Լիլիթ Գալստեան. «ՔՊ վերնախաւում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցոյթ է յայտարարւած»
«ԱԼԻՔ» – «ՔՊ վերնախաւում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցոյթ է յայտարարւած։ Տպաւորութիւն է, թէ քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու ասեն, որ ամէն օր մեզ մեզնից հեռացնեն»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը՝ գրառումը վերնագրելով «Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրութիւնն է…»։Հաղորդել է «yerevan. Today-ը:
Նա նշել է, որ երէկ (յունւարի 10-ին-ԽՄԲ.) ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում յայտարարել է՝ «Ունեմ մէ՜կ Հայրենիք եւ դա իմ պետութիւնն է»։
«Չեմ կարծում, թէ ԿԳՄՍ նախարարն, իրապէս, չգիտի պետութեան եւ Հայրենիքի սահմանն ու տարբերութիւնը։
Չեմ կարծում, թէ կրթութեան եւ մշակոյթի ոլորտներում պետական քաղաքականութիւն մշակող եւ իրականացնող կառոյցի ղեկավարը մեր Հայրենիքում, մեր բնօրրանում հազարամեակների ընթացքում ձեւաւորւած մշակութային եւ քաղաքակրթական ժառանգութեան վերաբերեալ գոնէ մակերեսային պատկերացումներ չունի, Մատենադարանում, Պատմութեան թանգարանում կամ Ազգային պատկերասրահում չի եղել…
Չեմ կարծում, թէ նա չգիտէ գիտական այն անհերքելի աքսէոման, որ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՆ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ու ԲՆՕՐՐԱՆԸ, եւ, որ այն աւելին է քան թափահարւող այն ոսկեգոյն թիթեղը։
Աւելի քան մերկապարանոց է Հայրենիքի եւ Պետութեան հակադրումը, ինչպէս եւ Հայաստանի եւ Հայոց պատմութիւնների հակադրումը…
Եւ որտեղի՞ց այն սին ու դաւադիր հաստատումը, թէ իբր պետականութեան սահմանում ու գիտակցում չենք ունեցել, եւ հէնց իրե՜նք՝ քպ-ն է այն սահմանողը. քաղաքական այն ուժը, որի ճակատին ու խղճին դաջւած է Արցախի ողբերգութեան՝ ցեղասպանութեան պատասխանատւութիւն-մեղսակցութիւնը, Հայաստանի անկումն ու անվերջ այս քաոսը…
Ձեր նպատակադրումն ու վարքը անուն ունի՝ կոլաբորացիոնիստական- Ալիեւ-Էրդողան պահանջները սպասարկող։
Սա է ձեր ընտրութիւնը…
Յ. Գ. – «Մարդ եւ անասուն իրարից տարբերւում են յիշողութեամբ», Հ. Մատթէոսեան»,- գրել է նա։