Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի իշխանութիւնները խիստ դատապարտում են ՔՊ-ական պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի անպատասխանատու պահւածքը

«ԱԼԻՔ» – Արցախի տեղեկատւական շտաբը յայտարարութիւն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի՝ արցախցիների հասցէին հնչեցրած յայտարարութիւններին:

«ՀՀ ԱԺ պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանն ապրիլի 17-ին լրատւամիջոցին տւած հարցազրոյցում յայտարարել է, թէ արցախցիները 2023 թւականին չեն կռւել:

Ընդորում, իշխանական պատգամաւորը ոչ միայն սեփական թիւր կարծիքն է արտայայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերեալ, այլեւ արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի կողմից նախկինում արւած յայտարարութիւնը, թէ արցախցիները պէտք է մնային եւ կռւէին:

Այս յայտարարութեամբ Սուքիասեանը հերթական հոգեբանական ահաբեկչութեանն է ենթարկել 2023 թւականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին եւ կամաւորներին, զոհւածների, անհետ կորածների եւ գերեվարւածների հարազատներին:

Արցախի իշխանութիւնները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի անպատասխանատու պահւածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելութեան, ներազգային պառակտման տարրեր:

Ստիպւած ենք կրկին յիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծւած ռազմական գործողութիւնների ընթացքում զոհւել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Փառք ու պատիւ հայրենիքի նւիրեալներին…»,- նշւած է հաղորդագրութեան մէջ:

Related Articles

Back to top button