ԻրանՔաղաքական

Ղալիբաֆ. «Այլ երկրների նախագահների փոփոխութիւնը չի ազդում մեր երկրի՝ իր շահերն ապահովելու կարողութեան վրայ»

«ԱԼԻՔ» – «Այլ երկրների նախագահների փոփոխութիւնը չի ազդում մեր երկրի՝ իր շահերն ապահովելու կարողութեան վրայ»: Այս մասին այսօր, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի մեկնարկին յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրութիւնների արդիւնքներին:

«Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացեալ Նահանգների վերջին ընտրութիւններին, ապա պէտք է պարզաբանել, որ Միացեալ Նահանգների նախագահ ընտրւող մարդկանց թշնամանքի (Իրանի նկատմամբ-ԽՄԲ.) միջեւ էական տարբերութիւններ կան։ Բայց գլխաւորն այն է, որ մեր նկատմամբ թշնամու վարքագիծը պայմանաւորւած է մեր ազգային հզօրութեամբ եւ Իսլամական Հանրապետութեան խրոխտ կեցւածքով եւ բանականութեամբ՝ հիմնւած յեղափոխական ռացիոնալ մօտեցման վրայ»,- ասել է խորհրդարանի նախագահը:

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային հզօրութեան գլխաւոր գրաւականը ժողովուրդն է, Ղալիբաֆան ասել է. «Հիմնւելով աստւածային աւանդոյթների հանդէպ հաւատքի վրայ՝ ժողովուրդը կարող է օգտագործել երկրի ներքին կարողութիւնները եւ ստեղծել ամուր հիմքեր ազգային իշխանութեան համար բոլոր՝ ռազմական, տնտեսական, քաղաքական եւ սոցիալական ոլորտներում»:

Ընդգծելով, որ գործողութիւնների անկախութիւնը եւ օտար երկրներից որեւէ կախւածութիւնից խուսափելը Իրանի Իսլամական Հանրապետութեան համակարգի հիմնարար սկզբունքն է, խորհրդարանի ղեկավարը յիշեցրել է,որ տարբեր ոլորտներում յաջողութիւններ եւ առաջընթացը միայն այս շրջանակներում է գրանցւել։

«Այլ երկրների նախագահների փոփոխութիւնը չի ազդում մեր երկրի՝ իր շահերն ապահովելու կարողութեան վրայ»,- յստակեցրել է Ղալիբաֆը՝ նշելով, որ Իրանի նման զարգացող եւ անկախ տէրութիւնները, որոնք ապաւինում են սեփական ուժերին, ապագայում աւելի առանցքային դերակատարութիւն կունենան միջազգային յարաբերութիւններում եւ իրադարձութիւններում. «Այս առումով կը ձեւաւորւի նոր ռազմավարական համագործակցութիւն՝ փոխադարձ շահերն ապահովելու համար եւ նախկին աշխարհակարգը խորապէս կազդւի դրանից»:

Related Articles

Back to top button