Ալֆրէդ Եաղուբզադէն՝ 2024 Lucie Photo Book Prize-ի յաւակնորդ
«ԱԼԻՔ»- Ալֆրէդ Եաղուբզադէի «Պատերազմը՝ 1980-1988 թւականների էլեգիան» գիրքն ընտրւել է որպէս 2024 Lucie Photo Book Prize-ի եզրափակիչ փուլի մասնակից:
Ալֆրէդ Եաղուբզադէն իր ինստագրամային էջում գրառում տեղադրելով, տեղեկացրել է այս մասին: Բազամթիւ միջազգային հեղինակաւոր մրցանակների արժանացած անւանի լուսանկարիչը Lucie Foundation-ով ընձեռւած առիթը կարեւորել է նրանով, որ այն հնարաւորութիւն կը տայ առաւել լայն հանրութեանը ներկայացնել պատմութեան թերթւող այն էջը, որի վրայ ստւեր են գցել մեր ժամանակների միւս ցաւոտ իրադարձութիւնները, եւ գնալով մոռացութեան է տրւում:
Աղբիւրի համաձայն՝ յաղթող լուսանկարիչները, ինչպէս եւ եզրափակիչ փուլի մասնակիցները ցուցահանդէսով են հանդէս գալու Լոս Անջելէսի Լուսանկարչութեան կենտրոնում, 2024 թւականի նոյեմբերի 21-ին:
Գիրքը հրատարակւել է «Բայգանի» հրատարակչութեան կողմից 749 համարակալւած օրինակով։ Գրքի 1-ից 110 օրինակներն ուղեկցւում են 305×230 մմ. չափսով լուսանկարով: Լուսանկարներից իւրաքանչիւրն ստորագրւած է լուսանկարչի կողմից, որոնք գրքի հետ միասին համարւում են արժէքաւոր նմուշ կոլեկցիոներների համար։ Գիրքը կարելի է ձեռք բերել առանց մակագրւած լուսանկարների նաեւ:
«ԱԼԻՔ»-ն աննախադէպ համարելով նման յաջողութիւնը, շնորհաւորում է սիրելի Ալֆրէդին՝ որպէս առաջին հայի, ում յաջողւել է WORLD PRESS PHOTO-ի գլխաւոր մրցանակից բացի կրծքին կրել նաեւ խաղաղութեան նպատակներով աշխատող կենտրոնի՝ Lucie Foundation-ի կրծքանշանը:
Այս գրքով Ալֆրէդը եւս մէկ անգամ բացայայտեց լուսանկարչութեան մէջ իր ոդիսականի սկզբի տխուր վկայութիւնը՝ հրատարակելով «Պատերազմը» (Իրան-Իրաք պատերազմի լուսանկարների ժողովածու, էլեգիա»-ն: Այս աշխատութիւնը պարունակում է պատերազմի անմոռանալի պատկերներ, որն անւանի լուսանկարչի յարգանքի տուրքն է կորած կեանքերին ու բաց մնացած սպիներին:
Ալֆրէդն ընդգծում է. «Այս գրքում ներկայ է ողջ Իրանի ցաւը»։