ԻրանՔաղաքական

Արաղչի. «Դիւանագիտական ապարատը ջանք չի խնայում ժողովրդի իրաւունքների ապահովման համար»

«ԱԼԻՔ» – «Դիւանագիտական ապարատը, Զինւած ուժերի հետ համատեղ, ջանք չի խնայի իրանական արժանապատիւ ժողովրդի իրաւունքներն ապահովելու համար»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով երէկ՝ յուլիսի 12-ին, Իրանում հաւատարմագրւած դեսպանների, գործերի ժամանակաւոր հաւատարմատարների եւ արտասահմանեան առաքելութիւնների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Երէկ՝ երեկոյեան, Թեհրանում հաւատարմագրւած բարձրաստիճան դիւանագէտների մասնակցութեամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրեցի Իրանի Իսլամական Հանրապետութեան սկզբունքային եւ անփոփոխ դիրքորոշումները՝ սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի կողմից մեր երկրի դէմ սանձազերծւած վերջին պատերազմի վերաբերեալ:

Դիւանագիտական ապարատը, Զինւած ուժերի հետ համատեղ, ջանք չի խնայի իրանական արժանապատիւ ժողովրդի իրաւունքներն ապահովելու համար»,- գրել է նա:

Նշենք, որ հանդիպման ժամանակ Արաղչին ըդգծել է. «Որեւէ բանակցային գործընթացի դէպքում պէտք է յարգւեն Իրանի ժողովրդի իրաւունքները միջուկային հարցում, այդ թւում՝ ուրանի հարստացման իրաւունքը: Մենք չենք համաձայնւի որեւէ համաձայնագրի, որը չի ներառի ուրանի հարստացման Իրանի իրաւունքը: Ուրանի հարստացման համար մենք շատ զոհողութիւնների ենք գնացել, դրա համար մեզ պատերազմ է պարտադրւել: Եթէ այնուամենայնիւ բանակցութիւններ կայանան, դրանց միակ թեման կը լինի միջուկային հարցը՝ պատժամիջոցների վերացման դիմաց, եւ որեւէ այլ թեմա չի ներառւելու դրանց օրակարգում:

Իրանը բոլոր պարագաներում պահպանելու է իր ռազմական եւ պաշտպանական կարողութիւնները: Դրանք բանակցութեան թեմա չեն կարող դառնալ»:

ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցութեան խնդրին՝ նշելով, որ Իրանի համագործակցութիւնը չի դադարել, այլ, պարզապէս նոր ձեւ է ստացել. «Գործակալութեան հետ մեր համագործակցութիւնը չի դադարել, այն պարզապէս նոր ձեւ է ստացել։ Այսուհետ Գործակալութեան հետ յարաբերութիւնները կիրականացւեն Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի միջոցով։ Գործակալութեան՝ Իրանի հետ համագործակցութիւնը շարունակելու խնդրանքը՝ իւրաքանչիւր դէպքի համար կը քննարկւի առանձին եւ որոշումները կը կայացւեն՝ հաշւի առնելով անվտանգութիւնը»:

Նա նշել է, որ նման մօտեցումը պայմանաւորւած է այն հանգամանքով, որ Իրանի միջուկային օբիեկտները յարձակման են ենթարկւել, եւ ներկայումս այդ օբիեկտներին մօտ լինելը ռիսկեր է ստեղծում, ներառեալ ռադիոակտիւ նիւթերի տարածումը կամ պայթիւնները:

«Մենք կարծում ենք, որ այդ առարկաներից մօտեցող տեսուչների անվտանգութեան եւ պահպանութեան հարցը մտահոգութեան առարկայ է»,- նշել է նա:

Related Articles

Back to top button