
Մարդասիրական կեցւածքն ու միմիանց օգնելը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ ապրող ընտանիքներին:
Այս լոյսի ներքոյ Թ. Հ. Թ. Կարիքաւորներին Օժանդակող մարմինը, ոչ մի ջանք չխնայելով եւ բարեսիրական բնագաւառում ամենօրեայ ակտիւ աշխատանքով շարունակում է իր ծառայութիւնն ի նպաստ համայնքիս կարիքաւոր ընտանիքների:
Առ այդ, Քրիստոսի Ս. Յարութեան (Զատիկ) տօնի նախաշեմին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանի օգնութեամբ նախաձեռնւեցին եւ իրականացւեցին պարէնային կապոցների բաժանման աշխատանքը՝ աւելի քան 500 ընտանիքների միջեւ:
Նշելի է, որ պարէնների բաժնման օրը ԿՕՄ-ի մեծ ընտանիքի կողքին էին Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Արմինէ Սէթխանեանը, Հայրիկ Աղանեանը, Մհեր Օհանեանը, Հարմիկ Աւետեանը եւ Հայկ Տէր Մկրտչեանը, «Սարդարապատ» թաղամասի պատգամաւորներ՝ Արամ Նովշադեանը եւ Էդւարդ Աբրահամեանը նաեւ Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախագահ Անահիտ Միխայեանը։
Նախքան պարէնների բաժանումը տեղի ունեցաւ հանդիպում, որի ընթացքում ԿՕՄ-ի ատենապետ Մուշեղ Ծատրեանը բացատրութիւն տւեց մարմնի գործելաոճի եւ աշխատանքների մասին, իսկ վերջում Թեմական խորհրդի կողմից բարձր գնահատւեց մարմնիս կատարած բոլոր աշխատանքները։
Այս առիթով, Կարիքաւորներին Օժանդակող մարմինը իր երախտագիտութիւնն է յայտնում բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել եւ աջակցել են սոյն աշխատանքին։
Թ. Հ. Թ. ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄԻՆ