Կարէն Իգիթեան. «Ուզում են զինաթափել Հայաստանը. արդէն խօսում են 1-1.5 մլն. ադրբեջանցիների վերադարձի մասին»

«ԱԼԻՔ» – «Արցախը յանձնելու բոլոր փաստաթղթերը Նիկոլ Փաշինեանը ստորագրել է եւրոպական հարթակում. Վերահաստատեց Ալմա Աթայի հռչակագիրը, յետոյ արդէն ճանաչեց Ադրբեջանի 86.600-ը, կնքեց Արցախի յանձնումն ու այն էթնիկ զտումը, որն Ալիեւն իրականացրեց: Հիմա նոյնը կատարւում է Սիրիայում. Եւրոպացիք, ժողովրդի լեզւով ասած՝ պեչատ են դնում տեղի ունեցողի վրայ, ասում են՝ նորմալ է, որ Սիրիայի «իշխանութիւնը» կոտորում է մարդկանց»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Իգիթեանը՝ շեշտելով, ԵՄ-ն յստակ ցոյց է տալիս՝ միաւորւած են ոչ թէ արժէքների, այլ շահերի շուրջ:
«Որտեղ կայ իրենց շահը, էլ չեն նայում ոչ մի արժէքի: Մենք սա տեսել ենք Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի դէպքում: Օրինակ՝ Հայաստանի դէպքում, երբ չափից շատ բռնութիւն կար ընդդիմութեան հանդէպ՝ ոստիկանութիւնը ծեծում էր մարդկանց, ուժ էր կիրառում պատգամաւորների նկատմամբ, ԵՄ-ից ասում էին, որ հիացած են ՀՀ ոստիկանութեան գործողութիւններով: Իրենք հէնց նշում էին, որ ՀՀ իշխանութիւններն իրենց դաշնակիցն են. ոչ թէ երկիրը, այլ իշխանութիւնը: Արցախի հարցում նշեցինք, որ իրենց բերած թղթերով Ալիեւն արեց էթնիկ զտում, որից յետոյ իրենք շնորհաւորեցին Ալիեւին եւ նշեցին, որ նա իրենց էներգետիկ ոլորտում անվտանգութեան երաշխաւոր է: Ալիեւն ինչ անում է Ադրբեջանի ներսում, որեւէ խնդիր չեն տեսնում, կեղծ ընտրութիւնները բոլորն ընդունեցին, բայց երբ Վրաստանում էին ընտրութիւններ, յիշում էք՝ ինչ տիպի ճնշումներ էին: Այս իրավիճակում ենք գտնւում, երբ արժէքներն ուղղակի յայտարարւած են, բայց չեն աշխատում, աշխատում են միայն շահերը»,- շեշտեց նա:
Կարէն Իգիթեանը նկատեց՝ Սիրիայում տեղի ունեցող վայրագութիւնների թիւ մէկ շահառուն Թուրքիան է. «Թուրքիան իրեն բնորոշ ոճով զաւթել է տարածքը եւ հիմա էթնիկ զտում է իրականացնում: Երկրորդ՝ Թուրքիան միայնակ չէ այդ ամենում, եւ ԵՄ յայտարարութիւնն այդ մասին է, որ Արեւմուտքը գլոբալ առումով կանգնած է Թուրքիայի թիկունքում: Այստեղ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ Պետդեպը դէմ է արտայայտւել այդ ամենին, բայց Պետդեպն այլ հարցեր ունի նաեւ ԵՄ-ի հետ՝ այլ հարցով»:
Անդրադառնալով Բաքւում ընթացող կեղծ դատավարութիւններին՝ նա նշեց, որ Ադրբեջանն ամէն ինչ անում է նրա համար, որ Հայաստանին պատասխանատւութեան կանչի. «Այս «դատավարութիւնը» միայն Արցախի ղեկավարութեան դէմ չէ, այն ՀՀ-ի դեմ է: Իրենք այս ամէնն անում են, որպէսզի յետոյ իրենց հարւածը Հայաստանին աւելի լեգիտիմ հիմք ունենայ»:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների կարմիր գիծն իշխանութիւնը պահելն է. «Հարցերը տարածաշրջանում լուծւելու են զինւած ուժով: Զինւած ուժի դէմ թղթով չես կարող առնել: Փաստաթուղթ ունենալը շատ լաւ է, պէտք է ձգտել փաստաթղթեր ունենալ, բայց միայն թղթով դրա դիմացը չես կարող առնել: Եթէ նպատակն այն է, որ 10 կամ 20 տարի յետոյ ՀՀ-ի փոխարէն լինի «Արեւմտեան Ադրբեջան», ապա այսպէս զիջելով՝ կարող ենք զինւած բախման չհասնել, որովհետեւ եթէ ասում ես՝ լաւ, թող այս մարդիկ մտնեն, որտեղ մտնում են՝ ժողովրդին ասում ես՝ դուրս եկէք, որ բախում չլինի, այո, կարող է չլինել, բայց հարցն այն է՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ ՀՀ եւ այստեղ ապրել՝ որպէս հայ մարդ»:
Դիտարկմանը՝ Փաշինեանն էլ է այդ հարցը տալիս եւ ասում, որ դրական պատասխանի պարագայում հարկաւոր են գաղափարական տրանսֆորմացիաներ, նա արձագանգեց. «Գուցէ հակառակը, ուրեմն՝ մեզ պէտք է մոբիլիզացւել, որովհետեւ գաղափարական տրանսֆորմացիաներն ինչի՞ մասին են. պարտւել ենք, պէտք է ընդունենք իրենց պահանջը, բայց իրենց պահանջը Դեր Զորն է:
Թուրքերի հիմնական ուզածն ի՞նչ էր՝ հայերը պէտք է ապրեն Դեր Զորում եւ այնտեղ մահանան: Հիմա մօտաւորապէս նոյն մօտեցումն է թուրք-ադրբեջանական տանդեմի մօտ: Ինչքան ուզում ես՝ տրանսֆորմացւի, ինչքան դու զիջում ես, քո հակառակորդն այնքան մեծացնում է պահանջները, եւ, ի վերջոյ, հասնելու են նրան, որ այստեղ հայեր չեն լինելու, լինելու է «Արեւմտեան Ադրբեջան», եթէ այսպէս շարունակւի»:
Նա շեշտեց՝ Ադրբեջանը բաց խօսում է իր պլանների մասին. «Նրանք ուզում են զինաթափել Հայաստանը, սկզբից խօսում էին 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին, բայց արդէն խօսում են 1-1.5 միլիոնի մասին, պնդելով, թէ ՀՀ տարածքից նրանք դուրս են եկել, յետոյ բազմացել են, այսպիսի մեծ թիւ է ստացւել:
Նրանց ասելով՝ այդ մարդիկ պէտք է գան ՀՀ եւ ունենան որոշակի իրաւունքներ, այդ իրաւունքներն էլ պէտք է ունենան երաշխաւորներ: Թուրքիայի համար դա պրակտիկա է, նա դա արել է Կիպրոսում, անում է Սիրիայում, եւ ուզում են այսպիսի հիմք ստեղծել այստեղ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղիղ խառնւելու համար: Ի վերջոյ, պլանն այն է, որ ՀՀ-ի տեղը լինի Արեւմտեան Ադրբեջան: Եթէ չկարողանան դա անել վերաբնակեցման փաստաթղթի միջոցով, ապա կընդունեն անխոչընդոտ երթեւեկելու Փաշինեանի առաջարկը, որովհետեւ եթէ կարողանան ՀՀ ճանապարհներից օգտւել, ինչ-որ պահից ռամիլսաֆարովներ են գալու եւ հրահրեն հակամարտութիւն, որից օգտւելով՝ ասելու են՝ տեսա՞ք, Ալիեւը դեռ երբ էր ասում, որ ֆաշիստական պետութիւն է, պէտք է մի բան անել»: