Վեհափառը Արցախի թեմին յորդորել է շարունակել բարձրաձայնել արցախցիների իրաւունքների ապահովման հարցը
Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցութեամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի: Գրում է Tert.am-ը:
Հանդիպմանը քննարկւեցին Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, նրանց սոցիալական կացութեան եւ բարոյա-հոգեբանական վիճակին առնչւած հարցեր: Անդրադարձ կատարւեց նաեւ Եկեղեցու կողմից իրականացւող աջակցութեան ծրագրերին:
Հայոց Հայրապետը յորդորեց թեմակալ առաջնորդին եւ թեմական խորհրդի անդամներին, որպէսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառոյցների եւ սփիւռքի թեմերի հետ համագործակցաբար հնարաւոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառոյցների առջեւ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրաւունքների ապահովման, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան հիմնախնդիրները:
Անհրաժեշտ նկատելով թեմական կառոյցների պահպանութիւնը՝ Նորին Սրբութիւնը կարեւորեց նաեւ արցախահայերի համախմբման, ոգու զօրացման եւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման ուղղութեամբ իրականացւող ծրագրերի շարունակականութիւնը: