
Ինձ դժւար պարտականութիւն է տրւած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Թեհրանի եւ Ատրուշանի շրջանի ընկերների կողմից խօսելու ընկեր Արա Իսաղուլեանի մասին:
Մի այնպիսի անձնաւորութիւն, որը եղաւ հաւատաւոր գաղափարական մինչեւ իր մահը:
Գաղափարական մղումով տարիներ շարունակ եւ իր կեանքի մեծ մասով իր ծառայութիւնն է բերել ազգային-հասարակական տարբեր ասպարէզներում, նւիրւածօրէն կատարելով որեւէ պարտականութիւն, որ յանձնարարւել է իրեն, ազգային ոգին հէնց պատանեկան տարիքից խորապէս արմատաւորւած լինելով նրա մօտ, եւ 1973 թւականին նրան մղում է անդամագրւելու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում:
***
Որպէս նւիրում հասարակական կեանքին ունեցել է լայն ընկերական շրջան: Իրական առումով նա ընկերասէր էր, ընկերների հանդէպ զոհաբերող, որով եւ անկեղծօրէն սիրւել եւ յարգանք է վայելել բոլորին կողմից:
Արա Իսաղուլեանը ծնւել է 1948 թւականին Թեհրանում: Իր կրթութիւնը ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ» դպրոցում: Դպրոցական վաղ տարիքից նետւելով ազգային ու հասարակական աշխատանքների ասպարէզ, երեւան է բերել ակնառու ձիրք ու նւիրւածութիւն՝ միութենական շրջանակներում:
Հանգուցեալ Արա Իսաղուլեանը մասնագիտացել է արհեստի տարբեր բնագաւառներում, եւ իր ջանասիրութեան շնորհիւ սովորել ու տիրապետել է անգլերէն լեզւի:
Լեզւի իմացութեան շնորհիւ նա աւելի քան չորս տասնամեակ աշխատել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, որպէս տեխնիկական եւ մեխանիկական սարքերի պատասխանատու: Յատկանշական է, որ վերջին 100-ամեակի ընթացքում ընկ. Արան միակ իրանահայն էր, ով Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից գնահատւել է յատուկ արարողակարգով եւ ստացել գնահատագիր իր կատարած մասնագիտական աշխատանքների համար:
Ընկեր Արան ոչ միայն եղել է ազգային ոգով տոգորւած անհատ, այլ հոգատար եւ ազնիւ ամուսին եւ հայր իր ընտանիքի համար: Նա ամուսնացել է Հերմինէ Մարտիրոսեանի հետ եւ բախտաւորւել 2 որդիներով՝ Անդրէն եւ Վահէ Իսաղուլեաններ:
Հանգուցեալ ընկեր Արան լինելով արհեստաւոր ժամանակին իր շուրջն է հաւաքում արհեստաւոր ընկերներին եւ որոնց նրանց մօտ միտք է յղանում հիմք դնելով Հայ Արհեստաւորների միութեանը, որը այսօր կոչւում Իրանի Հայ Արհեստաւորների միութիւն եւ տարիներ շարունակ բծախնդրօրէն վարել միութեան վարչութեան նախագահի հանգամանքը:
Ընկեր Արան ժամանակին եղել է Թեհրանի հայ հասարակական միութեան (Հայ ակումբի) եւ Հայկական Ուսումնասիրութեան կենտրոն ՀՈՒՍԿ հաստատութեան անդամ իր ներկայութիւնը բերելով տարբեր միջոցառումների:
Նման յիշատակումներով ու անմոռաց յուշերով ենք իր կեանքի վերջին հանգրւան ճանապարհում սիրելի ընկեր Արա Իսաղուլեանին, ով իր մահկանացուն կնքեց կիրակի, մարտի 16-ին:
Երկնային արքայութեան արժանանաս:
Ընկերներդ միշտ կը յիշեն քեզ սիրելի ընկեր Արա:
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ