Վիեննայում Իրանի ներկայացուցիչ. ԱԷՄԳ-ի եզրակացութիւնները դուրս են գործակալութեան իրաւասութիւնների սահմաններից

Վիեննայի միջազգային կազմակերպութիւններում Իրանի ներկայացուցչութիւնը քննադատել է Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերեալ բանաձեւերը, ընդգծելով, որ քաղաքական միտումներով ընդունւած բանաձեւերը չեն կարող վերացնել Իրանի դէմ իրականացւած ռազմական յարձակման իրական հետեւանքները։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի ներկայացուցչութիւնը «X» սոցիալական ցանցում հրապարակած յայտարարութեամբ կասկածի տակ է դրել Իրանի վերաբերեալ ԱԷՄԳ-ի զեկոյցների իրաւական եւ տեխնիկական հիմքերը՝ կոչ անելով գործակալութեան կառավարիչների խորհրդին անդրադառնալ Իրանի միջուկային կառոյցների դէմ ռազմական հարւածների հետեւանքներին։
Յայտարարութեան մէջ նշւել է, որ ԱԷՄԳ-ի զեկոյցները հիմնւել են կառավարիչների խորհրդի բանաձեւերի վրայ, որոնք, ըստ իրանական կողմի, ունեն տեխնիկական եւ իրաւական թերութիւններ, ընդունւել են որոշումների կայացման ընթացակարգերի չարաշահման միջոցով, իսկ դրանց եզրակացութիւնները դուրս են գործակալութեան իրաւասութիւնների սահմաններից։
Անդրադառնալով ԱԷՄԳ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսիի յայտարարութիւններին ներկայացուցչութիւնը նշել է, որ Իրանի միջուկային կառոյցների դէմ հարւածները, որոնք գտնւում էին գործակալութեան երաշխիքների ներքոյ, աննախադէպ իրավիճակ են ստեղծել, վտանգել տեսչական աշխատանքները եւ գործակալութեանն ստիպել են դուրս բերել դիտորդներին։ Իրանական կողմի գնահատմամբ ստեղծւած պայմանները պահանջում են նաեւ հաշւի առնել Իրանի անվտանգային մտահոգութիւնները։
Յայտարարութեան մէջ նաեւ ընդգծւել է. «ԱՄՆ-ը կողմնակալ բանաձեւերից հեռացրել է ագրեսիայի փաստը, սակայն դրա հետեւանքները հնարաւոր չէ ջնջել իրականութիւնից։ Փաստերը չեն անհետանում միայն այն պատճառով, որ քաղաքականութիւնը դա է պահանջում»։
Իրանի ներկայացուցչութիւնը շեշտել է, որ բնականոն պայմաններին վերադառնալու համար անհրաժեշտ է վերացնել ներկայիս իրավիճակի առաջացման պատճառները, իսկ անբնական պայմաններում երաշխիքների բնականոն կիրառման վերսկսումն անհնար է։



