Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Անանեան. «Փաշինեանի ազդարարւած արշաւանքն ընդդէմ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի այլեւս դուրս է եկել փաստացի իրականացման փուլ»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի ազդարարւած արշաւանքն ընդդէմ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի այլեւս դուրս է եկել փաստացի իրականացման փուլ: Այս մասին ահազանգել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի նախկին նախագահ Դաւիթ Անանեանը:

«Հայ Եկեղեցու դէմ այս արշաւը պարզագրւած է իր էութեամբ։ Սա ոչ թէ բարեփոխում է, այլ՝ ժխտում։ Սա ոչ թէ ազատագրում է, այլ՝ օտարում։ Դա ազդարարել ու գլխաւորում է այն անձը, ով տարիներ շարունակ կեղծ լիբերալ արժէքների քօղի ներքոյ պայքար է մղում մեր արմատների, մեր պատմութեան, մեր սրբութիւնների դէմ՝ յանուն սեփական գոյութիւնը փրկելու ու երկարաձգելու, իսկ խորը բովանդակային իմաստով` յանուն արմատախիլ անելու մեր հոգեւոր վերջին պատւարն ու պատմական յիշողութեան ամենավերջին շերտը։

Սա պատերազմ է մեր ինքնութեան դէմ։ Եւ ամենավտանգաւորը հէնց այն է, որ այդ պատերազմն ընթանում է մեր լռութեան պայմաններում։ Իսկ երբ մենք լռում ենք, նրանք քանդում են։ Երբ մենք անտարբեր ենք, նրանք յանձնում են` փշրելով ու հիմնայատակ անելով մեր վերջին ամրոցները։ Երբ մենք չենք դիմադրում, նրանք որոշում են մեր փոխարէն՝ թէ ով ենք մենք, ինչի համար է մեր գոյութիւնը, եւ արդեօք արժանի՞ ենք ընդհանրապէս շարունակւելու։

Ո՛վ հաւատաւոր հայ ժողովուրդ, ժամանակն է գիտակցել՝ սա մեր վերջի սցենարն է։ Սա այն պահն է, երբ հանրային ու ժողովրդական լռութիւնը հաւասարազօր է հաշտութեան՝ սեփական կորստի հետ։ Սա այն կէտն է, երբ պայքարից հրաժարւած ազգը յիշեցնում է արդէն ապրելուց հրաժարւած հիւանդի, որը որոշել է մեռնել՝ առանց վերջին անգամ պայքարելու։

Բայց արդեօ՞ք դու իրաւունք ունես դաւաճանել քո ապագայ սերունդներին, արդեօ՞ք իրաւունք ունես մեռնելու։ Ո´չ, քո հաւատքի, քո յիշողութեան, քո ազգի անունից դու պարտաւոր ես կանգնել, պաշտպանել ու չթողնել, որ աղանդաւորական ոհմակը ու նրա ուղեղների ձեւափոխման գործակալները վերացնեն քո հոգեւոր վերջին ամրոցը։

Ոտքի կանգնիր, ով հայ ժողովուրդ. սա վերջն է»,-ֆէյսբուքեան իր էջում գրել է նա։

Related Articles

Back to top button