Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արդեօ՞ք անկեղծ է Կոտայքի թեմի առաջնորդը

«ԱԼԻՔ» – «Արեւմտահայաստանի եւ արեւմտահայերի ուսումնասիրութիւնների կենտրոն»-ի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արք. Քարամեանիի՝ Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժմանը չմիանալու մասին բացատրութեանը:

«Հրապարակ» օրաթերթի մայիսի 9-ի համարում Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամեանը բացատրում է, թէ ինչու չի մասնակցում ԲագրատՍրբազանի գլխաւորած հայրենանւէր գործունէութեանը:

Նշենք, որ Կոտայքի թեմի առաջնորդը Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովում դէմ է արտայայտւել, որ եկեղեցին մասնակցի Տաւուշում յանուն Հայրենիքի սահմանների անձեռնմխելիութեան գործողութիւններին, որի գլուխ է կանգնել Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը:

Պատճառաբանութիւնը հետեւեալն է. «Ցանկացած հոգեւորական պէտք է առաջնորդւի Սուրբ Գրքի պատւիրաններով։

…Ես միշտ եղել եմ եւ կը լինեմ եկեղեցու կողքին, եթէ դա իմ երկրի ու պետութեան շահից է, եւ ինձ առաջնորդողը Աւետարանն է»։

Նախ՝ ըստ այս բարձրաստիճան հոգեւորականի՝ հայրենի հողը եւ մեր հաւատի տաճարները թշնամուց պաշտպանելը չի բխում երկրի ու պետութեան շահերից:

Երկրորդ՝ եթէ ցանկացած հոգեւորական պէտք է պաշտպանի Սուրբ Գիրքը, որն անվիճելի ճշմարտութիւն է, ապա ինչպէս հասկանանք նոյն Սուրբ Գրքի հետեւեալ տողերը. «Հզօրը, որ ամբարտաւանութեամբ ընկճում է տնանկին, նման է սաստիկ անձրեւի, որից օգուտ չկայ. նոյնպէս էլ նրանք, որ մերժում են օրէնքը, գովում են ամբարշտութիւնը. բայց նրանք, ովքեր սիրում են օրէնքը, իրենց շրջապատում են պարսպով» (Առակներ, 28:3,4):

Մի՞թէ այս ամբարտաւան «հզօրի» կերպարի մէջ Առաքել Սրբազանը չի տեսնում ժողովրդին ասֆալտին փռող, պատերին ծեփող, անօրէն կերպով դատարանները փակող, մարդկանց ձերբակալող, Արցախի ցեղասպանութեան եւ կորստի, հազարաւոր զինւորների մահւան պատճառ դարձած, դաւադրաբար կամ վախից սահմանագծման անւան տակ հայրենի հողը հակասահմանադրական միջոցներով, այսինքն՝ ժողովրդի կամքին հակառակ թշնամուն զիջող… վարչապետ կոչեցեալի կերպարը:

Կարծես Առաքել Սրբազանը այնքանն էլ չի ուզում առաջնորդւել Սուրբ Գրքով:

Գուցէ Աւետարանի՞ց է հարկաւոր օրինակ բերել. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում» (Ղուկաս, 22:25):

Հայաստանի վրայ իշխող այս մարդը, որի գործած յանցանքների եւ ազգի գլխին բերած աղէտների ու չարիքների մի չնչին մասը հիշատակեցինք վերեւում, միթէ՞ բարերար է: Ասացէք, Սրբազան, մի ամաչէք. բարերա՞ր է արդեօք այս մարդը, որին ատամներով պաշտպանում էք:

Յ. Գ.- 1. Ասացի՝ մի ամաչէք, եւ զղջացի, բայց դէ արդէն ասել եմ: Եւ գիտէ՞ք՝ ինչու: Վիքիպեդիայում եւ, յատկապէս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքում զարմանալի կրօնական ջերմեռանդութեամբ թաքցրել էք ձեր կենսագրութիւնից մի չնչին փաստ, այն, որ 1991-1994 թթ., երբ Սիսիանի Ս. Յովհաննէս եկեղեցու հոգեւոր հովիւն էիք, առանց վարանելու եւ հաշւի առնելու Սուրբ Գրքի պատւիրանները, ՀՀՇ կուսակցութեան առաջադրմամբ եւ ջանքերով ընտրւեցիք Սիսիանի շրջխորհրդի պատգամաւոր:

Գուցէ ես սխալւում եմ, բայց որքան գիտեմ՝ Սուրբ Գրքում ոչ մի վկայութիւն չկայ այն մասին, որ Ս. Յովհաննէս եկեղեցու հոգեւոր հովիւը կարող է ընտրւել Սիսիանի շրջխորհրդի պատգամաւոր:

Նման վկայութիւն չկայ նաեւ քահանայ Տ. Յուսիկ Լազարեանի մասին, որը նոյն ՀՀՇ կուսակցութեան առաջադրմամբ 1990–1995 թթ. ընտրւեց ՀՀ Գերագոյն խորհրդի, իսկ 1995–1999 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամաւոր։ Աւելին՝ նա 1992–1997 թթ. եղել է ՀՀՇ Վարչութեան նախագահը։

Այսքանից յետոյ գուցէ աւելորդ հնչի, բայց դա էլ ասեմ. մեր եկեղեցու նւիրեալ սպասաւոր Եղիշէն մեզ է փոխանցել դեռեւս 5-րդ դարում հայրենիքի ու եկեղեցու համար մարտի դուրս եկած սրբազան փաղանգի կարգախօսը՝ ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ:

Սա ասում եմ նրա համար, յարգելի Սրբազան, որ եկեղեցին ազգն է, այլ կերպ՝ հայրենիքը: Իսկ հոգեւորականը եկեղեցու, այսինքն՝ ազգի ու հայրենիքի սպասաւորը:

Դարերի խորքը չգնալու համար յիշենք Խրիմեան Հայրիկին, Գէորգ Ե Յովսէփեանին, Գէորգ Զ Չորեքչեանին, Վազգէն Առաջինին…

Նաեւ՝ Աւարայրում անմահացած Ղեւոնդ Երէցից մինչեւ Սարդարաբադում, ապա՝ Արցախում մեր գոյութեան եւ ինքնութեան համար մարտնչած եւ նահատակւած հազարաւոր հոգեւորականներին:

Մեծ բարեբախտութիւն է, որ մեր ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ այսօր շարունակում է նախնեաց ՃՇՄԱՐԻՏ, ՈՒՍՏԻ ԱՍՏՒԱԾԱՀԱՃՈՅ ՈՒՂԻՆ, որից դուք խոտորւել էք:

Յ. Գ.- 2. Այս հարցին անդրադառնալու կարիք գուցէ եւ չլինէր, եթէ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամեանի կեցւածքի եւ «արդարացումների» խորքում թաքնւած չլինէր պառակտումի որոշումը:

Ձեզ այդ վիճակում չտեսնելու անկեղծ ցանկութեամբ՝

Հայկազուն Ալւրցեան

Բանասիրական գիտութիւնների դոկտոր»,- գրել է նա:

Related Articles

Back to top button