Յանձնւողը չի կարող օրակարգ թելադրել
Ստեղծւած իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկւում է երկու ճանապարհ:
Առաջինը՝ գործող իշխանութեան զիջումների ճանապարհն է։
Զիջել մի մասը՝ մնացածը պահելու համար: Բաւարարել թշնամու պահանջները՝ զիջել մինչեւ ինչ-որ կէտ, կնքել պայմանագիր եւ դրանով երաշխաւորել անվտանգութիւն կամ բացել, այսպէս կոչւած, «խաղաղութեան դարաշրջանը»։ Սա իշխանութեան ձեւակերպւած առաջարկն է մեր ժողովրդին, որն ամէն օր քարոզւում է պետական ռեսուրսներով, իշխող ուժի քարոզիչների շուրթերով։
Միջանկեալ յիշեցնենք երկու աբսուրդ:
Առաջին. իշխանութիւնն ինքն է ամենաբարձր մակարդակով խոստովանում, որ չի կարող մատնանշել, թէ որտեղ է վերոնշեալ «զիջման կէտը» թէ՛ աշխարհագրական, թէ՛ ժամանակային իմաստով: Աւելի պարզ՝ իշխանութիւնը չգիտի, թէ մինչեւ որտեղ եւ որքան է հայ ժողովուրդը զիջելու, որպէս «խաղաղութեան դարաշրջանի» նախապայման:
Երկրորդ. կրկին իշխանութեան խոստովանութեամբ՝ որեւէ երաշխիք չկայ, որ այդ զիջումներից յետոյ կնքւած ինչ-որ պայմանագիր կերաշխաւորի մատնանշւած «խաղաղութեան դարաշրջանը»:
Այսպիսով՝ մեզ առաջարկում են խաղաղութիւնը դարձնել նպատակ, առանց անվտանգութեան երաշխիքի։
Ցաւօք, զիջելու եւ խաղաղութեան հասնելու իշխանութեան բանաձեւը հասարակութեան ինչ-որ հատւածի մօտ ընկալում ունի, քանի որ իշխանութիւնները քարոզում են այլ ելք չկայ: Մարդիկ մտածում են` եթէ ինչ-որ բան փոխել չենք կարող, գոնէ խուսափենք նոր մարդկային կորուստներից։
Բայց փաստն այն է, որ պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանի մատուցած խաղաղութեան օրակարգը բազմիցս ձախողւել է: Արդիւնքը՝ կորցրած երեք տարի է, օր-օրի աւելի մօտեցող պատերազմ:
Դատէք ինքներդ։ Յանուն կեղծ խաղաղութեան դարաշրջանի, անզօրութեան քարոզով ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից յետոյ թշնամուն զիջեցին Քարվաճառը, թշնամին չկանգնեց եւ Քարվաճառից յարձակւեց Վարդենիսի ու Ջերմուկի վրայ։ «Բանաւոր ըմբռնումներ» գործարքի արդիւնքում նոյեմբերի 9-ից յետոյ յանձնւեցին Սիւնիքի անառիկ դիրքերը, եւ թշնամին՝ գրաւեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատէն ճանապարհները, օրը ցերեկով կրակելով՝ վերահսկում է Կապանի օդանաւակայանը: Զիջեցին Բերձորի շրջանը (Լաչին)՝ թշնամին հասաւ Տեղ գիւղ, ի վերջոյ՝ յայտարարեցին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, թշնամին փակեց Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքը՝ արդէն 9 ամիս պատանդ պահելով արցախահայութեանը։
Այժմ Ադրբեջանն ուղիղ միջամտում է ՀՀ ներքին գործերին, խոչընդոտում մեր երկրի տարածքում հանքերի շահագործումը, կրակում կառուցւող գործարանի վրայ։
Ադրբեջանի գործողութիւնները ցոյց են տալիս, որ չկայ կարմիր գիծ, որտեղ Ալիեւը կանգ է առնելու։ Ակնյայտ է, որ Արցախը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ընդամէնը պլացդարմ է Հայաստանի վրայ յարձակման, հայոց պետականութեան կործանման ու հայ ժողովրդի իսպառ բնաջնջման համար։
Հետեւաբար, օրւայ իշխանութեան առաջարկը սնանկ է, սպառւած եւ կործանարար։
Կայ երկրորդ ճանապարհը, որն առաջարկում են ազգային-պետականամէտ ուժերը. հրաժարւել նոր զիջումներից, կենտրոնանալ երկրի անվտանգութեան ապահովման, պաշտպանունակութեան բարձրացման վրայ, ինչ էլ թշնամուն զսպելու ամենարդիւնաւէտ միջոցն է։ Այսինքն` ոչ թէ յանձնւել, այլ համախմբել հայ ժողովրդի ուժերը, պայքարել, երբեք չգնալ այնպիսի կենսական զիջումների, որոնք անդառնալի կը լինեն մեր հետագայ գոյութեան, անվտանգութեան եւ զարգացման համար։
Յանձնւելու կողմնակիցները մեզ հակադարձում են, որ դա հնարաւոր չէ, մենք թոյլ ենք, ռեսուրս չունենք, պայքարի ճանապարհը արկածախնդրութիւն է, դա կը բերի նոր պատերազմի եւ կը կորցնենք ամէն ինչ: Սա եւս սնանկ թէզ է, դրա արդիւնքը այսօրւայ վիճակն է:
Իրականում մենք լայնածաւալ պատերազմից կարող ենք խուսափել մի դէպքում միայն, եթէ Ադրբեջանը հասկանայ, որ նոր պատերազմի ժամանակ մեծ գին է վճարելու: Հետեւաբար՝ պատերազմը եւ կորուստները կանխելու միակ ճանապարհը դրան պատրաստ լինելն է։
Իսկ ի՞նչ է անում իշխանութեան ղեկին յայտնւած խմբակը. պետական ողջ քարոզչամեքենայով ժողովրդի մէջ սերմանում է վախ, յուսահատութիւն, պառակտում: Կարճ ասած՝ այն, ինչ պէտք է անի թշնամի պետութիւնը մարտից առաջ հակառակորդ երկրում։
Մեր երկրում այլեւս չպէտք է լինի բանավէճ՝ յանձնւե՞լ, թէ՞ պայքարել: Պէտք է խօսել միայն պայքարին նպաստելու մասին։ Մենք պէտք է խօսենք այն հայրենակիցների հետ, ովքեր յանձնւելու կողմնակից են (իշխանութեան մասին չի խօսքը, այլ մոլորւած քաղաքացիների): Մենք պէտք է փրկենք առաջին հերթին իրենց: Այդ մարդկանց մի մասի մօտ խաղաղ ապրելու ձգտումն է, միւս մասի մօտ՝ ցածր գիտակցութեան ու իշխանական քարոզչական վիշապի երախում յայտնւելու արդիւնք:
Մեր այն քաղաքացիներին, ովքեր ասում են՝ մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում, մենք բիզնեսմէն ենք, մտաւորական կամ սպորտսմէն, պէտք է յիշեցնել փաստերով, որ Արեւմտեան Հայաստանում մենք ունէինք աւելի մեծ կարողոթիւններով մեծահարուստ հայեր: Նրանց ունեցւածքը իրենց ժառանգները չկարողացան վայելել, մնաց թուրքին, իսկ մտաւորականներին գլխատեցին:
Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք փրկութեան մէկ ճանապարհ, դա համազգային կոնսենսուսն ու համախմբումն է պայքարի օրակարգի (չյանձնւելու գաղափարի) շուրջ՝ ի պաշտպանութիւն մեր ինքնութեան, մեր հայրենիքի, պետականութեան։
Հայ ժողովուրդը պէտք է մերժի օրւայ իշխանութեան յանձնւելու քաղաքականութիւնը եւ որոշի, որ տէր է իր հայրենիքին, պատրաստ է պայքարել։ Սա չի նշանակում, որ իւրաքանչիւր հայ պէտք է զէնք վերցնի, գնայ սահման. ամէն մէկը իր տեղում, իր կարողութիւններով պէտք է նպաստի հայրենիքի պաշտպանութեանը՝ ուսուցչից մինչեւ գործարար, շինարարից մինչեւ գիտնական, մտաւորականից մինչեւ ուսանող: Ամէն մէկը եւ բոլորն իրենց տեղում իրենց լուման պէտք է դնեն այս գործին։
Մենք ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ արտաքին ճակատում ունենք չօգտագործւած հնարաւորութիւններ, որոնք էլ հէնց ստեղծւած իրավիճակի մէջ բերում մտցնելու գրւականն են։
44-օրեայ պատերազմի ժամանակ ընդամէնը 3 շաբաթւայ ընթացքում շուրջ 200 միլիոն դոլար գումար հաւաքւեց, 100-աւոր տոննա բեռներ եկան Հայաստան, առաջին 20 օրւայ ընթացքում մարդիկ հերթ էին կանգնում սահման մեկնելու համար, աշխարհի 30-ից աւել մայրաքաղաքներում Արցախի դրօշներով բազմահազարանոց ցոյցեր էին տեղի ունենում, իսկ հիմա` դատարկութիւն, հիասթափութիւն: Ինչո՞ւ, որովհետեւ պայքար չկայ, յանձնւելու շուրջ համախմբում չի լինում, համախմբւում են յանունի, պայքարի, յաղթանակի շուրջ։
Սա միայն մէկ, փոքր օրինակ է այն բանի, թէ ինչի է ընդունակ մէկ գաղափարի շուրջ միաւորւած եւ կազմակերպւած ազգը։ Այլ հարց, որ այդ ամբողջ ռեսուրսը գործող իշխանութիւնը մսխեց կամ օգտագործեց սեփական նպատակների համար։ Սակայն այս օրինակով մենք տեսնում ենք հայկական աշխարհում առկայ, սակայն չօգտագործւած, աւելին՝ իշխանութեան կողմից դիտաւորութեամբ ոչնչացւող ներուժը։
Երբ խօսում ենք չյանձնւելու եւ պայքարը շարունակելու տրամաբանութեան մասին, մենք պէտք է գիտակցենք, որ աշխատանք ունենք իրականացնելու 3 հիմնական ուղղութեամբ.
- Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնմամբ կենսական զիջումներ ենթադրող որեւէ փաստաթղթի ստորագրումը եւ վաւերացումը բացառող համազգային դիմադրութեան ճակատի ձեւաւորում,
- արտաքին թշնամու դէմ պաշտպանութեան կազմակերպման նպատակով երկրի պաշտպանունակութեան բարձրացում,
- ձեւաւորել կենսական զիջումները բացառող քաղաքականութեան սպասարկմանն ուղղւած արտաքին քաղաքական զօրակցութեան ճակատ:
Բայց նախեւառաջ, կրկնում եմ, պէտք է համազգային կոնսենսուս յանձնւելու օրակարգի մերժման շուրջ։
Մեր երկրում «յանձնւե՞լ, թէ՞ պայքարել» բանավէճը պէտք է արագօրէն փոխակերպւի պայքարի ձեւերի քննարկման օրակարգի։
Հետեւաբար՝ ինքնութիւնը պահպանելու, պետութիւն ունենալու գիտակցութիւնը մեզ ստիպում է օր առաջ մերժել այս իշխանութիւններին եւ նրանց յանձնւելու օրակարգը, ձեւաւորել նոր ու ազգային իշխանութիւն, ով կը համախմբի մեր ժողովրդին, կը վերականգնի պետութեան պաշտպանունակութեան եւ անվտանգութեան համակարգը, սթափ իրատեսական քայլեր կը ձեռնարկի՝ բերելով արժանապատիւ խաղաղութիւն:
Այս ողջ ընթացքի որոշիչ գործօնը լինելու է հայ ժողովուրդը։ Հայաստանի, Արցախի, աշխարհասփիւռ հայութեան ճակատագիրը որոշւելու է Հայաստանի փողոցներում եւ հրապարակներում, որտեղ մեր խնդիրները լուծելու համար ազգային ուժերին անհրաժեշտ է հայ մարդկանց անվերապահ աջակցութիւնը։ Հայաստանի փողոցներում եւ հրապարակներում պէտք է ձեւաւորւի իշխանութիւնների համար անյաղթահարելի Դիմադրութիւնը, որը նոր իրավիճակ եւ հնարաւորութիւններ կը բացի մեր խնդիրների լուծման համար։
Հայաստանի ազգային ուժերի ամենակարեւոր ռեսուրսը հայ մարդն է, ով իր վճռականութեամբ եւ տոկունութեամբ ունակ է բեկելու պետականակործան այս ընթացքը։
Սա հեշտ ճանապարհ չէ։ Այս ճանապարհը լի է խութերով, սակայն եթէ մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականութիւն, պէտք է անցնենք այս ճանապարհով: Վստահ եմ ՝ անցնելու ենք:
Շարունակելի…
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր