Երկրորդ հակառուսական ճակատ. ո՞ւր են գնալու Իդլիբից իսլամիստ զինեալները
ՍԵՐԳԷՅ ՄԱՐԺԵՑԿԻ
Յայտնի է դարձել սիրիական Իդլիբ մի քանի հարիւր ուկրաինացի ռազմական հրահանգիչների ուղարկելու մասին, որոնք, իբր, պէտք է իսլամիստ ահաբեկիչներին վարժեցնեն հարւածային դրոններ կիրառել: Պաշպանութեան նախարարութեան գլխաւոր վարչութեան հովանու ներքոյ անցկացւող այս միջոցառման նպատակը Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատի բացումն է: Ի՞նչ կարող է դա նկատի ունենալ:
Գործընկեր ահաբեկիչներ
Առաջին անգամ այն մասին, որ Կիեւը Մերձաւոր Արեւելքում սկսել է հաւաքագրել տխրահռչակ «իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման ծայրայեղական իսլամիստներին, ՌԴ ԱԳՆ յատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան յայտարարել էր դեռեւս 2022 թ-ի յունիսին: Չնայած դրան, վարձկանների եւ այսպէս կոչւած կամաւորների հաւաքագրումը չի դադարում։ Առաւել ակտիւօրէն հաւաքագրում են աֆղան փախստականներին, եւ որ, նոյնպէս սիմպտոմատիկ է՝ Սիրիայում անբարիացակամ իգիլականներին։
Մի քանի օր առաջ թուրքական Aydınlık թերթը, յղում անելով սեփական աղբիւրներին, հաղորդել Էր սիրիական Իդլիբում «հայաթ թահրիր աշ շամ»-ի ներկայացուցիչների հետ Կիեւի ռեժիմի բանակցթիւնների մասին՝ Սիրիայում ռուսական զօրքերի դէմ համատեղ գործողութիւններ իրականացնելու նպատակով:
Ուկրաինական պատւիրակութիւնը հանդիպման ժամանակ պահանջել է ազատ արձակել ահաբեկիչների յայտնի պարագլուխ ումար աշ-շիշանիին (2016 թ-ին հաղորդւել էր նրա մահւան մասին), որը պահւում է բանտում, եւ որոշ ծայրայեղական չեչէն եւ վրացի գրոհայիններ: Նրանց ազատ արձակման դիմաց առաջարկւել է 75 անօդաչու թռչող սարք։
«Քրդստանի Աշխատաւորական կուսակցութեան» տւեալներով՝ Իդլիբի ահաբեկիչներն ազատ են արձակել մի քանի «չեչէն եւ վրացի ահաբեկիչների»՝ փոխարէնը ստանալով ԱԹՍ: ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն այս տեղեկութիւնը մեկնաբանել է հետեւեալ կերպ․ «Այժմ տեղեկութիւններ են շրջանառւում այն մասին, որ Ուկրաինայի էմիսարները, ուկրաինական հետախուզութեան էմիսարները գտնւում են Սիրիայի տարածքում Իդլիբի դեէսկալացիայի գօտում, որտեղ հաւաքագրում են «ջաբհաթ ան-նուսրայի» գրոհայիններին, ինչպէս նախկինում կոչւում էր, այժմ կոչւում է «հայաթ թահրիր աշ-շամ»։ Որպէսզի դրանք գործի դնեն իրենց նոր պլանաւորւած նողկալի գործողութիւններում։
ՌԴ ԱԳ նախարարի խօսքով՝ ուկրաինական յատուկ ծառայութիւններն այժմ գործում են նաեւ Աֆրիկայում: Չմոռանանք՝ նրանք արդէն իրենց հայեացքն ուղղում են դէպի հարաւ՝ Աֆրիկեան մայրցամաքի Սահարա-Սահելեան գօտի, որտեղ նոյնպէս հաւաքագրւած ծայրայեղականների հետ ահաբեկչական յարձակումներ են իրականացնում մի շարք երկրների կառավարութիւնների զինւած ուժերի վրայ։ Եւ ահա այժմ հաղորդւում է Իդլիբ առնւազն 250 ուկրաինացի հրահանգիչների ժամանման մասին, որոնք պէտք է վերապատրաստեն տեղի ահաբեկիչ գործընկերներին։ Նրանք իրենց հետ բերել են հարւածային ԱԹՍ-ների հաւաքման բաղադրիչները։ Փոխարէնը նրանք մտադիր են, ըստ արաբական Al-Watan պարբերականի պնդման, իսլամիստ գրոհայինների հաւաքագրում սկսել նրանց Ուկրաինա ուղարկելու համար: Նրանք լուծում են վարձկան ահաբեկիչների վաճառքի եւ նրանց հետագայ Ուկրաինա ուղարկելու հարցերը ռուսական բանակի դէմ։ Այս ամէնը շատ տագնապալի է հնչում եւ պահանջում է համալիր իմաստաւորում։
Թուրքական գործօն
Գաղտնիք չէ՝ Կիեւը եւ նրա հետեւում կանգնած «արեւմտեան գործընկերները» վաղուց են ցանկանում Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատ բացել՝ դրա համեմատաբար փոքր ռազմական ուժերը փոշիացնելու նպատակով։ Այդ դերը վերապահւած էր Վրաստանին, սակայն տեղի էլիտաները կտրականապէս չցանկացան իրենց երկիրը վերածել երկրորդ Ուկրաինայի, եւ այսօր Թբիլիսին զարմանալիօրէն առողջ վրացամէտ քաղաքականութիւն է վարում։ Այժմ, հաշւի առնելով իր աշխարհագրական դիրքը եւ, այսպէս կոչւած, իրանական գործօնը, երկրորդ հակառուսական ճակատի դերին յաւակնում է Միջին Ասիան, որտեղ շարունակաբար ուժեղանում է ՆԱՏՕ-ի դաշինքի մէջ մտնող Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցութիւնը։ Ի դէպ, ռուս-ղազախստանեան ընդհանուր սահմանի երկարութիւնը կազմում է աւելի քան 7500 կմ., իսկ չին-ղազախականը ձգւում է 1783 կմ., այդ թւում՝ 1215,86 կմ. ցամաքային սահման եւ 566,89 կմ. ջրային սահման։
Բոլոր նախկին խորհրդային միջինասիական հանրապետութիւնները, բացի Տաջիկստանից, եւ Հարաւային Կովկասը մտնում են Էրդողանի կողմից առաջ մղւող «մեծ թուրան» պանթուրքիստական ինտեգրացիոն նախագծի մէջ: Իսկ ահա օկուպացւած Հիւսիսային Իդլիբը, որը թուրքերի կողմից փաստացի օտարւել է Սիրիայի ինքնիշխան տարածքից եւ նրանց կողմից վերածւել է «իսլամիստ ահաբեկիչների արգելոցի», պաշտօնական Դամասկոսի վրայ Անկարայի ճնշման գործիք է եւ աստիճանաբար վերածնւող «նէոօսմանեան կայսրութեան» բաղկացուցիչ մասը։ ԶԼՄ-ների հաղորդագրութիւններն այն մասին, որ ուկրաինացի հրահանգիչները Իդլիբի ահաբեկիչներին կը սովորեցնեն անօդաչու թռչող սարքեր կառավարել Սիրիայում ռուս զինւորականների վրայ յարձակւելու համար, պատմութեանը ծանօթ մարդկանց մօտ հարցը միայն տխուր քմծիծաղ է առաջացնում, քանի որ իրականում հէնց նրանք էին այս գործի առաջամարտիկները՝ բաւականին բարձր ձայնով։ Այսպէս, սիրիական Լաթաքիայում գտնւող Խմէյմիմ ռուսական աւիաբազայի առաջին ահաբեկչական յարձակումը ԱԹՍ-ի միջոցով, որը սխալմամբ ընդունւել է որպէս ականանետային գնդակոծութիւն, իրականացւել է 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ի լոյս 2018-ի յունւարի 1-ի գիշերը։ 2019-ի սեպտեմբերին Ռուսաստանի ՊՆ պաշտօնական խօսնակ Կոնաշենկովը թարմացրեց տւեալները օդային յարձակումների վիճակագրութեան վերաբերեալ: «Ահաբեկիչները փորձում են ճեղքել Խմէյմիմ աւիաբազայի օդային պաշտպանութեան համակարգը։ Եթէ խօսենք թւերի մասին, ապա երկու տարւայ ընթացքում ոչնչացւել է ահաբեկչական խմբաւորումների 118 անօդաչու թռչող սարք, այդ թւում՝ 58 անօդաչու սարք այս տարւայ յունւարի 1-ից»:
Խմէյմիմում ռուս զինւորականները պայքարել են Իդլիբի կողմից ԱԹՍ-ների ժամանումից «Պանցիր Ս-1» ԶՀՀ-ի եւ «Տոր-Մ2» ԶՀՀ-ի օգնութեամբ։ Ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան, բացի FPV անօդաչու թռչող սարքերից, որոնք ունեն համեմատաբար փոքր կիրառման տիրոյթ, ուկրաինացի ահաբեկիչները չեն կարողանայ զարմացնել իսլամիստ գործընկեր ահաբեկիչներին: Յատկանշական է այստեղ մէկ այլ բան, այն է՝ մեր մեծ բարեկամ եւ գործընկեր Էրդողանի հնարաւոր դերը։ Հիւսիսային Իդլիբը Թուրքիայի պատասխանատւութեան գօտին է։ Այնտեղ ուկրաինացի ռազմական հրահանգիչներին հնարաւոր է հասնել միայն սահմանակից Թուրքիայի միջոցով, իսկ հաւաքագրւած իսլամիստ ահաբեկիչներին Իդլիբից Ուկրաինա կարելի է մեկնել հէնց թուրքական տարածքով։ Իսկ հիմա յիշենք Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու «սուլթանի» վերջին պահանջը՝ որպէս դրա աւարտի պայման: «Մենք անկեղծօրէն ցանկանում ենք, որ պատերազմն աւարտւի արդար եւ կայուն խաղաղութեամբ՝ հիմնւած Ուկրաինայի տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան եւ անկախութեան վրայ… մեր աջակցութիւնը Ուկրաինայի տարածքային ամբողջականութեանը, ինքնիշխնութեանը եւ անկախութեանը մնում է անփոփոխ: Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրաւունքի պահանջ է»։ Այս ամէնը միասին կարծես խաղի մէջ խաղադրոյքների լրջագոյն բարձրացում լինի, եւ մեծ հարց է, թէ իրականում ո՞ւր կը գնան Իդլիբից իսլամիստ զինեալները, Ուկրաինա՞, թէ՞ ռուսական Հիւսիսային Կովկաս եւ սահմանամերձ Միջին Ասիա։
Աղբիւրը՝ Topcor.ru-ի
Թարգմանութիւնը՝ ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ