Ո՞վ է իշխանութեան բերել Նիկոլ Փաշինեանին եւ ո՞վ է Արցախը յանձնել թշնամուն

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2025 թ. օգոստոսի 5-ին հրաւիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (այսուհետեւ՝ ՀՀԿ) փոխնախագահ Արմէն Աշոտեանը, մասնաւորապէս, յայտարարել է. «Դաժան թող հնչի. Արցախը յանձնեց հայ ժողովուրդը՝ չպայքարելով այն իշխանութեան դէմ, որին բերել էր եւ որի ձեռքերով յանձնւեց Արցախը:»:
Քանի որ հնչել է Արցախին վերաբերող յայտարարութիւն, ինչպէս նաեւ հաշւի առնելով այն, որ փաստարկւած կերպով համոզւած եմ, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգաւորւած չէ, անհրաժեշտ եմ համարում հանգամանօրէն անդրադառնալ վերը մէջբերւած կատեգորիկ յայտարարութեանը:
Առհասարակ, երբ մարդը հանդէս է գալիս որեւէ պնդմամբ, ապա ողջամիտ տրամաբանութիւնը յուշում է, որ նա այդ պնդումը հիմնաւորելու համար պէտք է ներկայացնի անհրաժեշտ եւ բաւարար փաստեր ու հիմնաւորումներ: Առաւել եւս, երբ այդ պնդումը կատեգորիկ պնդում է: Սակայն, վերոնշեալ պնդմանը չեն յաջորդում տւեալ պնդումն ապացուցող փաստեր ու հիմնաւորումներ:
Ըստ մէջբերման հեղինակի տրամաբանութեան՝ Արցախը թշնամուն՝ օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական, կեղծ կազմաւորմանը՝ Ադրբեջանին է յանձնել Հայաստանի գործող վարչակազմը, որը ձեւաւորւել է հայ ժողովրդի կողմից: Քանի որ Հայաստանի գործող վարչակազմին իշխանութեան է բերել հայ ժողովուրդը, հետեւաբար, Արցախն Ադրբեջանին է յանձնել հայ ժողովուրդը:
Հիմնւելով բացառապէս մէջբերման բովանդակութեանը վերաբերելի փաստերի վրայ՝ փորձենք պարզել՝ արդեօ՞ք համապատասխանում է իրականութեանը յիշեալ յայտարարութիւնը, թէ՝ ոչ:
Հայաստանի Հանրապետութեան ներպետական օրէնսդրութեան համաձայն՝ Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը ձեւաւորւում է ոչ թէ հայ ժողովրդի կողմից, այլ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների կողմից:
Ըստ այդմ՝ 2018 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին մասնակցել է քւէարկութեան իրաւունք ունեցող քաղաքացիների, մօտաւորապէս, 49%-ը, որի, աւելի քան 70%-ն իր ձայնը տւել է «Իմ քայլը» դաշինքին, իսկ իրականում՝ դաշինքի ընտրական ցուցակը գլխաւորող Նիկոլ Փաշինեանին:
2021 թ. յունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրութիւններին մասնակցել է քւէարկութեան իրաւունք ունեցող քաղաքացիների աւելի քան 49%-ը, որի, աւելի քան 53%-ն, իր ձայնը տւել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը, իսկ իրականում՝ կուսակցութեան ընտրական ցուցակը գլխաւորող Նիկոլ Փաշինեանին:
Վերոնշեալ թւային պատկերը փաստում է, որ Հայաստանի Հանրապետութեան ընտրական իրաւունք ունեցող քաղաքացիների կէսից աւելին՝ այսինքն՝ մեծամասնութիւնը, չի մասնակցել ո՛չ 2018 եւ ո՛չ էլ 2021 թւականներին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրութիւններին:
Հետեւաբար, այս փաստերի առկայութեան պարագայում յայտարարել, որ Նիկոլ Փաշինեանին իշխանութեան է բերել հայ ժողովուրդը, առնւազն տարօրինակ է:
Հարկ է նշել, որ նախքան 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրութիւնների արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան ընտրական իրաւունք ունեցող քաղաքացիների որոշ մասի քւէն ստանալը՝ դեռեւս 2018 թ. մայիսին, Նիկոլ Փաշինեանը Հայաստանի Հանրապետութեան վարչապետ է ընտրւել ԱԺ-ի կողմից, ԱԺ-ում կառավարող մեծամասնութիւն հանդիսացող ՀՀԿ-ի օժանդակութեամբ:
Նշւած փաստի ուժով կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինեանին իշխանութեան է բերել Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը, իսկ աւելի ճիշտ՝ Հանրապետական կուսակցութեան նախագահ Սերժ Սարգսեանը: Գուցէ Նիկոլ Փաշինեանն իշխանութեան է բերւել Սերժ Սարգսեանի վրայ աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների ճշման արդիւնքում, իսկ գուցէ՝ ոչ: Այս պահին անհրաժեշտ եւ բաւարար փաստերի բացակայութեան պատճառով դեռեւս հնարաւոր չէ միարժէքօրէն պատասխանել այս հարցին:
Սակայն նոյնիսկ եթէ եղել է նման ճնշում, ապա Սերժ Սարգսեանն, անգամ իր կեանքի գնով, որեւէ պարագայում չպէտք է թոյլ տար, որ հակաարցախեան հայեացքներ ունեցող Նիկոլ Փաշինեանը Հայաստանում հասներ իշխանութեան:
ՀՀԿ-ի, իսկ իրականում Սերժ Սարգսեանի կողմից Նիկոլ Փաշինեանին իշխանութեան բերելու մասին վկայում են մի շարք փաստերը, որոնք ներկայացւում են ստորեւ ժամանակագրական կարգով:
ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ
2018 թ. մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած «ՀՀ վարչապետի ընտրութեան հարցի» քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը, մասնաւորապէս, յայտարարել է. «Մեզ մտահոգում է մեր երկրի արտաքին վեկտորի, տնտեսական զարգացման, աւանդական արժէքների պահպանման հարցը։ Մեզ համար չափազանց կարեւոր էր հասկանալ, թէ, արդեօք, վարչապետի թեկնածուն կարո՞ղ է իր ուսերի վրայ վերցնել այդ բեռը, թէ՞ մեր ժողովուրդը մօտ ապագայում ապրելու է իսկական քաոսի մէջ։ Ասեմ, որ այդ մտավախութիւնները չվերացան,… այնուհանդերձ, ինչպէս յայտարարւել էր՝ ՀՀԿ խմբակցութիւնը կօժանդակի վարչապետի ընտրութեան հարցում։ …ոչ միայն չի խոչընդոտի, այլ նաեւ կօժանդակի։
…Այս պահին,… առաջադրւած թեկնածուն Նիկոլ Փաշինեանն է, եւ Հանրապետականը հաւատարիմ մնալով իր խոստմանը… կօժանդակի Նիկոլ Փաշինեանին՝ դառնալու ՀՀ վարչապետ։»:
Կարո՞ղ էր, արդեօք, Վահրամ Բաղդասարեանն, առանց Սերժ Սարգսեանի գիտութեան, համաձայնութեան եւ թոյլտւութեան, հանդէս գալ նման յայտարարութեամբ: Անշուշտ՝ ոչ:
Հետեւաբար, յիշեալ յայտարարութիւնը Վահրամ Բաղդասարեանը հնչեցրել է Սերժ Սարգսեանի յանձնարարութեամբ:
Փաստօրէն, ՀՀԿ-ն, իսկ աւելի ճիշտ Սերժ Սարգսեանը իր նախընթաց պատասխանատու կարգավիճակների բերումով իմանալով Նիկոլ Փաշինեանի հակաարցախեան հայեացքները, իմանալով, որ Նիկոլ Փաշինեանը չի կարող պատասխանատւութիւն կրել Հայաստանի Հանրապետութեան համար, այդուհանդերձ վերջինիս ընտրել է ՀՀ վարչապետ՝ տալով նրան իշխանութիւն:
ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ
2018 թ. մայիսի 29-ին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում, մասնաւորաբար, յայտարարել է. «Քաղաքական պատասխանատւութիւնից ելնելով է Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը հնարաւորութիւն տւել պատգամաւորների 1/3-ի ստորագրութիւնը ունեցող վարչապետի թեկնածու, տւեալ դէպքում՝ Նիկոլ Փաշինեանին, դառնալու եւ ընտրւելու վարչապետ: Առանց Հանրապետականի կամքի եւ որոշման դուք այսօր վարչապետ չէիք ունենայ»:
Կարո՞ղ էր, արդեօք, Էդւարդ Շարմազանովն, առանց Սերժ Սարգսեանի գիտութեան, համաձայնութեան եւ թոյլտւութեան, հանդէս գալ նման յայտարարութեամբ: Անշուշտ՝ ոչ:
ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ
2018 թ. նոյեմբերի 1-ին 1in.am լրատւական կայքին տւած հարցազրոյցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Աշոտեանը, մասնաւորապէս, յայտարարել է. «Հասարակութեան, ժողովրդի տեսակէտից մեղադրելու բան չունեմ ես: Մենք ենք մեղաւոր, որ Նիկոլ Փաշինեանը եկել է իշխանութեան: Սա ամենամեծ խոստովանութիւնն է, որ կարելի է անել: Մենք բազմաթիւ մեր թերութիւններով եւ սխալներով ստեղծել ենք բարենպաստ միջավայր: Ժողովրդի հիասթափութեան ֆոնի վրայ եկաւ մարդ, որը ճիշտ պահին «բերքահաւաք» արեց այդ պտուղները: Մենք ենք մեղաւոր, որ ինքը (Նիկոլ Փաշինեանը – Ս. Հ.-Ջ.) այսօր իշխանութեան է: Հետեւաբար, մեր սխալները մենք լաւ գիտենք»:
Կարո՞ղ էր, արդեօք, Արմէն Աշոտեանն, առանց Սերժ Սարգսեանի գիտութեան, համաձայնութեան եւ թոյլտւութեան, հանդէս գալ նման յայտարարութեամբ: Անշուշտ՝ ոչ:
ՓԱՍՏ ՉՈՐՐՈՐԴ
2018 թ. նոյեմբերի 12-ին factor.am-ի հետ զրոյցում ԱԺ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը, մասնաւորաբար, յայտարարել է. «…ինքը (Նիկոլ Փաշինեանը – Ս. Հ.-Ջ.) շատ բաներով համաձայն է մեզ հետ: Եւ վերջիվերջոյ, մենք ենք իրեն (Նիկոլ Փաշինեանին – Ս. Հ.-Ջ.) իշխանութեան բերողն եղել խաղաղ ճանապարհով:»:
Կարո՞ղ էր, արդեօք, Վահրամ Բաղդասարեանն, առանց Սերժ Սարգսեանի գիտութեան, համաձայնութեան եւ թոյլտւութեան, հանդէս գալ նման յայտարարութեամբ: Անշուշտ՝ ոչ:
Նշւած փաստերն առանձին-առանձին, կամ բոլորը միասին անառարկելիօրէն վկայում են, որ Նիկոլ Փաշինեանին Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութեան է բերել Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը, իսկ աւելի ճիշտ՝ Սերժ Սարգսեանը:
Այժմ, Արմէն Աշոտեանի վերոնշեալ յայտարարութեան Արցախը յանձնելու մասին հատւածի վերաբերեալ:
2022 թ. փետրւարի 22-ին ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը, քննադատելով Նիկոլ Փաշինեանին 44-օրեայ պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը չճանաչելու համար, մասնաւորաբար, յայտարարել է. «Արցախի անկախութիւնը պէտք էր ճանաչել 44-օրեայ պատերազմի ընթացքում: 44-օրւայ ընթացքում Հայաստանը ունեցել է առնւազն երկու շանս ճանաչելու Արցախի Հանրապետութիւնը:»:
Որպէս իր պնդման հիմնաւորում, նա նշել է. «Միջազգային պրակտիկան ցոյց է տալիս շատ հետաքրքիր օրինաչափութիւն. համաշխարհային պետութիւնները, տէրութիւնները ճանաչում են այս կամ այն տարածքը որպէս անկախ պետութիւն ռազմական գործողութիւնների առիթով կամ դրանց նախաշեմին… եթէ շուտ ես ճանաչում լինում ա պատերազմ, բայց եթէ լինում ա պատերազմ, դու պտի ճանաչես, որովհետեւ աշխարհի կանոնն ա էդպէս, անգամ գերտէրութիւններն են այդպէս վարւում:»:
Այս առնչութեամբ հարց է առաջանում. արդեօ՞ք Արմէն Աշոտեանը նոյնաբովանդակ քննադատական խօսք է ուղղել նաեւ Սերժ Սարգսեանի հասցէին՝ 2016 թ. ապրիլի սկզբին՝ քառօրեայ պատերազմի ընթացքում, կամ դրա նախաշեմին Հայաստանի Հանրապետութեան կողմից Արցախի Հանրապետութեան անկախութիւնը չճանաչելու համար: Եթէ այո, ապա հետաքրքրական կը լինի ծանօթանալ դրա մանրամասներին եւ այդ քննադատական խօսքին Սերժ Սարգսեանի արձագանքին:
Չէ՞ որ 2016 թ. ապրիլի 2-5-ը նոյնպէս Հայաստանն ունեցել է հիանալի առիթ ճանաչելու Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Ցաւօք սրտի Հայաստանի այն ժամանակւայ գործող վարչակազմն իր կարճատես հաշւարկների հետեւանքով չի գնացել նման քայլի` այդպիսով թոյլ տալով կոպիտ եւ ճակատագրական սխալ:
Իսկ ի՞նչ է արել Հայաստանի վարչակազմը: Փոխանակ անմիջապէս ճանաչելու Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը պատերազմի երրորդ օրը՝ 2016 թ. ապրիլի 4-ին, իր աշխատավայր է հրաւիրել Հայաստանում հաւատարմագրւած ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին եւ ասել հետեւեալը. «…մէկ անգամ չէ, որ ես յայտարարել եմ, որ եթէ, իրօք, ռազմական գործողութիւնները շարունակւեն եւ ստանան լայնածաւալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը:»:
Բայց այդ հանդիպման ժամանակ իր նախաբանի խօսքում Սերժ Սարգսեանը, մասնաւորապէս, յայտարարել է, որ «…ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապէս մշակւած սցենարով դիմել է աննախադէպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածաւալ մարտական գործողութիւններ, կիրառելով սպառազինութիւնների ողջ համալիրը, այդ թւում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի եւ օդուժ»:
Մէջբերումից պարզ է դառնում, որ Ադրբեջանն անցել է լայնածաւալ յարձակման ընդդէմ Արցախի Հանրապետութեան: Այդ պարագայում ինչո՞ւ Հայաստանն այդ ժամանակ չի ճանաչել Արցախի անկախութիւնը:
Չնայած, գրեթէ, անհաւանական էր, որ «Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։» (հայերեն՝ Ակնա: Աւելի քան երեսուն տարիների ընթացքում Հայաստանի վարչակազմերը չկարողացան վերանայել իրենց քաղաքականութիւնը եւ տեղեկատւական դաշտում օգտագործել հայկական տեղանուններ) արտայայտութեան հեղինակ Սերժ Սարգսեանը, ով 2010 թ. մայիսի 22-ին սիրական “Al Watan” թերթին տւած հարցազրոյցի ժամանակ բացայայտ յայտարարել է ազատագրւած, արցախապատկան տարածքներն Ադրբեջանին յանձնելու մասին, 2016 թ. ապրիլեան պատերազմի օրերին կարող էր ճանաչել Արցախի անկախութիւնը:
Ազատագրւած տարածքներն Ադրբեջանին յանձնելու մասին իր դիրքորոշումը նա վերահաստատել է 2016 թ. նոյեմբերի 17-ին “Россия сегодня” միջազգային լրատւական գործակալութեան գլխաւոր տնօրէն Դմիտրի Կիսելեովին տւած հարցազրոյցի ժամանակ:
Այս պարագայում հարց է առաջանում. կարո՞ղ ենք վկայակոչել օկուպանտ Ադրբեջանի որեւէ ղեկավարի որեւէ հրապարակային յայտարարութիւն, որտեղ տւեալ ղեկավարը յայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, կամ կողմ է, որպէսզի Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի Հանրապետութեան այս կամ այն տարածքը վերադարձւի Արցախին: Դժբախտաբար անհնար է վկայակոչել մի այդպիսի յայտարարութիւն: Ո՛չ օկուպանտ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ո՛չ երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբէյը, ո՛չ երրորդ նախագահ Հէյդար Ալիեւը եւ ոչ էլ վերջինիս որդին՝ օկուպանտ Ադրբեջանի չորրորդ նախագահ Իլհամ Ալիեւը, երբեւէ նմանաբովանդակ յայտարարութիւններ չեն արել եւ չեն անում:
Եթէ 2016 թ. ապրիլեան օպատերազմի օրերին Հայաստանը ճանաչեր Արցախի Հանրապետութեան անկախութիւնն, ապա որեւէ առանձին երկիր, կամ որեւէ միջազգային կառոյց հիմք չէր ունենայ քննադատելու, կամ առաւել եւս դատապարտելու Հայաստանի նման քայլը: Ինչո՞ւ, քանի որ Ադրբեջանը դուրս էր եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան միջնորդութեամբ ընթացող խաղաղ բանակցային ձեւաչափից եւ դիմել ուժի՝ այդպիսով խախտելով ՄԱԿ-ի կանոնադրութեան մէջ եւ Հելսինկեան եզրափակիչ ակտում ամրագրւած միջազգային իրաւունքի սկզբունքներից երկուսը, այն է՝ վէճերի խաղաղ կարգաւորման մասին սկզբունքը եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքը, որոնք ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների հետ միասին դրւած են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութեան կողմից առաջարկւած եւ հակամարտող կողմերի կողմից ընդունւած կոնֆլիկտի կարգաւորման հիմքում:
Եթէ 2016 թ. ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչէր Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, ապա Հայաստանի ապագայ որեւէ ղեկավար, տւեալ պարագայում Նիկոլ Փաշինեանը, չէր կարող յայտարարել, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Արցախի Հանրապետութիւնը: Ինչո՞ւ, քանզի նախքան այդ յայտարարութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը համապատասխան իրաւական ակտի ընդունմամբ արդէն պաշտօնապէս ճանաչած կը լինէր Արցախի անկախութիւնը: Եւ եթէ այդ պարագայում Հայաստանի ապագայ որեւէ ղեկավար, տւեալ դէպքում Նիկոլ Փաշինեանը, հանդէս գար Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանի մաս ճանաչող յայտարարութեամբ, ապա նման յայտարարութիւնը չէր կարող ունենալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առաւել եւս իրաւական նշանակութիւն, իսկ նման յայտարարութեան հեղինակը կը յայտնւէր անհասկանալի իրավիճակում:
Հետեւաբար, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Նիկոլ Փաշինեանի ապազգային, արցախատեաց քայլի մէջ անուղղակի մեղաւորութիւն ունի նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը, աւելի ճիշտ՝ Սերժ Սարգսեանը՝ իշխանութեան բերելով Նիկոլ Փաշինեանին:
Մինչեւ Սերժ Սարգսեանն անաչառ, օբիեկտիւ եւ անկողմնակալ կերպով ամբողջութեամբ չներկայացնի հանրութեանը, այդ թւում նաեւ իր կուսակցիներին, թէ 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ինչ է իրականում տեղի ունեցել Հայաստանում, Հայաստանի Հանրապետութիւնը տեսանելի ապագայում չի դառնալու արդիւնաւէտ գործող պետութիւն: Աւելին՝ հնարաւոր չի լինելու բացառել ապագայում նման սցենարների կրկնութիւնները, որի հետեւանքով իշխանութեան կարող են հասնել Հայաստանի ազգային, պետական շահերը սպասարկելու ցանկութիւն, ունակութիւն եւ կարողութիւն չունեցող, սակայն օտարների, մասնաւորաբար՝ թշնամու շահերն ի հաշւի Հայաստանի ազգային, պետական շահերի սպասարկելու պատրաստ կամակատարները: