
«ԱԼԻՔ»- ԱԳ նախարարի հաւաստմամբ` ԱՄՆ-ի առաջարկին Իրանի պատասխանը լինելու է առաջիկայ օրերին։ Այս մասին է տեղեկացրել «Մեհր»-ը եւ յաւելել, որ Սեյէդ Աբաս Արաղչին եգիպտական « l Neel» հեռուստաընկերութեանը տւած բացառիկ հարցազրոյցում խօսել է Իրանի եւ Եգիպտոսի միջեւ բանակցութիւնների մասին եւ ընդգծել տարածաշրջանային եւ միջազգային հարցերում կողմերի միջեւ համագործակցութեան կամքը։
Իրան-Եգիպտոս համագործակցութիւն՝ յանունը տարածաշրջանային կայունութեան
Անդրադառնալով Կահիրէ կատարած իր վերջին այցի կարեւորութեանը՝ Արաղչին նշել է. «Իրանը եւ Եգիպտոսը Արեւմտեան Ասիայի երկու ազդեցիկ երկրներն են, եւ նրանց համագործակցութիւնը կարող է օգնել տարածաշրջանային լարւածութեան նւազեցմանը։ Այցի ընթացքում քննարկել ենք կարեւոր հարցեր, ինչպիսիք են Գազան, Եմէնը եւ Կարմիր ծովի անվտանգութիւնը»։
Նա նաեւ բարձր է գնահատել Եգիպտոսի եւ Կատարի ջանքերը՝ Գազայում հրադադար հաստատելու ուղղութեամբ, եւ յաւելել. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կաջակցի ցանկացած հրադադարի, որն ընդունելի կը լինի Գազայի ժողովրդի կողմից: Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ այս պատերազմը դադարեցնելու համար»։
Կարմիր ծովի իրավիճակը եւ Իրանի տարածաշրջանային դերը
Կարմիր ծովի անվտանգութեան վերաբերեալ հարցին պատասխանելով Արաղչին նշել է. «Կարմիր ծովում առկայ վիճակը Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների բնական հետեւանքներից է: Մենք յոյս ունենք, որ Գազայում հրադադարի հաստատմամբ Կարմիր ծովում նոյնպէս կայունութիւն կը հաստատւի»:
Նա նաեւ անդրադարձել է Իրանի յարաբերութիւններին արաբական երկրների հետ՝ ասելով. «Իրանի քաղաքականութիւնը հիմնւած է հարեւանների եւ տարածաշրջանի երկրների հետ յարաբերութիւնների ամրապնդման վրայ: Չնայած Եգիպտոսի հետ դիւանագիտական յարաբերութիւնների խզմանը, վերջին տարիներին երկու երկրների միջեւ համագործակցութեան մակարդակը զգալիօրէն բարձրացել է»:
Միջուկային բանակցութիւնները եւ Իրանի դիրքորոշումը
Արաղչին անդրադարձել է նաեւ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցութիւններին եւ ընդգծել. «Մենք գնահատում ենք Օմանի միջնորդական դերը եւ Եգիպտոսի աջակցութիւնը այդ բանակցութիւններին: Իրանը միշտ յայտարարել է իր միջուկային ծրագրի խաղաղ բնոյթի մասին եւ ցանկացած միջուկային զէնքի ստեղծումը համարում է անթոյլատրելի»:
Միաժամանակ, նա քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան վերջին զեկոյցը եւ յաւելել, որ այն անարդար բմնոյթ է կրում, իսկ Իրանը մտահոգւած է Գործակալութեան գործունէութեան քաղաքականացմամբ։ «Այնուամենայնիւ, մենք պատրաստ ենք արձագանգել մտահոգութիւններին երկխօսութեան խողովակով»,- նշել է նա։
Իրան-Եգիպտոս յարաբերութիւնների հեռանկարները
Նշելով, որ Թեհրանի եւ Կահիրէի միջեւ յարաբերութիւնները բարելաււում են, Արաղչին յաւելել է, որ վերջին ամիսներին կողմերը մի քանի անգամ հանդիպել են, եւ երկու երկրների միջեւ վստահութեան ասպարէզներն ընդարձակւել են։ «Յոյս ունենք, որ այս գործընթացը շարունակական կը լինի»,- յաւելել է նա եւ ընդգծել, որ Իրանը շարունակում է հաւատարիմ մնալ «Առանց միջուկային զէնքի Մերձաւոր Արեւելք» նախաձեռնութեանը, եւ ողջունում է Եգիպտոսի հետ համագործակցութիւնն այս ոլորտում։
Յիշեցնելով, որ Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ միջուկային բանակցութիւնների յաջորդ փուլի ճշգրիտ ժամանակը դեռեւս որոշւած չէ, Արաղչին ընդգծել է. «Օմանի սուլթանութիւնը շարունակելու է իր անգնահատելի դերն այդ բանակցութիւնների կազմակերպման եւ խթանման գործում»։
Արաղչին ասել է, որ ԱՄՆ-ը վերջերս մեզ ներկայացրել է առաջարկ, որին մենք մեր համապատասխան արձագանգն ենք տալու առաջիկայ օրերին: Նա եզրափակել է զրոյցն՝ ընդգծելով. «Այս պատասխանը կը պատրաստւի Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնարար սկզբունքների հիման վրայ եւ Իրանի ազգային շահերին համապատասխան։ Դրանից յետոյ Օմանի արտաքին գործերի նախարարը կորոշի բանակցութիւնների յաջորդ փուլի ժամանակն ու հանդիպման վայրը»։