Բջջանիւթով հարուստ դիետան պաշտպանում է թունաւորումներից
Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ բջջանիւթի օգտագործումն օգնում է պահպանել աղիների օգտակար մանրէները, որոնք ոչնչացնում են օրգանիզմում վարակւած սննդի միջոցով յայտնւող պաթոգէնները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Microbiology ամսագրում։
Գիտնականները նման եզրայանգման են եկել 45 երկրներից 12 հազար կամաւորների միկրոբիոմը՝ մարդու մարսողական համակարգի միկրոսկոպիկ օրգանիզմների էկոհամակարգն ուսումնասիրելուց յետոյ: Հետազօտողները պարզել են, որ Faecalibacterium մանրէները առանցքային դեր են խաղում Enterobacteriaceae խմբի պաթոգէնների, այդ թւում՝ Shigella-ի եւ E. coli-ի՝ թունաւորման հիմնական յարուցիչների ոչնչացման գործում:
Faecalibacterium-ները սնւում են բջջանիւթով` առողջ բուսական մանրաթելերով, եւ այն վերածում կարճ շղթայով ճարպաթթուների, որոնք օգնում են պաշտպանել մարմինը վնասակար մանրէների վարակից:
Սննդային թունաւորումն առաւել յաճախ առաջանում է աղտոտւած մրգերի, բանջարեղէնի կամ լաւ չեփած միս ուտելու պատճառով: Չնայած դէպքերի մեծ մասը թեթեւ է՝ Enterobacteriaceae ընտանիքի որոշ անդամներ կարող են առաջացնել լուրջ հիւանդութիւններ, ինչպիսին են թոքաբորբը եւ մենինգիտը: Բացի այդ, այս պաթոգէններից շատերը ձեռք են բերում հակաբիոտիկների նկատմամբ կայունութիւն, ինչը դրանք յատկապէս վտանգաւոր է դարձնում:
Հետազօտողները նաեւ յիշեցրել են, որ բջջանիւթը պարունակւում է մրգերի, բանջարեղէնի, հատիկաընդեղէնի, ընկոյզի եւ հացահատիկի մէջ: Այն ոչ միայն ուժեղացնում է աղիների պաշտպանութիւնը պաթոգէններից, այլեւ օգնում է բարելաւել մարսողական համակարգի աշխատանքը:
News.am