Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայկական իրաւական կենտրոնը» դատապարտում է ադրբեջանցի պատերազմական յանցագործի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ Հայաստանի կառավարութեան որոշումը

Հայ Դատի համակարգում գործող, Վաշինգտոնում տեղակայւած «Հայկական իրաւական կենտրոնը» խստօրէն դատապարտել է ադրբեջանցի պատերազմական յանցագործ Քամիլ Զէյնալիի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ Հայաստանի կառավարութեան որոշումը։

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք Հայկական իրաւական կենտրոնի յայտարարութիւնը։

«Հայկական իրաւական կենտրոնը» խորին հիասթափութիւն եւ մտահոգութիւն է յայտնում Հայաստանի իշխանութիւնների վերջին սարսափելի որոշման կապակցութեամբ, որով յետ է կանչւում Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զէյնալիի նկատմամբ՝ միջազգային հետախուզումը։ Նա մեղադրւում է 2020 թւականի Արցախեան պատերազմի ժամանակ իրականացրած դաժան պատերազմական յանցագործութիւնների մէջ։ Զէյնալին, ըստ հաղորդումների, Հադրութի շրջանում գլխատել է տարեց քաղաքացու՝ այդպիսով կատարելով միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում։

Այս որոշումը, որը, ըստ հաղորդումների, կապւած է միմեանց քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում չիրականացնելու վերաբերեալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2007 թւականին ձեռք բերւած համաձայնութիւն հետ։ Սակայն այն խաթարում է արդարադատութեան եւ հաշւետւողականութեան հիմնարար սկզբունքները։ «Հայկական իրաւական կենտրոնը» համոզւած է՝ նման համաձայնութիւնները չեն կարող չեղարկել պատերազմական յանցագործութիւնների համար սահմանւած միջազգային հետախուզումները, որոնք համընդհանուր ճանաչւած են որպէս մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւններ։

Հետախուզման չեղարկումը համընկել է Հայաստանի կառավարութեան կողմից Ադրբեջանին ուղղւած այլ զիջումների հետ, այդ թւում՝ միջազգային ատեաններում Ադրբեջանի դէմ ներկայացւած հայցերից հրաժարւելու պատրաստակամութեան։ Այս գործողութիւնները վրդովմունք են առաջացրել մարդու իրաւունքների պաշտպանների եւ ընդդիմադիր գործիչների շրջանում, որոնք դրանք գնահատում են որպէս դաւաճանութիւն՝ պատերազմի զոհերի յիշատակին, ինչպէս նաեւ անպատժելիութեան վտանգաւոր նախադէպ։ Միջազգային իրաւունքի եւ դրանով սահմանւած փոխյարաբերութիւնների ու հատուցման հնարաւորութիւնների մերժումը ինչպէս տեղական, այնպէս էլ միջազգային մակարդակում խարխլում է օրէնքի գերակայութեան հիմքերը։

«Հայկական իրաւական կենտրոնը» Հայաստանի կառավարութեանը յորդորում է՝ վերանայել իր որոշումը եւ պահպանել յանձնառութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան զոհերի համար արդարադատութեան ապահովման գործում։ Բացի այդ, «Հայկական իրաւական կենտրոնը» կոչ է անում միջազգային կազմակերպութիւններին եւ մարդու իրաւունքների մարմիններին՝ միջամտել ապահովելու, որպէսզի պատերազմական յանցագործութիւնների մէջ մեղադրւող անձինք ենթարկւեն պատասխանատւութեան։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

14 ապրիլ 2025 թ.

Related Articles

Back to top button