ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի յայտարարութիւնը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի վերաբերեալ

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը նկատի է ունենում Երեւանում անցկացւած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պատմական նշանակութիւնը։ Եւրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայութիւնը ազդարարում է եւրոպական ղեկավարութեան ողջունելի պատրաստակամութիւնը՝ անմիջականօրէն ներգրաււելու հայ հասարակութեան հետ։ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը, այնուամենայնիւ շեշտում է, որ դիւանագիտական ներկայութիւնը այժմ պէտք է վերածւի կոնկրետ գործողութիւնների, որոնք կը պաշտպանեն Հայաստանի ինքնիշխանութիւնն ու նրա ժողովրդի իրաւունքները։
Մինչ գագաթնաժողովը ՀՀ-ԵՄ յարաբերութիւններում արձանագրեց «Նոր գլուխ», մենք ԵՄ ղեկավարներին յիշեցնում ենք, որ այս յարաբերութեան հիմքը՝ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը (CEPA), ենթադրում է դատական խստապահանջ բարեփոխումներ, ինստիտուցիոնալ դիմակայունութիւն եւ ժողովրդավարական արժէքների ամրապնդում։ Որպէսզի «Հայաստանի ապագան որոշւի ազատ եւ ժողովրդավար ձեւով՝ իր քաղաքացիների կողմից», անհրաժեշտ է իրականացնել համապարփակ փոփոխութիւններ՝ ապահովելու ընտրական ամբողջականութիւնը, ընդդիմութեան իրաւունքները, լրատւամիջոցների անկախութիւնը եւ ընտրական գործընթացի ընթացքում արտաքին միջամտութիւններից պաշտպանութիւնը՝ մի հասկացութիւն, որը, ցաւօք, այս նոյն գագաթնաժողովի ընթացքում որոշ եւրոպացի ղեկավարների կողմից չկիրառւեց։
Համատեղ հռչակագիրը ընդգծում է համագործակցութեան երեք հիմնական ուղղութիւն՝ էներգետիկա, կապակցւածութիւն եւ թւային ենթակառուցւածք։ Թէեւ այս տնտեսական յենասիւները կարող են կենսական լինել երկարաժամկէտ աճի համար, եթէ կիրառւեն ռազմավարական կերպով եւ ներքին բարեփոխումների հետ համադրաբար, Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը հարց է բարձրացնում, թէ ինչպէս այս տեխնիկական նախագծերը կուժեղացնեն Հայաստանի անմիջական անվտանգութիւնը, եթէ դրանք չուղեկցւեն տարածաշրջանային ագրեսիայի դէմ յստակ դիրքորոշմամբ։
Կարեւոր է նկատել, որ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը խոր մտահոգութիւն եւ հիասթափութիւն է արտայայտում գագաթնաժողովի պաշտօնական քննարկումներից Արցախի ամբողջական բացակայութեան վերաբերեալ, չնայած Եւրոպական խորհրդարանի յստակ մանդատին (2026 թ. ապրիլի 30-ի բանաձեւ), որը բացայայտօրէն՝
- դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան էթնիկ զտումը,
- պահանջում է Բաքւում պահւող հայ պատանդների եւ ռազմագերիների անյապաղ ազատ արձակում,
- կոչ է անում պաշտպանել եւ միջազգային մոնիթորինգի ենթարկել Ադրբեջանի կողմից ներկայումս ոչնչացւող հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը։
Գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը լուռ մնաց այս գոյաբանական խնդիրների վերաբերեալ։ Այս բացթողումը կտրուկ հակասութիւն է Եւրոպական խորհրդարանի կոչին՝ արդարութեան եւ միջազգային երաշխիքների ներքոյ Արցախի տեղահանւած ժողովրդի վերադարձի իրաւունքի վերաբերեալ։
Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը համաձայն է Եւրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունութիւնը» չի կարող գոյութիւն ունենալ վակումում։ Եթէ ԵՄ-ն պէտք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պէտք է գործի իր իսկ ժողովրդավարական մանդատների հիման վրայ։ Մենք կոչ ենք անում Եւրոպական յանձնաժողովին դուրս գալ ենթակառուցւածքային պլանաւորման շրջանակներից եւ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանին իր յանցագործութիւնների համար պատասխանատւութեան ենթարկելու ուղղութեամբ։ Ռազմավարական կապակցւածութիւնը չպէտք է իրականացւի իրենց հայրենական տներից էթնիկ զտման ենթարկւած 150000 հայերի համար արդարութիւն ապահովելու հաշւին։
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
6 մայիս 2026 թ.



