ՈՒՂԵՐՁ
Աւարտելով դիւանագիտական առաքելութիւնս որպէս Հայաստանի Հանրապետութեան դեսպան Իրանի Իսլամական Հանրապետութիւնում՝ երախտագիտութեամբ ու բազում յուշերով լքում եմ բարեկամ եւ եղբայրական Իրանը:
Անցնող երեք տարիները Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստան-Իրան յարաբերութիւնների համար նշանաւորւեցին նորանոր մարտահրաւէրներով ու փորձութիւններով, կապերի խորացմամբ ու փոխգործակցութեան ակտիւացմամբ: Այս ժամանակահատւածում ինչպէս իմ, այնպէս էլ դեսպանութեան ողջ անձնակազմի ամենօրեայ ուշադրութեան առանցքում է եղել Հայաստան-Իրան բարիդրացիական յարաբերութիւններն առաւել զարգացնելու ռազմական տեսլականը:
Այս բարդ ճանապարհին ցանկանում եմ երախտագիտութեանս խօսքերը յղել մեր իրանահայ համայնքին, որը իւրայատուկ հասարակական ու մշակութային կամուրջ է Հայաստանի եւ Իրանի միջեւ: Անկեղծ երախտագիտութիւնս եմ յղում նաեւ Իրանում գործող Հայաստանեայց Առաքելական երեք թեմերին: Այս տարիների ընթացքում մեզ յաջողւել է պահպանել դեսպանութեան եւ իրանահայ համայնքի միջեւ աւանդաբար գործող սերտ շփումները:
Նորանոր յաջողութիւններ եւ աշխատանքային ձեռքբերումներ եմ մաղթում Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ դեսպան, պրն. Գրիգոր Յակոբեանին: Վստահ եմ, որ նրա աշխատանքի շնորհիւ մեր երկկողմ յարաբերութիւնները նւաճելու են նոր ու տեսանելի հորիզոններ:
Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,
Կեցցէ՛ն Հայաստան-Իրան եղբայրական յարաբերոթիւնները:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնում
Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պրոֆ. Արսէն Աւագեան