Կալանաւորւած Հայաստան

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը եւ դրանց հրապարակայնացումը, որպէս կանոն, բերում են անասնական մթնոլորտի եւ անձնական ողբերգութիւնների։ Պարտադրւող անասնականացմանը պէտք է հակադրւել մարդ եւ քաղաքացի լինելով։
Նախադէպեր
Ժուչոկը (լսող սարք-ԽՄԲ.) մեր նոր խորհրդանիշն է, բայց այն ունեցել է յայտնի նախադէպեր։ Համատարած գաղտնալսելու, մարդկանց կեանքեր անթոյլատրելիօրէն մտնելու, թունաւորելու, աջ ու ձախ անօրինական ձերբակալութիւններ եղել են Սահակաշւիլու ժամանակ եւ Նազարբաեւի վերջին փուլում։
Սահակաշւիլուն հեռացնելուց յետոյ գաղտնալսման ֆայլերը ցուցադրաբար այրւեցին, կազմակերպիչները պատժւեցին, եւ երկրում դրւեց նոր խաղի կանոն։
Ղազախստանում եկել էր պահ, երբ ծնողները երեխաներին արգելում էին տանն ազատ խօսել, տնեցիներն իրար հետ շշուկով էին խօսում, եւ որեւէ աշխատասենեակում, որեւէ սրճարանում որեւէ մէկն ապահովագրւած չէր անօրինական գաղտնալսումից եւ դրա հրապարակումից։ Բոլորը բոլորի վրայ կասկածում էին, հարեւանը՝ հարեւանի, ընկերը՝ ընկերոջ, ամուսինները՝ իրար։
Երկու երկներում էլ ժողովուրդը որոշեց, որ հերիք է։
Երբ արդէն քանդել ես պետական զսպող ինստիտուտները, ունես բացարձակ իշխանութիւն, ունես քո ամէն ասածն անողներ եւ չունես անձնական «ստոպեր», շատ հեշտ է կորցնել իրականութեան եւ «չի կարելիների» սահմանը։ Համաշխարհային փորձը ցոյց է տալիս, որ դա միշտ բերում է մարդկային ողբերգութիւնների եւ այլանդակ դեգրադացիայի։
Վախից՝ պայքար
Երբ մէկ հոգին ձեւաւորում է մարդ «լսելու», կալանաւորելու անխափան մեքենայ, նշանակում է նա արդէն պարտւել է։ Բոլորին այս վիճակը մի պահից սկսում է յոգնեցնել. ե՛ւ բռնւողներին, ե՛ւ բռնողներին։ Սա բացառապէս նեղ խմբի խրախճանքն է։ Ուրիշ լուծում այս իրականութիւն չի թողնում. պէտք է վախից անցում կատարել պայքարի։
Պայքարի առաջին քայլը
Բոլոր առողջ ուժերը՝ քաղաքական, քաղաքացիական, հանրային եւ այլն, պէտք է հասարակութեանն ուղղւած մէկ միասնական ուղերձ ձեւակերպեն՝ չլսել, չդիտել, չտարածել, չքննարկել գաղտալսումները։ Սա մարդ մնալու նախապայմանն է։ Մերժենք սրանց պարտադրած այլասերումը։ Յաջորդ քայլում պէտք է արագ մշակել հակազդեցութեան այլ գործուն մեխանիզմներ։



