Լիւքսեմբուրգի Պատգամաւորների պալատը Բաքւnւմ պահւnղ հայերի մասին բանաձեւ է ընդունել
«ԱԼԻՔ» – Լիւքսեմբուրգի Պատգամաւորների պալատը բանաձեւ է ընդունել, որտեղ հաշւի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կիրառւող պատժամիջոցները, որոնք ուղղւած են պատգամաւորների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների խօսքի ազատութեան դէմ։
Զեկոյցով Պատգմաւորների պալատն Ադրբեջանից նաեւ պահանջում է անյապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկւած բոլոր անձանց։
Զեկոյցն ամբողջովին ներկայացնում ենք ստորեւ.
«Պատգամաւորների պալատը հաշւի առնելով՝
– Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2024 թ. յունւարի 24-ին ընդունւած 2527 բանաձեւը՝ ընդգծելով այդ լիազօրութիւնների օրինականութեան եւ համապատասխանութեան վերաբերեալ բարձրացւած մտահոգութիւնները,
– Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան կողմից 2024 թ. օգոստոսի 26-ին ընդունւած որոշումը՝ ԵԽԽՎ 76 պատգամաւորներին, ներառեալ լիւքսեմբուրգցի պատգամաւորներ Օկտաւի Մոդերին եւ Իւ Կրուխտենին, յայտարարել որպէս անցանկալի անձ persona non grata,
– Լիւքսեմբուրգի եւ Եւրոպայի խորհրդի 13 անդամ պետութիւնների համատեղ խիստ դատապարտումը՝ ուղղւած ժողովրդավարական ճանապարհով ընտրւած պատգամաւորների նկատմամբ կիրառւող այդ միջոցառմանը եւ դրա չեղարկման վերաբերեալ յստակ կոչին,
– ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան եզրակացութիւնները, որոնք նշում են, որ 2024 թ․ փետրւարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրութիւնները տեղի են ունեցել սահմանափակ եւ քննադատական ձայների ճնշման միջավայրում՝ առանց էական քաղաքական այլընտրանքների,
– Եւրոպական խորհրդարանի 2024 թ․ հոկտեմբերի 24-ի բանաձեւը, որը մատնանշում է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից քաղաքացիական հասարակութեան, ակտիւիստների, քաղաքական ընդդիմադիրների եւ անկախ լրատւամիջոցների դէմ ճնշումների ուժեղացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ,
– Amnesty International-ի եւ Human Rights Watch-ի զեկոյցները, ըստ որոնց, մօտ 300 մարդ ներկայումս անօրինական կերպով բանտարկւած է Ադրբեջանում՝ քաղաքական պատճառներով,
Յիշեցնում է.
– Նախկինում ընդունւած բանաձեւերը Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ,
– բաց երկխօսութեան կարեւորութիւնը քաղաքացիական հասարակութեան եւ հասարակական կազմակերպութիւնների հետ՝ նրանց գործունէութեան ազատութիւնն ապահովելու նպատակով,
դատապարտում է.
– Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կիրառւող պատժամիջոցները, որոնք ուղղւած են պատգամաւորների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների խօսքի ազատութեան դէմ,
– քաղաքացիական հասարակութեան, լրագրողների եւ այլ քննադատների դէմ ուղղւած կամայական բանտարկութիւնները,
պահանջում է.
– անյապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկւած բոլոր անձանց,
– վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրւած ներկայացուցիչների ազատ տեղաշարժը, յանձնարարում է,
– Պատգամաւորների պալատի նախագահին այս տեքստը պաշտօնապէս փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ որպէս խորհրդարանական երկխօսութեան եւ դիւանագիտութեան յանձնառութեան նշան,
– Լիւքսեմբուրգի պատւիրակութեանը ԵԽԽՎ-ում ներկայացնել արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թւականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում,
– Լիւքսեմբուրգի պատգամաւորներին օգտագործել խորհրդարանական դիւանագիտութեան բոլոր հնարաւորութիւնները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակութեանը եւ խաղաղ հաւաքների իրաւունքին,
վերստին հաստատում է.
– իր յանձնառութիւնը պաշտպանելու ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնն ու մարդու իրաւունքները՝ դրանք դնելով Ադրբեջանի հետ երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների կենտրոնում»: