Թէոդիւանագիտութեան հարթակ. Իսրայէլը Բաքւի միջոցներով հրատարակել է «Նշանակէտը՝ Թեհրան» գիրքը
Իսրայէլը բացայայտում է «Շուրաբադ»-ից փաստաթղթերի ձեռքբերման գործում Բաքւի ունեցած դերի մասին
«ԱԼԻՔ» – Վերջերս իսրայէլցիները հրատարակել են «Նշանակէտը՝ Թեհրան» գիրքը, որտեղ բացայայտել են որոշ տեղեկութիւններ, կապւած Իրանի միջուկային ծրագրի դէմ իրականացւած յարձակումների ու միջուկային արխիւների գողութեան պատմութեան մանրամասների մասին:
2016 թւականից սկսած «Մուսադ»-ն անցել է գործի, որով նախատեսւած էր Իրանի միջուկային արխիւների գողութեան գործողութիւնը, որում ներգրաււած էին հարիւրաւոր հետախոյզներ, հաքերներ, լեզւաբաններ եւ տեղացի տեխնիկներ։
«Ազարիհա» վերլուծական կայքը տեղեկացնելով այս մասին նշել է, որ գրքում նշւած է, թէ ինչպէս է բացայայտւել Շուրաբադը, որպէս պահւող արխիւների կենտրոն եւ, որ «Մուսադ»-ը վերահսկել եւ գաղտնալսել է Իրանի միջուկային ոլորտին առնչւող առանցքային անձանց ու գրեթէ հեշտութեամբ յայտնաբերել է փաստաթղթերի պահեստաւորման վայրը։
Աղբիւրը յաւելել է, որ արխիւների գտնւելու վայրի մասին լրացուցիչ տեղեկութիւններ ստանալու համար իսրայէլցիներն անգամ Իրան են գործուղել մի իսրայէլուհու, որը վարժ տիրապետել է պարսկերէնին, եւ միայն Աստւած գիտի, թէ կոնկրետ ինչ քայլերի է դիմել այս կինը Իրանում իր շփումների դաշտն ընդարձակելու համար:
Գրքում յստակ նշւած է, որ մինչեւ այս կնոջ մուտքն Իրան «Մուսադ»-ի տեղեկատւութիւնը արխիւներից եղել է խիստ սահմանափակ:
«Ազարիհա»-ն յաւելել է, որ արխիւային գողութեան գործողութիւնն իրականացւել է «մոնաֆեղին»-ի (Մոջահեդինէ խալղ) ահաբեկիչների օպերատիւ խմբերի համատեղ գործողութիւններով։ Նրանք բացայայտ ընդունում են, որ Իսրայէլում իրենց վերապատրաստել են լրտեսութեան, կողոպուտի եւ ահաբեկչական գործողութիւններ իրականացնելու համար: Դա արւում է, որպէսզի իսրայէլցիների ձերբակալման ռիսկերը նւազագոյնի հասցւեն:
Արխիւային գողութեան օպերացիոն խմբի մասին եւս հրապարակումներ կան գրքում, որտեղ արձանագրւած է, որ գործողութիւնը բաժանւած է եղել մի քանի ենթախմբերի միջեւ, որոնցից իւրաքանչիւրն ունեցել է իր առաջադրանքը, որպէս օրինակ խումբ, որը մասնագիտացւած է եղել էլեկտրոնային սարքերի եւ տեսախցիկների անջատման (կեղծ կադրեր ներբեռնելու) եւ ահազանգերի վրայ, կամ միւս խումբը՝ չհրկիզւող պահարանները չէզոքացնելու համար…
Գործողութեան վայրը (Շուրաբադ) անյայտ մի այլ երկրում կառուցւել է մէկը-մէկին՝ բոլոր մանրուքները նկատի առնելով, իսկ վարժութիւնները կատարւել են նոյն վայրում սանտիմետրային շեղումների հաշւարկումներով:
Գործողութեան ընթացքը ուղիղ տեսակապով վերահսկւել է Թել Աւիւից: «Մուսադ»-ի ժամանակի ղեկավարը (Քոհէն) միւսների հետ հետեւել է գործողութեանը Թել Աւիւի բունկերից: Նախ որոշ փաստաթղթերից արւած լուսանկարներ են ուղարկւել բունկեր, որոնք տեղում գնահատական տալուց յետոյ, արխիւներն ամբողջութեամբ բեռնւում (կէս տոննա կշռւող փաստաթղթեր) եւ այնտեղից ուղարկւել են Բաքւի Հանրապետութիւն:
Գրքում կարեւորւած է Բաքւի դերը, Իրանի դէմ հնարաւոր գոծողութիւնների կամ նոյնիսկ յարձակման համար:
Ինչու են Բաքւի հետ Իրանի սահմանային շրջանների տեղաբնակները խօսում Իրանի վրայ կայծակնային յարձակում իրականացնելու թաքֆիրականների ծրագրի մասին
«Azerbaycan Studies» ալիքը գրել է, որ թաքֆիրական ուժերի կուտակում է նկատւում Իրանի սահմանին՝ Արցախի օկուպացւած տարածքներում:
Աղբիւրի համաձայն՝ Բաքւի հետ սահմանակից Իրանի քաղաքներում, փորձագիտական հետաքննութիւնները ցոյց են տալիս, որ տեղաբնակները միմեանց հետ շփւելիս խօսում են Իրանի վրայ կայծակնային յարձակում իրականացնելու թաքֆիրականների ծրագրի մասին:
Աղբիւրի ներկայացրածով՝ թաքֆիրականները ծրագրում են յարձակումն իրականացնել Գազայում ՀԱՄԱՍ-ի օրինակին հետեւելով: Յարձակման միջոցով Իսրայէլն ու Բաքուն նպատակ ունեն կոտրել Իրանի հեղինակութիւնը:
«Ազարիհա»-ն յղում անելով ստացւած տեղեկատւութեանը նշել է, որ նման տեղեկատւութիւն շրջանառութեան մէջ դնելը, յատկապէս ժամանակի առումով իմաստալից է՝ հաշւի առնելով Բաքւի եւ Իսրայէլի դաշինքը։