ՀՀ վարչապետը ԻԻՀ պետական հեռուստաալիքին տւած հարցազրոյցում. «Հայաստանը չի ներգրաււի Իրանի Իսլ. Հանրապետութեան դէմ գործողութեան մէջ»

«ԱԼԻՔ» – Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը հարցազրոյց է տւել Իրանի Իսլ. Հանրապետութեան պետական հեռուստատեսութեանը։
Պատասխանել հարցին, թէ արդեօք սոցիալական ցանցերում վերջերս նրա ակտիւութիւնը նպատակաուղղւած է արտահերթ ընտրութիւնների նախապատրաստմանը, նա նշել է, որ իր ծրագրերում արտահերթ ընտրութիւններ չկան։
Փաշինեանը նաեւ պատասխանել է իրեն ուղղւած քննադատութունների մասին հարցին, թէ ինքը զբօսնում է հեծանւով, կամ փոդքասթ է վարում, իսկ Բաքւի պաշտօնեաները սպառնալից յայտարարութիւններ են անում՝ Փաշինեանը նշել է, որ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս կան ուժեր, որոնք ձգտում են լարւածութիւն ստեղծել, եւ այդ լարւածութեան ստեղծման ամենակարեւոր գործիքներից է բառային պատերազմը, ինչով նրանք փորձում են Հայաստանը ներքաշել նման լարւած իրավիճակների մէջ:
«Այն բանաձեւը, որի մասին ես ասացի, յարաբերութիւններ, որոնք հիմնւած են երկու երկրների (Իրանի եւ Հայաստանի) բնական շահերի վրայ, հէնց այս բանաձեւն ինքը որոշակի պաշտպանութիւն է ստեղծում յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է Փաշինեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս պէտք է պաշտպանել Իրան-Հայաստան յարաբերութիւնները՝ հաշւի առնելով, որ այդ յարաբերութիւններն ունեն լուրջ հակառակորդներ։
Փաշինեանը նշել է նաեւ, որ շատ կարեւոր է արձանագրել, որ Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետութեան շահերի նկատմամբ զգայուն է, եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը նոյնպէս զգայուն է Հայաստանի շահերի նկատմամբ:
Նա յաւելել է, որ Հայաստանը փորձում է Իրանի Իսլամական Հանրապետութեան զգայուն շահերը հաշւի առնել եւ գործընթացներում հակադրութիւններ չստեղծել, այդ թւում՝ այն պատճառով, որ Իրանի հետ յարաբերութիւնների զարգացումը բխում է Հայաստանի բնական շահերից:
«Ձեւաւորել ենք «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշւով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները եւ տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարեւոր թեմա է»,- ասել է Նիկոլ Փաշինեանը՝ ինչպիսի՞ն է Հայաստանի ընդհանուր քաղաքականութիւնն Ադրբեջանից Նախիջեւան տարանցիկ երթուղու առնչութեամբ, եւ ինչո՞ւ դեռեւս չի ստորագրւել, հարցին։
Դիտարկմանը, թէ որոշ երկրներ տեսակէտ են յայտնել, որ այդ ճանապարհներին հսկողութիւն իրականացւի երրորդ երկրների կամ ՄԱԿ-ի կողմից, Նիկոլ Փաշինեանը պատասխանել է. «Եթէ թարգմանենք իմ ասածը, դա նշանակում է, որ երրորդ ուժերի մասին խօսակցութիւնն անընդունելի է Հայաստանի Հանրապետութեան համար։ Այսինքն՝ մենք նման անհրաժեշտութիւն չենք տեսնում եւ նման անհրաժեշտութիւն չկայ բնականօրէն: Շատ է խօսւում դրա մասին եւ որոշ շահարկումներ կան, բայց ուզում եմ նորից ընդգծել՝ Հայաստանի Հանրապետութիւնը երբէք ոչ գրաւոր, ոչ բանաւոր, երբէք որեւէ պարտաւորութիւն չի ստանձնել կամ բանաւոր պայմանաւորւածութիւն չունի եւ չի համաձայնւել, որ տրանսպորտային երթուղիների տրամաբանութեամբ, կամ որեւէ այլ տրամաբանութեան մէջ մեր տարածքում մեր ինքնիշխանութիւնը, իրաւազօրութիւնը, տարածքային ամբողջականութիւնը որեւէ ձեւով սահմանափակւի»։