Հայաստան - ԱրցախՔաղաքական

ԱՀ ԱԳՆ. «Միջազգային դերակատարները պէտք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը»

Արցախի Հանրապետութեան ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցութեամբ:

«2023 թւականի սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի տրանսպորտային միջոցներով  Լաչինի միջանցքով եւ Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերւել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալիւր, բժշկական պարագաներ եւ հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելութիւնը Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի, Արցախում ՌԴ խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեան եւ միջազգային միջնորդների մասնակցութեամբ երկարատեւ քննարկումների արդիւնք է՝ հաշւի առնելով Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետեւանքով ստեղծւած ծայրայեղ ծանր հումանիտար իրավիճակը:

Միեւնոյն ժամանակ հարկ է ընդգծել, որ Արցախը դեռեւս շարունակում է պաշարւած մնալ՝ զրկւած լինելով Հայաստանից գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներից եւ հանրապետութեան ժողովրդի բնականոն կենսագործունէութիւնն ապահովելու հնարաւորութիւնից: Անհրաժեշտ է նշել, որ վատթարացող հումանիտար աղէտը հնարաւոր չէ կանգնեցնել առանց սննդի եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների յուսալի եւ կանոնաւոր մատակարարման: Մարդասիրական բեռի այս առաքումը, որը  կազմում է մինչեւ շրջափակումն օրական Արցախ  ներմուծւող 400 տոննա ապրանքների 7 տոկոսից պակաս, ո՛չ ծաւալով, ո՛չ էլ ներմուծւող ապրանքների տեսականիով չի կարող փոխարինել առեւտրային բեռների կանոնաւոր ապրանքաշրջանառութիւնը, որն անհրաժեշտ է Արցախի բնականոն կենսագործունէութիւնը եւ բնական զարգացումն ապահովելու համար:

Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներգրաււած միջազգային դերակատարները պէտք է ապահովեն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղութիւններով անվտանգ եւ անարգել տեղաշարժի համար՝ համաձայն 2020 թւականի նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեան եւ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների: Միայն այդ դէպքում հնարաւոր կը լինի խօսել շրջափակման դադարեցման, ինչպէս նաեւ բնականոն կենսագործունէութեան եւ Արցախի ժողովրդի անհատական ու  հաւաքական իրաւունքների, այդ թւում՝ ազատ տեղաշարժի, առողջութեան, կրթութեան եւ զարգացման իրաւունքի լիարժէք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագայ վերականգնման մասին»:

«Panorama.am»

Related Articles

Back to top button