Հայաստան - Արցախ

2024 թ.՝ հայրենի բնաշխարհի կորսման հերթական տարի

Արդէն կէս դար է, ինչ աշխարհը տնտեսական աճի գաղափարախօսութիւնից անցում է կատարել կայուն զարգացման սկզբունքին։ Եթէ նախկինում պետութիւնների գերխնդիրն էր ցանկացած միջոցներով ապահովել տնտեսական աճ, իսկ այն առաջին հերթին նշանակում էր բնական ռեսուրսների անխնայ օգտագործում եւ շրջակայ միջավայրի աղտոտում, ապա կայուն զարգացումն հիմնւած է բնապահպանութեան եւ ռեսուրսների չափաւոր օգտագործման սկզբունքների վրայ՝ բաժին թողնելով նաեւ գալիք սերունդներին։ Մեր օրերի գաղափարախօսութիւնը բնական ռեսուրսների խելամիտ օգտագործումից զատ պահանջում է նաեւ առողջ սերունդ, ինչը կրկին ուղղակիօրէն կապւած է շրջակայ միջավայրի վիճակի հետ։

Համամարդկային եւ մեր հասարակութեան առջեւ ծառացած կարեւորագոյն այս ոլորտի խնդիրները լուծելու համար Հայաստանի կառավարութիւնը 2024 թւականին պետական բիւջէից յատկացրել է ընդամէնը 9 մլրդ. 792 մլն. դրամ, բայց տարեվերջին պարզւում է, որ ոլորտի պատասխանատու Շրջակայ միջավայրի նախարարութիւնը նոյնիսկ այդ փոքր գումարն ամբողջութեամբ չի ծառայեցրել բիւջէով նախանշւած ծրագրերի իրականացմանը եւ դրա զգալի մասը վերադարձրել է կառավարութեան պահուստային ֆոնդ։

Հայաստանի բնութեան պահպանութեան հիմնահարցերի լուծման համար 2024 թւականին պետական ֆինանսաւորումից զատ նախատեսւած էր նաեւ իրականացնել բազմաթիւ դրամաշնորհային ծրագրեր։ Դրանք բիւջէում ամրագրւում են «օրէնքով չարգելւող այլ միջոցներ» տողերի տակ։ Այլ կերպ ասած՝ հայրենի բնութիւնը պահպանելու եւ մեր սերունդներին փոխանցելու համար մեզ հետ հաւասար վճարում է աշխարհը, համապատասխան բնապահպանական եւ ֆինանսական կառոյցների ու պետութիւնների միջոցով։ Սովորաբար բիւջէով նախանշւած դրամաշնորհային միջոցների տրամադրման եւ նպատակային օգտագործման արդիւնքները յստակեցւում են յաջորդ տարւայ սկզբին, սակայն նախորդ տարիների փորձը հիմք է տալիս պնդելու, որ այդտեղ նոյնպէս լինում են էական թերֆինանսաւորումներ եւ թերի կատարւած ծրագրեր, ինչը մի կողմից պայմանաւորւած է ֆինանսաւորող կողմի գործողութիւններով, բայց հիմնականում Հայաստանի գործադիր մարմնի ոլորտային պատասխանատու գերատեսչութիւնների դանդաղկոտութեամբ եւ թերի աշխատանքի հետեւանքով։

 

Սեւանա լիճ

Կառավարութեան 2024 թւականի նոյեմբերի 7-ի նիստում կայացրած որոշումից պարզ դարձաւ, որ Շրջակայ միջավայրի նախարարութիւնը (ՇՄՆ) չի ծախսել եւ բիւջէ է վերադարձրել մօտ 149 մլն. դրամ, որը նախատեսւած էր Բնական ռեսուրսների եւ բնութեան յատուկ պահպանւող տարածքների կառավարման համար։ Այդ գումարը նախատեսւած էր Սեւանայ լճի ափամերձ եւ ջրածածկ հատւածները ծառերից եւ կոճղերից մաքրելու ծրագրի համար, որն այս տարի գրեթէ 75 տոկոսով թերակատարւեց։

Նախագծի հիմնաւորումից պարզւում է, որ բիւջէով «Սեւան» ազգային պարկին՝ լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար յատկացւել է 128.1 մլն. դրամ, որի դիմաց նախատեսւած էր մաքրել 191.6 հա տարածք, սակայն մինչեւ տարեվերջ Արտանիշ տեղամասում կը կարողանան մաքրել ընդամէնը 47.81 հա տարածք։ Նոյն նպատակի համար 2024 թ. մէկ այլ՝ «Սեւանայ լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսւել է 98.1 մլն. դրամ գումար, որի դիմաց նախատեսւած 5 տեղամասերում պէտք է մաքրւէր 203.4 հա տարածք։ Սակայն մինչեւ տարեվերջ, համաձայն մրցոյթի արդիւնքների, կապալառու կազմակերպութիւնը կը կարողանայ մաքրել Նորատուս եւ Վարդենիս տեղամասերի ընդամէնը 66.74 հա տարածքը։ Մնացած 3 տեղամասերի մաքրման նպատակով յայտարարւած մրցոյթին մասնակից չի եղել։ Ստացւում է, որ Սեւանայ լճի ջրածածկ եւ ափամերձ հատւածներում նախատեսւած է եղել մաքրել 395 հա տարածք, սակայն մաքրւել է ընդամէնը 114 հեկտարը։

ՇՄՆ-ն գրեթէ ամէն տարի չի կարողանում ապահովել լճի մաքրման ծրագիրը, ինչի հետեւանքով ծառերի եւ բոյսերի մնացորդները պատճառ են դառնում լճի էկոհամակարգի էական խախտմանը։ Ծառերը եւ բուսական մնացորդներն են նաեւ պատճառը, որ ամէն տարի Սեւանայ լճում տեղի է ունենում կապտականաչ թունաւոր ջրիմուռների բազմացում, ինչը լճի ճահճացում է նշանակում։ Յիշեցնենք, որ խօսքը տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական բնական պահուստի մասին է՝ այն դէպքում, երբ աշխարհում ծաւալւել են ջրի համար պատերազմները, որոնք առաջիկայում, կլիմայական փոփոխութիւններով պայմանաւորւած, է՛լ աւելի են սաստկանալու։

Հերթական տարում ՇՄՆ-ը չի ապահովում լճի ափամերձ տարածքների մաքրումը, սա այն դէպքում, երբ ընթացիկ տարւայ տեղումների առատութիւնն ապահովեց, որպէսզի լճի մակարդակը մօտ 20-25 սմ-ով բարձր լինի նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի մակարդակից, իսկ մակարդակի պարտադիր բարձրացման դրական արդիւնքների ապահովման դրոյթն ամրագրւած է «Սեւանայ լճի մասին» օրէնքում, քանի որ լճի փրկութեան նախանշւած հիմնական թիրախի համաձայն նրա մակարդակը պէտք է հասցւի նւազագոյնը ծովի մակարդակից 1901.5 մ նիշի, որի դէպքում միայն կարող է ձեւաւորւել լճի յատակի սառը շերտը՝ հիպոլիմնիոնը, որը վնասւել է նախորդ դարի 60-ականներից՝ ոռոգման եւ էլեկտրաէներգիա արտադրելու համար ջրի բացթողնման հետեւանքով, ինչն էլ իր հերթին բերել է ջրի տաքացմանը եւ ճահճացմանը։

Անցնող տարւայ պետական բիւջէով նաեւ զգալի միջոցներ են յատկացւել լճի ձկան պաշարների պահպանման եւ աւելացման համար։ Ըստ նախարարութեան հրապարակած տւեալների, Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծութեան զարգացման հիմնադրամին 2022 թւականի բիւջէից յատկացւել էր 300 մլն. դրամ, իսկ 2023 եւ 2024 թթ. 493 մլն. դրամ, եւ դրա դիմաց այս տարի Սեւան է բաց թողնւել 7-10 գրամանոց 380 հազար իշխանի մանրաձուկ՝ 700 հազարն էլ աճեցրել են։ ՇՄՆ-ն 2025 թւականին էլ խոստանում է Սեւան բաց թողնել 520 հազար մանրաձուկ եւ աճեցնել 1 մլն. 250 հազար հատ։ Սակայն սա խնդրի լուծում չի կարող լինել, քանի որ շարունակում են բացակայել իշխանին բնական բազմացման հնարաւորութիւնները՝ ներեստի համար աւանդական գետերի վրայ արգելապատնեշների եւ հուների աղտոտվածութեան պատճառով։ Լիճ բաց թողնւած իշխանի չնչին մասն է հասնում հասունութեան տարիքի, իսկ հասնելու դէպեում էլ ձւադրման ժամանակ ձկնագողերը նրանց որսում են փոքր գետերի լայնքով ցանցեր տեղադրելու միջոցով։

Սեւանում շարունակում է օրախնդիր մնալ սիգի որսագողութիւնը։ Չնայած նրան, որ կառավարութիւնը սկսել է սահմանել արդիւնագործական որսի սահմանաչափ, սակայն պարզւեց, որ ձկնորսները ձեռք են բերում կառավարութեան սահմանած 600 տոննա սիգի որսի թոյլտւութեան միայն կէսի կտրոնները։ Միւս կողմից էլ յայտնի իրողութիւն է, որ որսի իրական ծաւալները մի քանի անգամ մեծ են այդ թւից։ Տարբեր հաշւարկներով ամէն տարի Սեւանայ լճից 1000-1500 տոննա սիգ է դուրս բերւում։ Աբսուրդային այդ իրավիճակին կառավարութեան նիստերից մէկում ստիպւած էր անդրադառնալ նաեւ Նիկոլ Փաշինեանը։

Դրանից յետոյ ՇՄՆ-ն զգուշաւոր քայլերի գնաց։ Այս տարւայ սկզբին, մինչեւ սեպտեմբերի 1-ը, նա Սեւանայ լճում արդիւնագործական որսի իրականացման համար սահմանեց 257 տոննա չափաքանակ, որի դէպքում ձկնորսներին ստիպեց կնքել 9 պայմանագիր՝ 256.9 տոննա որս իրականացնելու համար, իսկ ահա աշնանային արդիւնագործական որսի համար եւս 422 տոննա չափաքանակ սահմանեց: Կոռուպցիոն ռիսկերը, սակայն, այստեղ էլ չեն վերացել, կամ կառավարութիւնում գտել են, որ ձկնագողութեան արդիւնքում ձեւաւորւող մեծ ստւերային գումարները «արդարացի» չեն բաշխւել իշխանական վերնախաւում։

Բոլոր դէպքերում, կառավարութիւնը որոշել է նախարարութեան ձեռքից վերցնել սիգի որսի չափաքանակները սահմանելու լիազօրութիւնը։ ՇՄՆ-ի առաջարկով ԱԺ-ի դեկտեմբերի 5-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացւեց եւ ընդունւեց ««Սեւանայ լճի մասին» օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու մասին» օրէնքի նախագիծը, որով առաջարկւեց հանել Սեւանայ լճում ձկան եւ խեցգետնի չափաքանակները տարեկան ծրագրով սահմանելու պահանջը եւ դրա փոխարէն այդ լիազօրութիւնը վերապահել Կառավարութեանը, որն էլ, իր հերթին, որոշմամբ կը սահմանի արդիւնագործական որսի չափաքանակները։ Այս խմբագրումը չի կարող կանխել որսագողութիւնը, այլ ընդամէնը նպաստելու է ստւերային շրջանառութեան վերաբաշխմանը։ Կառավարութեանը չի յաջողւում նաեւ սիգի ձւադրման շրջանում դադարեցնել ձկնագողութիւնը։ Չնայած ջրային պարեկների եւ էկոպարեկների համակարգերի ներդրմանը, հանրապետութեան շուկաներում յայտնաբերւում է հարիւրաւոր կիլոգրամների հասնող ապօրինի որսած սիգ։

Նախարարութիւնից՝ նախարարի միջոցով արդէն հաւաստիացրել են, որ այս տարի Սեւանի կողակի վերականգնմանն ուղղւած աշխատանքներում յաջողութիւն ունեն, թէ արդէն կայ աճեցւած մայրական կազմ, որի թիւը հասնում է 2 հազարի։ Այս ձկնատեսակը համարւում է լճի սանիտարը, քանի որ սնւում է ջրի յատակին կուտակւող օրգանական նիւթերով, որոնց աւելցուկը բերում է ճահճացման։ Ձկնագողութեան հետեւանքով է, որ կողակը Սեւանայ լճից գրեթէ վերացել է։

 

Հայաստանի անտառները

2024 թւականին բիւջէով անտառավերականգնման եւ անտառապատման աշխատանքների համար յատկացւել է մօտ 840 մլն. դրամ, որի դիմաց կատարւել է 130 հեկտար անտառավերականգնում։ Այստեղ պէտք է արձանագրել, որ այն ամբողջովին ծառատնկում չէ, այլ մի զգալի մասով անտառների կոճղաշիւային վերականգնմանը նպաստելու աշխատանքներ։ Իսկ ահա 2025 թւականին նախատեսւած է անտառավերականգնման ծրագիր իրականացնել արդէն 170 հա տարածքի վրայ։ Գործող կառավարութիւնն արդէն չի յիշատակում իր յաւակնոտ ծրագիրը 10 մլն. ծառ տնկելու վերաբերեալ։ Դրա փոխարէն 2024 թւականին նախաձեռնել է, այսպէս կոչւած, «էլեկտրոնային ծառատունկ» ծրագիրը, որի միջոցով իւրաքանչիւր ոք կամ կազմակերպութիւն էլեկտրոնային հարթակում կարող է ընտրել տարածքը, ծառատեսակը, ծառերի թիւը եւ ծառ տնկելու համար համապատասխան գումար փոխանցել համապատասխան հաշւին, ինչը, սակայն, ըստ մասնագէտների, իրատեսական ծրագիր չէ եւ դժւար թէ էական արդիւնքներ ապահովի։

Միւս կողմից էլ հայրենի գործադիր մարմինը որոշել է, որ անտառի պահպանութեամբ զբաղւող կառոյցը պէտք է անտառի հաշւին ձեռնարկատիրական գործունէութեամբ զբաղւի, այսինքն՝ սակաւանտառ Հայաստանում փայտանիւթի վաճառքով զբաղւի։ ՇՄՆ նախարարն էլ, որպէս ձեռքբերում, նոյեմբերին ԱԺ-ում յայտարարեց. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունէութեան արդիւնքում 2024 թւականին արդէն բիւջէ է մուտքագրւել 866.5 մլն. դրամ եւ մինչեւ տարեվերջ նախատեսւում է այն հասցնել 2 միլիարդի։ Նախորդ տարիներին ՊՈԱԿ-ն առաւելագոյնը տարեկան մթերում էր 50 հազար մ/խ փայտ։ Այսօր վառելափայտի մէկ խորանարդ մետրն արժէ 15-20 հազար դրամ։ Ստացւում է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տարեկան վաճառում է մօտ 130 հազար խ/մ փայտ։ Այսինքն, անտառի պահպանութեամբ զբաղւող կառոյցը մօտ երեք անգամ իր կողմից աւելացրել է ծառերի հատումները, միւս կողմից էլ ապօրինի ծառահատումների ծաւալներն էականօրէն չեն նւազել, ինչի մասին փաստում են իրաւապահների բացայայտումները։

Միւս կողմից էլ ՊՈԱԿ-ի դէպքում խօսքը 5 մլն. ԱՄՆ դոլարին համարժէք փայտանիւթի մթերման մասին է, իսկ ընդամէնը մի քանի տարի առաջ Բնապահպանութեան նախարարներից մէկը յայտարարում էր, որ ապօրինի փայտի բիզնեսի շրջանառութիւնը տարեկան 30-35 մլն. ԱՄՆ դոլար է։ Սա նշանակում է, որ ոչ միայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է սկսել անհամեմատ աւելի շատ անտառ հատել, այլեւ ստւերը չեն կարողացել կրճատել։ Եթէ նախկինում հատումներից յետոյ մնացած անտառային թափուկն անտառամերձ բնակավայրերի բնակիչներին թոյլատրւում էր մթերել, ապա այսօր այդ իրաւունքը միայն սոցիալապէս անապահովների ընտանիքներին է վերաբերւում, իսկ միւսներին վաճառում են 1խ/մ-ը 15 հազար դրամով՝ ստիպելով գնալ ապօրինի ծառահատումների։

Պատկերն ամբողջական ներկայացնելու համար անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանի անտառային պետական ֆոնդը շատ փոքր է, լաւագոյն հաշւարկներով կազմում է երկրի տարածքի 11.7%-ը՝ մօտ 407 հազար հեկտար, որից 11.2%-ը կամ 334.1 հազար հեկտարն է անտառածածկ տարածք։ Անտառային ֆոնդի մօտ 50 հազար հեկտարն արհեստական անտառներն են, բայց արդէն եղած տարածքներում էլ ապօրինի հատումների հետեւանքով այնքան են անտառները նոսրացել, որ մեծ վերապահումով դրանք կարելի է համարել դասական անտառային էկոհամակարգով տարածքներ։

 

Ջրային ռեսուրսները

Ջրային ռեսուրսների ոլորտում անցնող տարին համեմատաբար բարւոք էր 2023 թ. համեմատ՝ պայմանաւորւած տեղումների մեծ քանակով, այն հնարաւորութիւն տւեց ջրամբարներում կուտակել բաւականին մեծ պաշարներ եւ 2024 թւականին Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանայ լիճ տեղափոխել մօտ 200 մլն. խորանարդ մետր ջուր։

Ոռոգման նպատակով Հրազդանի հունով Սեւանայ լճից յունիս-սեպտեմբերին բաց է թողնւել 131 միլիոն 38 հազար խորանարդ մետր ջուր։ Սա այն դէպքում, երբ «Սեւանայ լճի մասին» օրէնքով նախատեսւած է առաւելագոյնը 170 մլն. խ/մ ջրի բացթողում եւ, սովորաբար, նախորդ տարիներին կառավարութիւնը օրէնքի նախագծով մտնում էր Ազգային ժողով եւ այդ չափաքանակից աւելի էր վերցնում։

Անցնող տարում եւս օրախնդիր մնացին Արարատեան դաշտի խորքային հորերի եւ Հայաստանի գետերի հիմնահարցերը։ 2023 թւականի վերջին ՇՄ նախարարը յայտարարեց, թէ 2024 թ. յունւարի 1-ից ստորգետնեայ ջրերի օգտագործումը պէտք է փակ շրջանառութեան համակարգով իրականացւի: Նրա խօսքով, յունւարի 1-ից նաեւ բոլոր ջրօգտագործողները պէտք է առցանց էլեկտրական ջրաչափերով աշխատէին, ինչպէս նաեւ տնտեսվարողներն իրենց ջրառի կէտերում պէտք է առցանց համակարգով ջրաչափեր ունենային, իսկ նախարարութիւնը համաժամանակեայ ռեժիմով յետեւէր ջրաչափերի ցուցանիշներին: Նախարար Յակոբ Սիմիդեանը նաեւ յայտարարեց, թէ գետերի էկոթողքի կէտերում նոյնպէս պէտք է ջրաչափէր տեղադրւեն, որպէսզի հասկանալի լինի թէ տնտեսական նպատակներով, հիմնականում հիդրոէլեկտրակայանների համար ջուր վերցնելուց յետոյ, արդեօք գետերում էկոլոգիական թողքը մնո՞ւմ է, թէ՞ ոչ:

Նրա խոստման համաձայն, 2024 թւականին էկոթողքերի կէտերում նոյնպէս պէտք է տւեալների առցանց փոխանցմամբ ջրահաշւիչ «ջրաչափիչ» սարքերի պարտադիր ապահովումը կեանքի կոչւէր ջրօգտագործողների համար, եւ այն գործելու էր փետրւարի 1-ից: Այստեղ արձանագրենք, որ խօսքը գործող մօտ 1700 ջրօգտագործման թոյլտւութիւններով առկայ շուրջ 5000 ջրառի կէտերի մասին է։ Ոլորտի պատասխանատու նախարարութիւնը տարւայ ընթացքում պէտք է լուծէր այդ բարդ խնդիրը, այն դէպքում, երբ 2024 թւականի յունւարի 1-ի դրութեամբ էլեկտրոնային ջրաչափեր էին տեղադրւած ընդամէնը 577 կէտում:

Գործընթացներից պարզւում է, որ մինչեւ ընթացիկ տարւայ նոյեմբերը լիազօր պետական մարմինը չի կարողացել առցանաց համակարգը գործարկելու համար կարճ հաղորդագրութիւնների (sms) ուղարկման եւ ծրագրային ապահովման սպասարկման ծառայութիւններ ձեռք բերել եւ միայն կառավարութեան նոյեմբերի 7-ի նիստում իր վերաբաշխւած բիւջէից թոյլտւութիւն ստացաւ այդ ծառայութիւնների համար 8.8 մլն. դրամ յատկացնել, եւ շատ քիչ է հաւանական, որ կը յաջողւի ջրառի եւ էկոթողքի առցանց համակարգը գործի դնել 2024 թւականի աւարտին, առաւել եւս, որ չի կատարւել նաեւ բոլոր ջրօգտագործողների նկատմամբ էլեկտրոնային ջրաչափեր տեղադրելու նորմի պահանջը, քանի որ իրատեսական չէր մէկ տարում 4000-ից աւել ջրառի կէտերում ապահովել համապատասխան ջրաչափերը։

Հայաստանի հիմնական խոշոր գետերից բացի խօսքը նաեւ Արմաւիրի մարզում գոյքագրւած 1353 եւ Արարատի մարզում 1034 խորքային հորերի մասին է, որտեղից տարեկան դուրս է յորդում 1.2-1.3 մլրդ. խորանարդ մետր բարձրորակ ջուր։ Այս մարզերում են անխնայ վատնւում ռազմավարական նշանակութեան, խմելու ջրի մաքրութիւն ունեցող խորքային ջրերի ազգային պաշարները:

 

Օդ

Ըստ ոլորտի պատասխանատուի, 2024 թւականին ձեռք է բերւել օդի որակի ստուգման 40 աւտոմատ կայան, որոնք, սակայն, գործադրւելու են 2025-ին։ Նաեւ Երեւան քաղաքի համար երկու կայան է ձեռք բերել, որոնք մոնիթորինգի տւեալները ներկայացնելու են առցանց։ Նկատենք, որ չնայած Երեւանում տեղադրւած բազմաթիւ նման կայանների գոյութեանը, դրանք քաղաքապետարանի մօտ ցոյց են տալիս մաքուր օդ, իսկ ՇՄ նախարարութեան դիտակէտերով նոյն մայրաքաղաքի օդն աղտոտւածութեան բարձր մակարդակ է արձանագրում։ 2024 թւականին յայտնի դարձած այս հակասութիւնն այդպէս էլ հրապարակային լուծում չստացաւ ո՛չ նախարարութեան, ո՛չ քաղաքապետարանի կողմից, իսկ մայրաքաղաքի բնակիչները եւ հիւրերը շարունակում են շնչել փոշով եւ վնասակար այլ նիւթերով յագեցած օդ։

2024 թւականին ոլորտի թերեւս միակ ձեռքբերումն այն է, որ միջազգային մակարդակով որոշում ընդունւեց 2026 թւականին Հայաստանում անցկացնել Կենսաբազմազանութեան մասին կոնւենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Այդ իրաւունքին յաւակնում էր նաեւ Ադրբեջանը, սակայն երկրների մեծամասնութիւնը քւէարկեց Հայաստանի օգտին՝ գտնելով, որ նաւթարդիւնահանող երկիրը չի կարող կենսաբազմազանութիւնը պահպանողի առաջամարտիկ լինել։ Հայրենի գործադիր մարմինն էլ շտապեց միջոցառումից երկու տարի առաջ ձեւաւորել կազմակերպման եւ անցկացման կառավարական կոմիտէ եւ որոշումով հաստատեց դրա կազմը։

Հայաստանի գործող կառավարութիւնը 2025 թւականի համար բնապահպանութեան ոլորտին յատկացրեց 13.4 մլդ. դրամ, բայց պարզւում է, որ անցնող տարւայ համեմատ տրւած 3.7 միլիարդով աւելի գումարը ոչ թէ ուղղւում է Հայաստանի հարուստ եւ ծայրաստիճան վտանգւած կենսաբազմազանութեան վերականգնմանը, այլ, ընդամէնը, նոր ներդրւած էկոպարեկային ծառայութեան ֆինանսաւորմանը։

Վերը ներկայացւած իրողութիւնների պայմաններում, թերեւս հայրենի հարուստ բնաշխարհի պահպանութեան հիմնական միջոցը մնում է շրջակայ միջավայրի նկատմամբ շարքային քաղաքացու հոգատար վերաբերմունքը։

ԱՐՄԷՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ

«Դրօշակ» թիւ 12 2024 թ.

Related Articles

Back to top button