Ցեղասպանութիւնը ժխտող Թուրքիայի լաբբիստը պէտք է իր վաստակած գումարը նւիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիւինգսթոնն անցեալ շաբաթ մեկնաբանութիւն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացեալ Նահանգների պաշտօնաթող գլխաւոր դատախազ Մերիկ Գարլենդին ներողութիւն խնդրել «Լիւինգսթոն խումբ» (Livingston Group) լաբբիստական ընկերութեան հետաքննութեան համար, որին Թուրքիայի կառավարութիւնը միլիոնաւոր դոլարներ է վճարել Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու եւ դրա ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից արգելափակելու համար։
Լիւինգսթոնը Գարլենդին մեղադրում է «Դեմոկրատական կուսակցութեան ռազմավարութեան գործիք լինելու մէջ, որը չարաշահում է արդարադատութեան նախարարութիւնը՝ տարբեր քաղաքական հայեացքներ ունեցող անմեղ մարդկանց նկատմամբ անարդարութիւն գործելու համար»։ Լիւինգսթոնը եղել է հանրապետական կոնգրեսական 1977-1999 թւականներին: Նախատեսւում էր, որ նա դառնալու էր Ներկայացուցիչների պալատի խօսնակ, սակայն նա հրաժարական տւեց իր արտամուսնական կապի բացայայտումից յետոյ: Հետագայում նա հիմնեց եւ 25 տարի շարունակ ղեկավարեց «Լիւինգսթոն խումբ» ընկերութիւնը:
Լիւինգսթոնն իր մեկնաբանութեան մէջ գրել է, որ «2022 թւականին Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի (ՀԴԲ) երկու գործակալներ եկան իմ տուն, Նոր Օռլեան եւ [2,5 ժամ] ինձ հարցաքննեցին՝ 2018 թ․ միջազգային յաճախորդի մեր ներկայացուցչութեան հետ կապւած միջադէպերի վերաբերեալ»։ ՀԴԲ-ի գործակալները ներկայացրեցին «խուզարկութեան հրաման իմ ընկերութեան բոլոր գրառումների համար՝ կապւած իրենց հարցերի հետ»։ Յաջորդ օրը ՀԴԲ-ն նրան յայտնեց, որ նա «յանցագործութեան մեղադրանքի թիրախ է»։
Լիւինգսթոնը յայտարարեց, որ 2023 թւականի դեկտեմբերին ՀԴԲ-ի գործակալը հարցազրոյց է ունեցել իր աշխատակիցներից մէկի հետ, որը «սաստիկ վախեցած էր։ 2023 թւականի դեկտեմբերի 31-ին նա քնեց, իսկ յաջորդ օրը չարթնացաւ»։ Լիւինգսթոնը գրել է, որ «20 ամսւայ ընթացքում ամէն օր ու գիշեր ես ապրում էի այն հաւանականութեամբ, որ մուրճը կարող է ընկնել ցանկացած պահի: Այն ամէնը, ինչի համար ես աշխատել եմ, կը վարկաբեկւէր, իմ ընկերութիւնը կը փլուզւէր, աշխատողներս կը կորցնէին իրենց աշխատանքը, բոլորս զրպարտւելու էինք մամուլի կողմից, իսկ ես կարող էի յայտնւել բանտում»։
Լիւինգսթոնը պնդել է, որ ինքն ու իր ընկերութիւնն «անմեղ են բոլոր մեղադրանքներից …. Մենք անհաւատալի գումարներ ենք ծախսել փաստաբանի վրայ, երեք անգամ աւելին, քան վաստակել ենք ներկայացնելով խնդրոյ առարկայ յաճախորդին: Մեր փաստաբանները պատրաստել են 88 էջանոց համառօտագիր՝ հերքելով բոլոր մեղադրանքները։ Նրանք յաջողութեամբ հանեցին մեղադրանքները, բայց ես համոզւած եմ, որ [արդարադատութեան] դեպարտամենտի գործողութիւնները եղել են քաղաքական եւ չարամիտ՝ ուղղւած իմ դէմ որպէս լաբբիստի, որն աջակցում էր Դոնալդ Թրամփին եւ քննադատում նախագահ Բայդէնին …. Մեր գործի վաղեմութեան ժամկէտը լրացաւ նոյեմբերին, եւ մեղադրողներն ասացին, որ իրենք այլեւս շահագրգռւած չեն մեղադրանք առաջադրելու մէջ»:
Բաւարարւելու փոխարէն, որ իր եւ իր ընկերութեան դէմ ուղղւած մեղադրանքները հանւել են, Լիւինգսթոնը շարունակեց պնդել, որ «Թրամփի վարչակազմի անդամները եւ անձամբ պարոն Թրամփը հետապնդւել եւ ձերբակալւել են: Նրանց կեանքը կործանւել է գրասենեակային աշխատանքի աննշան խախտումների պատճառով: Թրամփը յաղթել է իրեն ոչնչացնելու փորձերը, բայց միւսների բախտն այնքան էլ չի բերել»: Լիւինգսթոնը յարմար կերպով մոռացել է, որ Թրամփը դատապարտւել է սեռական ոտնձգութիւնների եւ 34 յանցագործութիւնների համար՝ դառնալով Միացեալ Նահանգների առաջին նախագահը, որը դատապարտւած յանցագործ է:
Լիւինգսթոնի բողոքը համատեքստի մէջ դնելու համար եկէք մի փոքր աւելին իմանանք այս մարդու մասին եւ տեսնենք, թէ ով ումից պէտք է ներողութիւն խնդրի։
«Նիւ Եօրք Թայմզ»-ը, 2007 թւականի հոկտեմբերի 17-ին հրապարակւած՝ «Թուրքիայի մարդը Կապիտոլիումում» վերնագրով յօդւածում, ներկայացրել է Լիւինգսթոնի ընկերութեան չարագործ գործունէութեան մասնակի ցուցակը՝ յանուն ցեղասպանութիւնը ժխտող Թուրքիայի միլիոնաւոր դոլարների:
«Թայմզ»-ը Լիւինգսթոնին նկարագրել է որպէս «Թուրքիայի գլխաւոր լաբբիստ, որն արգելափակում է Կոնգրեսի ջանքերը՝ ընդունելու Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւը: Երկու անգամ յաջողութեան հասնելուց յետոյ [2000 եւ 2004 թւականներին] եւ իր ընկերութեան՝ «Լիւինգսթոն խմբի» համար հաւաքելով աւելի քան 12 միլիոն դոլար՝ նա կրկին առաջ է մղում իր յաճախորդին …. Նա թուրք պաշտօնեաներին ուղեկցել է Կապիտոլիում՝ զգուշացնելու, որ բանաձեւը սպառնում է ոչնչացնել իրաքեան պատերազմի ուժեղ դաշինքը»:
«Բանաձեւին աջակցող [Ներկայացուցիչների պալատի] անդամների շրջանում դասալքութիւնների աճը ցոյց տւեց, որ պարոն Լիւինգսթոնի հզօր ջանքերը թափ են հաւաքում», գրում է «Թայմզ»-ը: «Պարոն Լիւինգսթոնը փող է շաղ տւել Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների, Ազգային հանրապետական Կոնգրեսի յանձնաժողովի եւ այլ քաղաքական կազմակերպութիւնների վրայ: Նա եւ իր ընկերութիւնն աւելի քան 200 հազար դոլար են նւիրաբերել նախընտրական քարոզարշաւին վերջին ընտրական շրջանում, ցոյց են տալիս արձանագրութիւնները …. Այս հարցում Թուրքիայի փողերն ու բարձր մակարդակի կապերը հակադրւում են ամերիկահայ քաղաքացիական խմբերի յամառ եւ զգացմունքային արշաւին»,- գրել է «Թայմզ»-ը։
Թուրքական կառավարութիւնը, ոչ մի քար քարի վրայ չթողնելու համար, վարձեց նաեւ «նախկին կոնգրեսական Սթիւեն Ջ. Սոլարզին, որի ընկերութիւնն այս ամառ ստացաւ 165 հազար դոլար՝ պարոն Լիւինգսթոնի հետ համաձայնագրով Թուրքիայի անունից լաբբինգ իրականացնելու համար»։ Թուրքիան նաեւ վարձեց «մէկ այլ նշանաւոր լոբբիստ Ռիչարդ Ա. Գեբհարդտին Միսսուրիից՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնութեան նախկին առաջնորդ եւ դեմոկրատ», որը համահովանաւորել էր Ցեղասպանութեան մասին բանաձեւը, երբ Ներկայացուցիչների պալատի անդամ էր: Նրա «DLA Piper» ընկերութիւնը Թուրքիայի հետ մէկ տարւայ լաբբիստական պայմանագիր է կնքել 1.2 միլիոն դոլարով: Միայն 2005 թւականի օգոստոսից սկսած 12 ամիսների ընթացքում Թուրքիան 3.2 միլիոն դոլար ծախսեց լաբբիստների եւ հասարակայնութեան հետ կապերի ընկերութիւնների վրայ։
«Լիւինգսթոն խումբը» լաբբինգ է իրականացրել նաեւ Ադրբեջանի, Կոնգոյի եւ Կայմանեան կղզիների համար։ «Ընկերութեան եկամտի աւելի քան մէկ քառորդը, որը կազմում է աւելի քան 71 միլիոն դոլար, ստացւել է օտարերկրեայ յաճախորդներից», բացայայտել է «Թայմսի» յօդւածը:
Փոխարէնը պահանջելու, որ գլխաւոր դատախազ Գարլենդը ներողութիւն խնդրի, Լիւինգսթոնն ինքը պէտք է ներողութիւն խնդրի համաշխարհային հայ համայնքից՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտման իր նողկալի ստերը տարածելու եւ շահոյթ ստանալու համար: Լիւինգսթոնը պէտք է Թուրքիայում իր վաստակած 12 միլիոն դոլարը նւիրաբերի Ամերիկայի հայկական կազմակերպութիւններին՝ իր եւ իր ընկերութեան թոյլ տւած կեղծիքների հատուցման համար։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ