածագիրը:

Արտաքին քաղաքականութեան ոլորտի մեկնաբանը «Շարղ»-ի հետ զրոյցում յիշեցնում է նաեւ, որ «այժմ տարածաշրջանային խմբերի կշռման պայմաններում Եմէնի «Անսարօլլահ»-ը աւելի բարձր քաշային կարգերում է, քան սիրիական, իրաքեան եւ նոյնիսկ լիբանանեան «Հեզբօլլահ»-ը: «Թէեւ Լիբանանի «Հեզբօլլահ»-ը այժմ ուղիղ հակամարտութեան մէջ է Իսրայէլի հետ, սակայն երբեք նման քայլ չի արել, ինչ հուսիներն արեցին՝ գրաւելով իսրայէլական նաւը»,- արձանագրել է թերթը:

Նասեր Թաղաւին մէկ այլ փորձագէտ է, ով «Շարղ»-ին տւած հարցազրոյցում ընդգծել է, որ այժմ կարեւոր չէ Իսրայէլի, Ճապոնիայի, կամ որեւէ այլ երկրի սեփականութիւնը յայտարարւած նաւի դրօշը, այլ գործողութեան ծաւալներն ու չափն է, որ կարեւոր է: Այս գործողութեան հետեւանքները կարող են որոշիչ դեր խաղալ տարածաշրջանային հաւասարումների առումով»: Թաղաւիի գնահատմամբ՝ Բաբ ալ-Մանդաբ նեղուցում եւ Կարմիր ծովում «Անսարօլլահ»-ի այսօրինակ գործողութիւնների կրկնութեան հնարաւորութիւնը մնում է ուժի մէջ, քանի որ «Անսարօլլահ»-ը վերջին ամսւայ ընթացքում ցոյց է տւել, որ կարեւորութիւն չի տալիս զգուշացումներին ու իր գործողութիւնների հետւանքների մասին սպառնալիքներին: «Այն ամերիկեան եւ իսրայէլական ուժերի վրայ ուղիղ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով գործողութիւն է իրականացնում: Մերձաւոր Արեւելքում աւելի մեծ լարում մտցնելու սցենարի հաւանականութիւնը բարձր է»:

Related Articles

Back to top button