Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սխալ կերպափոխւածները կամ մի քաղաքական արշաւի պատմութիւն

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը յունւարի 21-ին լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է, որ սխալւել է, երբ ժամանակին Աղդամը համարել է իր հայրենիքը: «Բոլորս էլ սխալւում ենք»,- շեշտել է նա:

Հակադարձմանը՝ Նիկոլ Փաշինեանն է՞լ է սխալւել, երբ յայտարարարել էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ինչը յանգեցրեց մի քանի հազար զոհի, Սիմոնեանն արձագանգել է. «Վարչապետը դրա մասին ասել է: Մեր մտածելակերպի մէջ մենք բոլորս այլ պատկերացում ենք ունեցել, այդ թւում՝ ես, ինքը»:

Այսինքն, Ալէն Սիմոնեանն ուզում է ասել, որ այսօր իրենց գաղափարները կերպափոխւել են անվտանգային, տարածաշրջանային մարտահրաւէրներին համահո՞ւնչ, իսկ այն ժամանակ գործել են տւեալ պահի իրականութեանը համապատասխա՞ն, թէ՞ առանց սառը հաշւարկի, իսկ գուցէ գիտակցւա՞ծ են գնացել իր նշած «սխալ» քայլին:

Օրինակ, երբ 2019 թւականին գտնում էին, որ իրենց «միասնական ազատութիւններն ու միասնական երազանքները պաշտպանւած են 42.000 քկմ. տարածքի վրայ», եւ եթէ իրենց դաւանած արժէքների պաշտպանութեան հարցում զիջման գնան, «կը բռնեն պարտութեան ուղին», ինչպէս 2019 թւականի յունւարի 28-ին ՊՆ զօրամասերից մէկում ասել էր Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը, դա ի՞նչ էր, քաղաքական ռոմանտի՞զմ էր:

Կամ՝ երբ 44-օրեայ պատերազմից օրեր առաջ՝ 2020 թւականի սեպտեմբերի 23-ին, Ալէն Սիմոնեանը, իսկ դրանից շատ աւելի առաջ ՀՀ պաշտպանութեան այսօրւայ նախարար Սուրէն Պապիկեանը (2019-ի դեկտեմբերի 1-ին) յայտարարում էին՝ «Աղդամը իմ հայրենիքն է», սա զուտ անմեղ սխա՞լ էր:

Եւ սա՝ այն դէպքում, երբ յուլիսեան մարտերն էին տեղի ունեցել, դրանից անմիջապէս յետոյ էլ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները յուշում էին, որ պատերազմ է լինելու, աւելին, 2020 թւականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, հերթապահութիւն իրականացնող զօրամասերում զգօնութիւնը բարձրացնելու, ակտիւացած հակառակորդի սադրիչ գործողութիւններին դիմագրաւելու եւ ՀՀ առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի անվտանգ ծառայութիւնն ապահովելու նպատակով արձակել էր թիւ 041 կարգադրութիւնը, որով հրամայել էր նաեւ ՊԲ հրամանատարին բարձրացնել անձնակազմի զգօնութիւնը, ուժեղացնել հետախուզութիւնը եւ դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հաւանական սադրանքները դիմագրաւելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայութիւն իրականացնող անձնակազմի անվտանգութեան ապահովման ուղղութեամբ:

Եւ սա Օննիկ Գասպարեանի միակ հրամանը չի եղել, իսկ 2020 թ. սեպտեմբերի 25-ին արդէն Նիկոլ Փաշինեանը յստակ տեղեկութիւն էր ստացել պատերազմի մասին, եւ դա շատ վստահելի էր թւացել: Աւելին, իշխանափոխութիւնից յետոյ Փաշինեանը հէնց արտաքին գործերի նախարարի միջոցով փորձել էր ծանօթանալ բանակցային ամբողջ գործընթացին, իսկ վերջերս էլ նա հերթական անգամ պնդել էր, որ «1994 թւականից բանակցել ենք Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ»:

Մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինեանը ստում է, Ալէն Սիմոնեանը, ըստ էութեան, հաւատում է իր քաղաքական առաջնորդի խօսքին, եւ հաստատ 2020 թւականի սեպտեմբերի դրութեամբ որոշակի տեղեկութիւններ ունեցել է, այս դէպքում, կրկնում ենք, «Աղդամը մեր հայրենիքն է» քաղաքական արշաւն անհաշւարկ քա՞յլ էր, քաղաքական ռոմանտի՞զմ, թէ՞ շատ լաւ հաշւարկւած քաղաքական քայլ:

Յիշեցնենք, որ վերը նշւած քաղաքական արշաւի արմատները տանում են դէպի 2016 թւական:

Մասնաւորապէս, ընդդիմադիր Նիկոլ Փաշինեանը 2016 թւականի սեպտեմբերի 11-ին ելոյթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» իր կուսակցութեան հանրահաւաքում, յայտարարել էր.

«Քանի դեռ Պաշտօնական Բաքուն, Ադրբեջանը յայտարարում է, որ Ստեփանակերտի վրայ ադրբեջանական դրօշ պէտք է ծածանւի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պէտք է արմատախիլ անել։ Ու եթէ ապրելու մեր պատմական ճակատագրի ցիկլը յաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք յայտարարել՝ Աղդամը, այո, մեր հայրենիքն է»։

Մէկ անգամ չէ, որ գրել ենք՝ նշւած քաղաքական արշաւը ոչ թէ յանուն էր, այլ ընդդէմ՝ ցոյց տալու, որ եթէ Սերժ Սարգսեանն «Աղդամը չի համարում իր հայրենիքը», ապա իրենք համարում են:

Յիշեցնենք, որ ըստ մամուլում եղած տեղեկութիւնների, 2001 թւականի մայիսի կէսերին, Հայաստանի խորհրդարանում ղարաբաղեան հարցով լսումների ընթացքում, Սերժ Սարգսեանը, պատասխանելով հարցին՝ որո՞նք են Արցախի իրական սահմանները, յայտարարել էր.

«Ընդհանրապէս ցանկացած երկրի, այդ թւում եւ՝ մեր սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթէ բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մօտ միայն հեգնանք է առաջանում,- ասել էր նա եւ յաւելել,- Չեմ կարող տուրք տալ հասարակութեան մէջ տարածւող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պէտք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրաւել ենք: Եւ դրանից մենք երբեք չպէտք է ամաչենք: Այդ տարածքները գրաւել ենք, որպէսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգութիւնը: Դրա մասին մենք յայտարարել ենք 1992 թ., 1994 թ., յայտարարում եմ հիմա: Միգուցէ իմ յայտարարութիւնը դիւանագիտական չէ, բայց սա է»:

2021-ի փետրւարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանն «Արմնիւզ» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցի ժամանակ անդրադարձել էր Ակնայի հետ կապւած իր յայտարարութեանը:

«Յիշո՞ւմ էք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկւեց, դա շահարկւեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականութիւնը լաւ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին եւ ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսայ, թէ այդ հայրենիքն իրենք ինչպէս պահեցին»,- շեշտել էր ՀՀ 3-րդ նախագահը:

2021-ի յունիսին Սերժ Սարգսեանն այս թեմայի վերաբերեալ խօսել էր նաեւ BBC-ին տւած հարցազրոյցում։

«Դուք ոչ մի պարագայում չէիք կարող լսել ինձնից, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները: 2001 թ. ես անգամ խորհրդարանի ամբիոնից յայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ… Ես պատրաստ էի կրել դաւաճանի խարանը, բայց լուծել հարցը, որպէսզի այսպիսի ճակատագրի չարժանանայինք»,- ասել էր Սարգսեանը:

Ալէն Սիմոնեանը, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում սրտնեղել էր՝ անընդհատ յիշւում է 44-օրեայի ժամանակ մի քանի հազար զոհի մասին, բայց մոռացւում է, որ Փաշինեանի շնորհիւ 25.000 մարդ է փրկւել շրջափակումից, չգիտես՝ ինչու, մոռանում է, որ իրենք էլ Սերժ Սարգսեանի խօսքից իրենց նպատակայարմար մասն էին միայն վերցրել եւ անտեսել մի շատ կարեւոր հատւած՝ «սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը» եւ «այդ տարածքները գրաւել ենք, որպէսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգութիւնը»:

Նշենք, որ Ապրիլեան մարտական գործողութիւնների ոչ պակաս կարեւոր, սակայն այդքան էլ չլուսաբանւած գործողութիւնները տեղի ունեցան հէնց Ակնայի (Աղդամ) ուղղութեամբ:

Ըստ April2016.am-ի, ապրիլի 4-ի երեկոյեան՝ ժամը 17:30-ի սահմաններում, չորրորդ պաշտպանական շրջանի հրետանային ստորաբաժանման հետախոյզների կողմից աւտոշարասիւներ, հրետանային մարտկոցներ են յայտնաբերւել Ակնայի առաջնագծի երկայնքով` Ադրբեջանի Բալլար-Սարիջալու-Չամանլու գիւղերի ուղղութեամբ, առանձնացւած տանկային շարասիւներ՝ Ղարադաղլու, Էւօղլու եւ Աֆաթլու գիւղերի ուղղութեամբ, ինչպէս նաեւ հրետանային մարտկոցների կրակային դիրքեր` Աֆաթլու, Էւօղլու, Ղարադաղլու, Մահրիզլու, Սարիջալու բնակավայրերի ծայրամասերում:

Ժամը 18:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայութեան հրետանային զօրամասի եւ չորրորդ պաշտպանական շրջանի դիւիզիոնների համատեղ ուժերով համազարկային կրակ է բացւել հակառակորդի այդ կուտակումների դէմ:

Ընդհանուր, համատեղւած համազարկով ՊԲ կենտրոնական ենթակայութեան հրետանային ստորաբաժանումներին յաջողւել է ճնշել վերը նշւած կուտակւած բրիգադների ուժերը եւ ոչնչացնել բրիգադի հրամանատարական կէտը:

Արցախի անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը «Մեդիամաքսի» հետ զրոյցում մի առիթով մանրամասնել էր.

«Հակառակորդի պլանը հետեւեալն էրˋ յարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական՝ Աղդամի ուղղութեամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշւարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դէպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը»:

2016-ին Արցախ կատարած այցից յետոյ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառութեամբ իր յօդւածում «Ձախողւած տանկային բլիցկրիգ» ենթավերնագրի ներքոյ Նիկոլ Փաշինեանը գրել էր.

«Հիմա արդէն բոլորն են ընդունում, որ չորսօրեայ պատերազմի շրջադարձային պահը ապրիլի 4-ին Ակնայի (Աղդամի) դիմաց՝ ադրբեջանական Քարադաղլի գիւղի ուղղութեամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարւածն էր, որի ընթացքում ադրբեջանցիները առնւազն երեք տանկ են կորցրել եւ մօտ 200 զոհ տւել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացւել է այն բանից յետոյ, երբ ՊԲ-ն խորքային հետախուզութեան միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշւած ուղղութեամբ տեղի է ունենում զօրքերի, տանկերի խոշոր կուտակում եւ որոշում է կայացւել հրետանային ծաւալուն գործողութիւններով ցրել հակառակորդի կուտակումը:

Այցի ընթացքում մեզ ներկայացւեց ապրիլի 4-ի հրետանային գործողութեան տեսագրութիւնը: Ռազմական փորձագէտները համոզւած են. գործողութեամբ կանխւել է հակառակորդի յարձակումը Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղութեամբ:

Այդ դրւագում հայկական հրետանու ճշգրտութիւնը, իհարկէ, առասպելների առիթ է դարձել, բայց տւեալ դէպքում առաւել կարեւոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ յայտնաբերւել է թշնամու տանկային շարասիւնը, դէպքից ընդամէնը մէկ ամիս առաջ է գործարկւել, ու հիմա ակնյայտ է, որ եթէ այդ համակարգը չլինէր, հետախուզութեան սովորական միջոցները կարող էին եւ չյայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակութիւն կունենար հայկական կողմի համար: Թերեւս, հէնց այս դրւագն է պատճառ դարձել, որ ԼՂՀ կառավարութիւնը որոշել է խորքային հետախուզութեան այդ նոյն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպէս, որ ճակատի ոչ մի հատւած դուրս չմնայ համակարգի տեսադաշտից»:

Եւ նոյն Փաշինեանը 44-օրեայ պատերազմի աւարտին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ, առանց կրակոցի, յանձնեց Ակնան… Սա ճշգրիտ քա՞յլ էր, թէ՞ սխալ: Իսկ կարո՞ղ է մի օր տարածաշրջանային զարգացումներից եւ թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքներից ելնելով՝ Ալէն Սիմոնեանը եւ Նիկոլ Փաշինեանը հիմա էլ որոշեն, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ չէ…

Ի դէպ, հետաքրքիր է՝ «Աղդամը մեր հայրենիքն է» քաղաքական ակցիային 2019-ին մասնակցած պատմաբան-պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը նոյնպէ՞ս իր այդ քայլը սխալ է համարում…

168.am

Related Articles

Back to top button