Անդրանիկ Թեւանեան. ««Մինչեւ վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը եւ մեր անելիքը»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով դէպի Արեւմուտք` Հայաստանի արտաքին քաղաքականութեան արեւելման փոփոխութեան` ՀՀ գործող իշխանութիւնների քաղաքականութեան վտանգներին.
«Ոստիկանական նռնակների, ներքաղաքական թոհուբոհի, տեղեկատւական աղմուկի ներքոյ ամերիկեան պաշտօնեաներն անկեղծօրէն ու հրապարակաւ խօսում են մինչեւ վերջին հայը Ռուսաստանի, նաեւ Իրանի դէմ պայքարելու իրենց ծրագրերի մասին։
Թեման զարմանալիօրէն օրակարգային չդարձաւ։ Տարօրինակ լռութիւն է։
Նիկոլ Փաշինեանը զուգահեռաբար խօսում է հանրաքւէի մասին։ Մինչեւ վերջերս նա այդ թեման մոռացութեան էր տւել, բայց յայտնի իրադարձութիւններից յետոյ լեզու առաւ ու սկսեց խօսել։ Այդ հանրաքւէն նոյնպէս մինչեւ վերջին հայն այլոց ծրագրերը սպասարկելու մասին է։
Փաշինեանը սահմանադրական փոփոխութիւն ենթադրող հանրաքւէն փաթեթաւորում է եւրոպական փայլաթղթով, սակայն իրականում թուրք-ադրբեջանական արտադրութեան ապրանք է առաջարկում հայ ժողովրդին։
Ինչ վերաբերում է ամերիկեան պաշտօնեաների առաջարկին, ապա նրանք ձեւականութիւնների ետեւից չեն ընկնում եւ ի տարբերութիւն Նիկոլի, հայ ժողովրդի հետ անկեղծ են։
Ինչպէս որ Բոլտոնն էր բաց տեքստով ցուցումներ տալիս Նիկոլ Փաշինեանին, այնպէս էլ Օ’Բրայանն է բացայայտօրէն ասում, թէ ինչ են ակնկալում նրանից, ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ է սպասում հայ ժողովրդին։ Ըստ այդմ՝
– Քանի դեռ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, պէտք է շտապել Հարաւային Կովկասում, որպէսզի Ռուսաստանին դուրս մղել այստեղից՝ տեղը լցնելով թուրք–ադրբեջանական ներկայութեամբ,
– ԱՄՆ անվտանգութեան որեւէ երաշխքի չի տալիս Հայաստանին, բայց ամէն ինչ անում է, որպէսզի ՀՀ-ն քանդի գործող անվտանգութեան համակարգը (դուրս գայ ՀԱՊԿ–ից, հեռացնի ռուսական ռազմաբազան Գիւմրիից), ու միեւնոյն ժամանակ յայտարարում է, որ ՀԱՊԿ–ից դուրս գալը ՀՀ–ի գործն է,
-Հակառուսական ու հակաիրանական ծրագրերի սպասարկման համար Արեւմուտքը պայքարելու է մինչեւ վերջին ուկրաինացին ու վերջին հայը. Զելենսկին ու Փաշինեանը համաձայնել են դրան՝ անձնական անվտանգութեան երաշխիքների ու մասնաւոր շահերի սպասարկման դիմաց,
– «Զանգեզուրի միջանցք»-ը պէտք է բացւի, բայց անունը կը դրւի ճանապարհ, որպէսզի Փաշինեանը կարողանայ «ինքնիշխանութիւն» բառն օգտագործելով խաբել իր փոքրաթիւ կողմնակիցներին,
– Եթէ Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու գինը Հայաստանի վերացումն է լինելու, ապա ոչինչ, կարեւորը «ինքնիշխանութիւն» բառը յաճախ օգտագործելն է,
– ԱՄՆ-ը դեռ գնահատական չունի Արցախում տեղի ունեցածի վերաբերեալ, բայց ողջունում է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցածը, որի շրջանակներում Փաշինեանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ու նպաստեց հայերի էթնիկ զտմանը։
Եւ այսպէս, Արցախի հայաթափումից յետոյ եկել է երկրորդ՝ Հայաստանի հայաթափման փուլը եւ այդ մասին անոնս են անում ամերիկեան պաշտօնեաները։ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելը դա կանխելու նախապայմանն է։ Կարեւոր է նաեւ յստակ այլընտրանքի ներկայացումը հանրութեանը։ Շատ ժամանակ չունենք»,- գրել է նա։