ՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան Իսրայէլից պաղեստինեան հողերի օկուպացիան դադարեցնելու պահանջով բանաձեւ է ընդունել

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան չորեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին ընդունել է պաղեստինցիների պատրաստած բանաձեւը, որով Իսրայէլից պահանջում է 12 ամսւայ ընթացքում դադարեցնել իր «ապօրինի ներկայութիւնը օկուպացւած պաղեստինեան տարածքում»: Հաղորդում են միջազգային լրատւամիջոցները:

Բանաձեւին կողմ է քւէրակել 124 երկի, 43 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ Իսրայէլը, ԱՄՆ-ը եւ 12 այլ երկրներ բանաձեւին դէմ են քւէարկել։

Բանաձեւը ողջունում է Արդարադատութեան միջազգային դատարանի Յուլիսեան խորհրդատւական եզրակացութիւնը, որում ասւում է, որ պաղեստինեան տարածքների եւ բնակավայրերի Իսրայէլի օկուպացիան անօրինական է եւ պէտք է դադարեցւի:

Միաւորւած ազգերի կազմակերպութեան բարձրագոյն դատարանի՝ Համաշխարհային դատարանի խորհրդատւական եզրակացութեան մէջ նշւում է, որ դա պէտք է արւի «հնարաւորինս արագ», թէեւ Գլխաւոր ասամբլեայի բանաձեւը 12 ամիս ժամկէտ է սահմանում:

Գլխաւոր ասամբլեայի բանաձեւը միաժամանակ կոչ է անում պետութիւններին «միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու իսրայէլական բնակավայրերում արտադրւող ցանկացած ապրանքի ներմուծումը, ինչպէս նաեւ Իսրայէլին զէնքի, զինամթերքի եւ յարակից սարքաւորումների տրամադրումը կամ փոխանցումը, եթէ կան կասկածելու ողջամիտ հիմքեր, որ դրանք օգտագործւելու են օկուպացւած պաղեստինեան տարածքում»:

Բանաձեւն առաջինն է, որը պաշտօնապէս ներկայացւել է Պաղեստինի ինքնավարութեան կողմից, քանի որ այն ստացել է լրացուցիչ իրաւունքներ եւ արտօնութիւններ այս ամիս, ներառեալ ՄԱԿ-ի անդամների միջեւ ասամբլեայի յարկում նստավայրն ու բանաձեւերի նախագծեր առաջարկելու իրաւունքը:

Related Articles

Back to top button