Առանց շաքար թէյի սիրահարները սրտի հիւանդութիւնների եւ քաղցկեղի աւելի ցածր ռիսկ ունեն

Անշաքար թէյ խմելը կապւած է բոլոր պատճառներից, ինչպէս նաեւ քաղցկեղից եւ սրտանոթային հիւանդութիւններից մահւան ռիսկի զգալի նւազման հետ: Սակայն շաքարով կամ քաղցրացուցիչներով թէյը նման ազդեցութիւն չունի: Սա ցոյց է տւել Frontiers in Nutrition ամսագրում հրապարակւած ուսումնասիրութիւնը:
Ուսումնասիրութեանը մասնակցել է 37-ից 73 տարեկան 195,361 կամաւոր: Անբաւարար առողջական տւեալներ ունեցող մարդիկ, հղի կանայք եւ նրանք, որոնց էներգիայի ընդունումը զգալիօրէն շեղւել է նորմայից, բացառւել են վերլուծութիւնից: Նմուշում ներառւել են միայն նրանք, ովքեր առնւազն մէկ անգամ լրացրել են 24-ժամեայ առցանց սննդի օրագիր:
Ուսումնասիրութեան հեղինակները համեմատել են երեք տեսակի թէյի՝ անշաքար, շաքարով եւ արհեստական քաղցրացուցիչներով թէյի ազդեցութիւնը ընդհանուր եւ տեսակարար մահացութեան վրայ: Հիմնական ուշադրութիւնը սեւ թէյի վրայ էր, որն ամենայաճախ օգտագործւում էր ուսումնասիրութեան մասնակիցների կողմից:
Պարզւել է, որ նրանք, ովքեր օրական խմում էին 3.5-4.5 բաժակ թէյ, ունէին բոլոր պատճառներից մահւան 20%-ով, սրտանոթային հիւանդութիւններից մահւան 27%-ով եւ քաղցկեղից մահւան 14%-ով ցածր ռիսկ: Այս ազդեցութիւնը կախւած չէր կոֆէինի նիւթափոխանակութեան գենետիկական առանձնայատկութիւններից: Միեւնոյն ժամանակ, շաքարով կամ քաղցրացուցիչներով ըմպելիքը պաշտպանիչ ազդեցութիւն չէր ցուցաբերում։
Նշւում է, որ քաղցրացւած թէյի սպառողներն աւելի յաճախ տղամարդիկ էին, աւելի քիչ էին մրգեր ուտում եւ ընդհանուր առմամբ վարում էին ոչ այնքան առողջ ապրելակերպ. նրանք ծխում էին, տառապում էին աւելորդ քաշից, հիպերտոնիայից եւ քրոնիկ հիւանդութիւններից:
News.am