ՀՀ օրւայ իշխանութիւնը լաւ գիտի, թէ ինչ է արել Արցախի հետ
«ԱԼԻՔ» – Յունւարի 21-ին խորհրդարանում ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը կրկին սպառնացել էր Արցախի Հանրապետութեան պաշտօնեաներին, ասելով՝ թող լռեն ու ՀՀ գործերին չխառնւեն, Արցախում իրենց արածների հետեւանքները տեսել ենք արդէն։
«Ղարաբաղի նախկին պաշտօնեաների ասածներին միտւած չեմ հետեւել ու համարում եմ, որ լաւ կը լինի, եթէ իրենք հնարաւորինս շատ չխառնւեն, լռեն։ Իրենք ինչքան խառնւեցին, դրա հետեւանքը տեսանք։
Կարծում եմ՝ իրենց կողմից ճիշտը լռելն է։ Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք՝ փախստական։ ՀՀ իշխանութիւնը մէկն է, եւ, այո, մենք պէտք է որոշում կայացնենք, եւ իրենք ենթարկւեն այդ որոշումներին, այլ ոչ թէ փորձեն ինչ-որ առանձին օրակարգ առաջ բերեն։ Դա չի ստացւելու, թոյլ էլ չենք տալու, ու թող յանկարծ չսխալւեն, բազմիցս դրա մասին ասել ենք»,- նշել էր Ալէն Սիմոնեանը՝ արձագանքելով արցախահայերի այն քննադատութիւններին, որ Բաքւում պահւող գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու համար ՀՀ իշխանութիւնը ոչինչ չի անում։
ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր, ԱՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ, պատմաբան Վահրամ Բալայեանի համար արդէն զարմանալի չէ, երբ ՀՀ իշխանութիւններն Արցախի յանձնման, գերիներին ու պատանդներին աչքաթող անելու մեղաւորներին փնտրում են իրենցից դուրս։
«Ամէն ինչ խօսելով չէ, Ալէն Սիմոնեանն իր ասածների փաստերն ունի՞, իսկ որ Արցախը յանձնել են իրենք՝ 2022 թւականին Պրահայում, փաստ է։ Երբ մարդը մի բան է ասում, դրան պէտք է յետեւի փաստերի ցուցադրումը։ Օրինակ, մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինեանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, կարո՞ղ են իրենք սրան հակափաստարկ բերել, չե՛ն կարող։
Կարող եմ մի բան ասել՝ այս իշխանութիւնների վերջին տարիներին ասած որեւէ յայտարարութեան մէջ նորութիւն չկայ՝ փորձում են իրենց ամբողջ մեղքը բարդել այլոց վրայ, իրենցից հեռացնել, սա է իրականութիւնը»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Վահրամ Բալայեանը։
Բալայեանը նաեւ շեշտեց՝ ՀՀ օրւայ իշխանութիւնը լաւ գիտի, թէ ինչ է արել Արցախի հետ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հիմա փորձում են գտնել մարդկանց, որոնց դրա համար կը մեղադրեն։ Իսկ դրա համար ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք այս պահին խեղճ են, զրկւած հայրենիքից, տնից, նրանց հեշտ է մեղադրել։
«Ինձ մէկ հարց է հետաքրքրում ու ինձ համար զարմանալի է՝ եթէ Արցախն իրենք չեն յանձնել, ապա ինչո՞ւ այս պահին չեն բարձրաձայնում արցախահայերի հաւաքական վերադարձի հարց։
Ադրբեջանն այսօր մշտապէս խօսում է «Արեւմտեան Ադրբեջանի» մասին, դրա հետ կապւած մարմիններ է ձեւաւորել, իսկ ՀՀ իշխանութիւնն ինչո՞ւ միջազգային ատեաններում չի բարձրաձայնում արցախահայերի հիմնարար իրաւունքների հարցը։
Հասկանո՞ւմ էք, այս ամէնն անպտուղ բան է, սա վնասում է ՀՀ անվտանգութեանը, մեզ աւելի խոցելի է դարձնում։ Եթէ իշխանութիւնը բարձրացնի արցախահայերի վերադարձի, նրանց անվտանգութեան հարցը, հայկական կողմի համար լաւ դիրքեր կապահովի, բայց փոխարէնը ՀՀ իշխանութիւնները կեղծ թէզ են ձեւաւորել ու խօսում են դրանց շուրջ»,- ընդգծեց Վահրամ Բալայեանը։