Քաղաքական

Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից եւ իրաւապահ մարմիններից

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Հայաստանեան քաղաքական ներկապնակն իր զարգացումներով ցոյց է տւել, որ մեծ հաշւով ուղղորդւում կամ ազդւում է սոցիալական ցանցերի, կամ աւելի յստակ՝ ֆէյսբուքեան տրամադրութիւնից: «Ֆէյսբուք»-ով  քաղաքականութիւն ճշտելու հարցում եւս հասարակութիւնները ցոյց են տւել, որ ունեն միմեանցից տարբերւող կեցւածք: Դրանցից առաջինը՝ քաղաքական ցածր գիտակցութեամբ հասարակարգերն են, որտեղ «Ֆէյսբուք»-ն առաւել առանցքային դերով է հանդէս գալիս, դառնալով յեղաշրջումները ղեկավարողների հարթակ: Իսկ երկրորդը՝ մեդիան ու մամուլը կարեւորող հասարակարգերն են, որտեղ «Ֆէյսբուք»-ի օրինակով սոցիալական ցանցերին յաջողւում է միայն քարոզարշաւներ կազմակերպել, որոնք յաճախ նպաստում են մեդիան աւելի թափանցելի դարձնելու գործին: 

Որպէս օրինակ, «Ֆէյսբուք-»ով էր պայմանաւորւած «Արաբական գարուն»-ը, որտեղ պաշտօնական լրահոսի նկատմամբ անվստահութիւն ներշնչելուց անմիջապէս յետոյ, «Ֆէյսբուք»-ը որպէս «չմիջնորդաւորւած» հարթակ ստանձնեց շարժումն ուղղորդողի դերը: Այստեղ բնական կը համարես, եթէ «Ֆէյսբուք»-ում ակտիւացող մամուլի ծածկոյթը սահամանափակւած պահւի, կամ քաղաքական առումով անցանկալի անուններին լրահոս չտրամադրւի, քանի որ խաղի կանոնները որոշում են հրապարակի տէրերը:  

Նոյն կապակցութեամբ Oragir.News-ը տեղեկացրել է, որ «Ֆէյսբուք» սոցիալական ցանցը ջնջում է այն գրառումները, որտեղ կայ Բագրատ Սրբազանի անունը։ Նկատենք, որ Բագրատ Սրբազանը ներկայում քաղաքական իրադարձութիւնների կենտրոնում է։ Նրա վրայ է սեւեռւած հանրային ուշադրութիւնը։ Նա է ժողովրդական շարժման առաջնորդը։ Բնականաբար, նա պիտի տեղ ունենայ էջերի գրառումների մէջ։ Սակայն այս տրամաբանութիւնը, կարծես, չի աշխատում։

«Ֆէյսբուք» սոցիալական ցանցը ջնջել է Oragir.News-ի ֆէյսբուքեան էջի մի քանի գրառումներ, որոնցում եղել է Բագրատ Սրբազանի անունը։ Նոյն պատկերն է նաեւ այլ լրատւամիջոցների էջերում։ Որոշ ԶԼՄ-ների էջերն արգելափալկւել են, ենթադրաբար՝ հակաիշխանական ցոյցերի մասին տեղեկատւութիւն տարածելու պատճառով։ Ի՞նչ է սա. կիբերյանցագործութի՞ւն, ժողովրդավարութեան դէմ արշա՞ւ, թէ՞ ֆէյսբուքեան նոր մարտավարութիւն։

«Ֆէյսբուք»-ը ամերիկեան ընկերութիւն է։ Բագրատ Սրբազանի առաջանորդած շարժումը հանրային լայն աջակցութիւն է վայելում։ Հանրահաւաքներին մասնակցում են տասնեակ հազարաւոր քաղաքացիներ։ Ցոյցերն անցնում են խաղաղ, առանց բռնութեան կոչերի։ Մարդիկ իրացնում են իրենց քաղաքացիական իրաւունքները, ժողովրդավարական նորմերի շրջանակում։ Հետեւաբար՝ առաջ է գալիս հիմնաւոր կասկած։ Եթէ ամերիկեան ընկերութիւնը ջնջում է Բագրատ Սրբազանի անունը պարունակող գրառումներն ու արգելափակում էջերը, ապա հնարաւո՞ր է արդեօք, որ դրանք հակասում են ԱՄՆ ազգային շահերին, Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժումը ի՞նչ հակասութիւն կարող է ունենալ ԱՄՆ շահերի հետ։ Միգուցէ ամերիկեան պաշտօնական արձագանգից յետոյ բազմաթիւ քաղաքացիներ վերանայեն իրենց մասնակցութիւնն ու աջակցութիւնը շարժմանը։ Իսկ եթէ Բագրատ Սրբազանը հակաժողովրդավարական, հակաքաղաքակրթական, հակաամերիկեան գործիչ չէ, «ահաբեկիչ», «վագներական», «թալիբան» կամ էլ «հիւսիսկորէացի», ապա ի՞նչ հիմքով է «Ֆէյսբուք»-ը ջնջում կամ արգելափակում նրա անունը պարունակող գրառումներն ու էջերը։

Ենթադրութիւն կայ, թէ «Ֆէյսբուք»-ն ինքնագլուխ, առանց ԱՄՆ-ի ցուցումի է ժողովրդավարական խաղաղ ցոյցերի առաջնորդի անունը պարունակող գրառումները դիտում անհանդուրժելի, վտանգաւոր ու հեռացնում։ Այս դէպքում «Ֆէյսբուք»-ի ինքնագործունէութիւնը դատապարտելի է մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան առումով։ Եւ իրաւապաշտպան հայկական եւ միջազգային կառոյցները, ժողովրդավարութեան պաշտպաններն ու ջատագովները պէտք է դատապարտեն «Ֆէյսբուք»-ի հակաժողովրդավարական քայլերն ու կոչ անեն նրան յանիրաւի չսահմանափակել խօսքի ազատութիւնը։

Առաւել հաւանական է, որ հայկական «Ֆէյսբուք»-ում Բագրատ Սրբազանի անունը պարունակող գրառումների դէմ արշաւը կազմակերպւում է ՔՊ-ական ֆէյքերի ֆաբրիկան։ Այս դէպքում էլ առաջ է գալիս մէկ այլ ենթադրութիւն, որ ՔՊ-ական ֆէյքերի ֆաբրիկան է թելադրում «Ֆէյսբուք»-ի մարտավարութիւնը եւ «Ֆէյսբուք»-ը ոչ թէ առաջնորդւում է այսպէս կոչւած արեւմտեան «արժէքներ»-ով, Մարկ Ցուկերբերգի հրահանգներով, այլ՝ ՔՊ-ական պատկերացումներով։ Այս խայտառակ կասկածը չցրելը կարող է գցել «Ֆէյսբուք»-ի եւ ԱՄՆ-ի հեղինակութիւնը։

Իսկ եթէ մի կողմ դնենք քաղաքական բովանդակութիւնը, ապա հայկական օգտատէրերի էջերի դէմ կազմակերպւած գրոհները կարելի է որակել կիբերյանցագործութիւն, որին պարտաւոր են համարժէք արձագանգել իրաւապահները, որպէսզի օգտատէրերը գոնէ հասկանան, թէ ովքեր են իրենց գրառումները հեռացնողները։

Կարճ ասած՝ Oragir.News-ը ակնկալում է պարզաբանումներ ԱՄՆ դեսպանից, «Ֆէյսբուք»-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգից եւ ՀՀ իրաւապահ մարմիններից: Oragir.News-ի ֆէյսբուքեան էջի եւ բազմաթիւ հայկական էջերի դէմ վերջին օրերին սաստկացած գրոհների կապակցութեամբ։ Այդ պարզաբանումները ստանալուց յետոյ Oragir.News-ը կորոշի՝ ինչպէս պաշտպանել իր իրաւունքները։

Յիշեցնենք նաեւ, որ վերջին օրերին ֆէյսբուքեան էջերի նկատմամբ գրոհները աննախադէպ չեն։ Մի քանի տարի առաջ հեռացրել էին Oragir.News-ի ֆէյսբուքեան էջը, որը հնարաւոր չեղաւ վերականգնել, ոչ էլ պարզել ջնջելու պատճառն ու հիմքերը։ Մտավախութիւն կայ, որ նոյնը կարող է կրկնւել։

Related Articles

Back to top button