«Հարաւային Կովկասը եւ Իրանը.Հայեացք հայկական տեսանկիւնից» խորագրով հանրային զրոյց-քննարկում՝ Հայաստանի քաղաքական վերլուծաբանների մասնակցութեամբ
«ԱԼԻՔ», Կ. Դ. – ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ, Հայաստանից Իրան ժամանած համալսարանի դասախօսներ եւ քաղաքական հարցերի վերլուծաբանները,հանրային-զրոյց քննարկման ընթացքում անդրադարձան «Հարաւային Կովկասը եւ Իրանը.Հայեացք հայկական տեսանկիւնից» թեմային:
Երէկ՝ յուլիսի 24-ի երեկոյեան, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան սրահում կազմակերւած դասախօսական երեկոյի ընթացքում քաղաքագէտ, «Ռուս-հայկական սլաւոնական» համալսարանի դասախօս Էդգար Էլբակեանը, Պատմաբան, Երեւանի Պետական Համալսարանի դասախօս Սերգէյ Մելքոնեանը եւ քաղաքագէտ, տնտեսագէտ Հրանտ Միքայէլեանը առանձին գլուխների տակ անդրադարձան Հայաստանի ներկայի ներքաղաքական եւ արտաքին մարտահրաւէրներին, գործող իշխանութեան հայրենակործան քաղաքականութեանը, միակողմանի զիջումներին, Սրբազան պայքարի ստեղծման դրդապատճառներին, ընթացքի եւ ներկայ կարգավիճակին ու հեռանկարներին եւ կարեւորութեամբ քննարկեցին հայ-իրանական յարաբերութիւնների զարգացման անհրաժեշտութիւնը:
Դասախօսները յստակ անդրադարձան Հայաստանի բարեկամ երկներին եւ ռազմավարական դաշնակիցներին, մասնաւորապէս Իրանի անխախտ սկզբունքային դիրքորոշմանը, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի վարած քաղաքականութեանը, մի շարք արեւմտեան եւ տարածաշրջանային երկրների ոչ հայանպաստ եւ ադրբեջանա-թուրքական շահերից բխող քաղաքականութեանը: Նշենք, որ հանդիպմանը ներկայ էին Հայկական համալսարանի շրջանաւարտներ, որոնք հիւրաբար գտնւում են Իրանում:
Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների: