Վարդան Ոսկանեան. «Վելայաթին օգտագործել է Առան տեղանունը՝ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչւելու իրաւունքը»

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին օգտագործել է Առան տեղանունը՝ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչւելու իրաւունքը: Այս մասին Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«Վերջերս «Ալ Արաբիա» ալիքին հարցազրոյցում Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխը վիրաւորական բնորոշումներ էր տւել Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին, ինչը չէր կարող անպատասխան մնալ։
Վելայաթին օրերս անդրադառնալով արհեստածին Ադրբեջանում անցկացւելիք ռաբբիների համաժողովի մասին լուրերին, ոչ միայն խիստ քննադատութեան է ենթարկել Բաքւի բարբարոսական վարչախումբը, այլ նաեւ, թերեւս, իրանցի առաջին բարձրաստիճան պաշտօնեան է, որն արհեստածին Ադրբեջանի համար զուգահեռաբար օգտագործել է Առան տեղանունը՝ իրանական դիւանագիտութեանը բնորոշ նրբութեամբ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչւելու իրաւունքը։
Բանն այն է, որ 1918 թ. օսմանեան ջարդարար էքսպեդիցիոն կորպուսի սւինների օգնութեամբ Արեւելեան Այսրկովկասում, այսպէս կոչւած, Ադրբեջան անւանումով արհեստածին կազմաւորման ձեւաւորումը տեղի է ունեցել, մեծամասամբ, հէնց Կուրի ձախափնեայ Առան (հայկական աւանդոյթում՝ Աղւանք նաեւ Առան) երկրամասի տարածքում՝ բնիկ իրանական Ատրպատական երկրամասի անւան իւրացմամբ»,- գրել է նա: