Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տարասով. «ՀՀ իշխանութիւնները էսկալացիայի ռիսկ են տեսնում, մտավախութիւններ ունեն»

Օրերս Իլհամ Ալիեւի՝ ռուսական ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցին պատասխան հարցազրոյցով («Արմէնպրես»-ին) արձագանգեց Նիկոլ Փաշինեանը։

Իր հարցազրոյցներին ոչ այնքան բնորոշ կարճ տեքստային հարցազրոյցով Փաշինեանն անդրադարձել է Ալիեւի վերջին հարցազրոյցի թէզերին, ինչպէս նաեւ նոր էսկալացիայի ռիսկին, սահմանազատման գործընթացին ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին հարցին։

Նշենք, որ Ալիեւը յաճախ է հանդէս գալիս՝ ինչպէս ծրագրային ելոյթներով, այնպէս էլ հարցազրոյցներով, որոնցում բաց եւ թափանցիկ ներկայացնում է Հայաստանին ուղղւած ադրբեջանական պահանջներն ու սպառնալիքները։ Վերջին հարցազրոյցն ըստ էութեան հերթականներից էր, այն իր բովանդակութեամբ բացառիկ չէր։

Միայն որոշ նրբութիւնների բացառմամբ՝ այն ընդհանուր առմամբ հաստատում էր Բաքւի մօտեցումները հայ-ադրբեջանական բանակցութիւնների ներկայի ու ապագայի հարցում, վերահաստատում Բաքւի նախապայմանները, այսպէս կոչւած, Խաղաղութեան համաձայնագրի ստորագրման համար եւ ամրապնդում դիրքորոշումները մնացած այլ հարցերի վերաբերեալ, ինչպէս ՀՀ-ի կողմից սպառազինութիւնների ձեռքբերման, ՀՀ-ից ԵՄ դիտորդների դուրսբերման հարցերը, անպէս էլ մի քանի այլ պահանջներ, որոնք լաւագոյնս ծանօթ են հայաստանեան հանրութեանը։

Սակայն առաւել ուշագրաւ փաստն այն է, որ այս հարցազրոյցին Փաշինեանը որոշեց արձագանգել անմիջապէս ու նման ֆորմատով՝ կենտրոնանալով միայն հարցազրոյցի ու ռեգիոնալ էսկալացիայի, ինչպէս նաեւ Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ունեցած տարածքային պահանջների վրայ։

«Ես կարող եմ երաշխաւորել, որ Հայաստանն Ադրբեջանի վրայ յարձակւելու, սադրիչ գործողութիւններ ծաւալելու ոչ մի մտադրութիւն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթէ Ադրբեջանն էլ Հայաստանի վրայ յարձակւելու մտադրութիւն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հաւանականութիւնը զրօ է»,- արձագանգելով ռեգիոնալ էսկալացիայի հաւանականութեան վերաբերեալ հարցին՝ ասել է Փաշինեանը։

Յատկանշական է նաեւ, որ Փաշինեանն իր հարցազրոյցում խօսել է, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթի մասին։ Հէնց վերջերս էր ելոյթներից մէկում Իլհամ Ալիեւը, ըստ էութեան, իջեցնելով ՀՀ իշխանութիւնների մակարդակը համայնքային ներկայացուցիչների մակարդակի, ասել էր, թէ նրանք պէտք է բանակցեն, այսպէս կոչւած, Արեւմտեան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Այդ յայտարարութեանը, սակայն, ՀՀ իշխանութիւնները որեւէ մակարդակով չեն պատասխանել։

Սակայն նախօրէի հարցազրոյցում Փաշինեանը նշել է, որ, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթով պաշտօնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք արձանագրւած են Ադրբեջանի Սահմանադրութեան մէջ:

«Եթէ այդպէս չէ, ու մենք մեր ընկալումներում սխալւում ենք, ուրեմն Արեւմտեան Ադրբեջան ասելով՝ պէտք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետութեան Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբէյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետեւաբար՝ մարդկանց վերադարձն այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, եւ Հայաստանի Կառավարութիւնն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդէն քննարկում է Ադրբեջանի հետ»,- նշել է Փաշինեանը։

Նորութիւններից էր նաեւ այն, որ ըստ Փաշինեանի, եթէ չկայ կոնֆլիկտ, կարելի է չպահել կոնֆլիկտի կարգաւորմամբ զբաղւող ձեւաչափը։

«Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթէ չկայ կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգաւորմամբ զբաղւող ձեւաչափի գոյութիւնը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզւել, որ հէնց այս նոյն տրամաբանութեամբ է հարցին մօտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի» խօսոյթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետութեան տարածքի նկատմամբ ագրեսիւ քաղաքականութիւն իրագործելը չէ»,- ասել է Փաշինեանը:

Ռուս քաղաքական վերլուծաբան, արեւելագէտ, կովկասագէտ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ երկու հարցազրոյցներում ընդհանուր առմամբ լուրջ տարաձայնութիւններ չեն երեւում, յատկապէս ՀՀ իշխանութիւնների կողմից Ալիեւի պահանջներին դիմադրութիւն գրեթէ չկայ։

Տարասովի դիտարկմամբ, Ադրբեջանի բարձրացրած շատ հարցեր ընդունելի են Երեւանի համար, սակայն խաղաղութիւն չկայ, դրա հեռանկարը եւս չկա։

«Եւ, կարծում եմ, որ գլխաւոր խնդիրներից մէկը ոչ միայն պատերազմն ու դրա հետեւանքներն են, այլեւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնները, որոնք տեղի ունեցան ռեգիոնում վերջին տարիներին, այդ թւում՝ ՀՀ իշխանութիւնների օգնութեամբ, երբ ՀՀ-ն սկսեց քիչ-քիչ ՌԴ-ի հետ դաշնակցութիւնից հրաժարւելու գործընթացը։ Խախտւեց աւանդական աշխարհաքաղաքական բալանսը, Արեւմուտքը, չնայած շատ մեծ ցանկութեանը, չկարողացաւ այդ դերը ստանձնել։ Դրա փոքր ցուցադրութիւնը տեղի ունեցաւ վերջերս, երբ Ադրբեջանը մերժեց ԱՄՆ միջնորդութեան բոլոր առաջարկները, իսկ առաջարկներ եղան մի քանի մակարդակներում։

Պետդեպարտամենտը յայտարարել է, որ մինչեւ վերջին օրն աշխատելու է գործընթացում յաջողութեան հասնելու համար։ Սակայն դա ակնյայտօրէն չի յաջողւում, Ադրբեջանը բացայայտօրէն քննադատում է Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, մերժում նրանց միջնորդութիւնը»,- նման կարծիք յայտնեց վերլուծաբանը։

Իսկ կողմերի միջեւ, նրա որակմամբ, ծանր իրավիճակ է, քանի որ Ադրբեջանը մաքսիմալ ճնշումներով փորձում է հասնել առաւելագոյնին։

«Էսկալացիան ինձ համար տրամաբանական չի թւում, սակայն ներկայիս իրավիճակները չունեն որեւէ տրամաբանական գիծ ու բացատրութիւն, ինչպէս, օրինակ՝ սիրիական իրավիճակում։ Ուստի նման իրավիճակում, իհարկէ, ռիսկեր կան, ու թերեւս հայկական կողմի նմանատիպ արագ արձագանգն Ադրբեջանի ղեկավարի հարցազրոյցին գուցէ նպատակ ունի ահազանգել վտանգների մասին, հայկական կողմը որոշակի անհանգստութիւն ունի, ուստի ազդարարում է, որ հայկական կողմից նման ռիսկ չկայ։ Սա թէ ներքին, թէ արտաքին լսարանի համար արւող յայտարարութիւն է։ Իսկ թէ ինչ խնդիր է լուծում, թերեւս, ընթացիկ, եւս մէկ անգամ յայտարարւում է Երեւանի դիրքորոշումը, քանի որ բանակցութիւնների բացակայութիւնը կարող է իրավիճակը տանել սրման»,- նկատեց Տարասովը։

Սակայն, նրա խօսքով՝ պէտք է հասկանալ, որ Թուրքիան, բացի առաջընթացը, Սիրիայում քրդական լուրջ խնդրի է բախւում։ «Թուրքական կողմը դա կարծես միայն հիմա է զգում, Սիրիայի նոր իշխանութեանն աջակցելով՝ Էրդողանը ցանկանում է, որպէսզի սիրիական նոր իշխանական ուժը վերահսկողութիւն հաստատի սիրիական ողջ տարածքի նկատմամբ, այնինչ կան քրդաբնակ եւ քրդական ազդեցութեամբ շրջաններ, իսկ քրդերին աջակցում է ԱՄՆ-ը։ Ուստի Թուրքիան չի կարող ուղիղ թիրախաւորել քրդերին, օպերացիա իրականացնել այնտեղ, ինչն էլ նշանակում է, որ ներսում դիմակայութիւնը պէտք է շարունակւի։ Սա այս փուլում լուրջ մարտահրաւէր է Թուրքիայի համար, Թուրքիան ցանկանում է իր կողքին ունենալ ոչ թէ բաժան-բաժան եղած Սիրիա, այլ միասնական տարածք, որը կարծես չի յաջողւելու։ Ես Սիրիայի վերջին զարգացումները կորակէի քրդական թակարդ Էրդողանի համար։ Այս փուլում որքանո՞վ է հնարաւոր էսկալացիա Անդրկովկասում՝ շատ բարդ է ասել»,- նկատեց նա։

Տարասովի կարծիքով, ուշագրաւ է, որ Երեւանն ու Բաքուն կոնսենսուս ունեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ գործունէութիւնը պաշտօնապէս կասեցնելու հարցում։

«Ըստ էութեան նոյնիսկ առանց կոնսենսուսի բարդ է պատկերացնել, որ այդ ձեւաչափը երբեւէ կը կարողանայ վերակենդանանալ։ Սակայն հասկանալիօրէն Ադրբեջանն այդ պահանջը դնում է պաշտօնապէս, որպէս հակամարտութեան աւարտ՝ ներկայիս պայմաններով, միջազգայնօրէն ամրագրող գործողութիւն։ Այն պէտք չէ գերագնահատել, որովհետեւ եթէ հարկ լինի՝ այս կամ այն կենտրոնը կը բարձրացնի այս կամ այն հարցը կամ կը համարի հակամարտութիւնը չկարգաւորւած, սակայն Ադրբեջանն ընթանում է իր համար առկայ խնդիրները վերացնելու ճանապարհով՝ նւազեցնելով հետագայում ստեղծւելիք խնդիրների հաւանականութիւնը»,- ասաց Տարասովը։

Related Articles

Back to top button