Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը բանախօսեց Ուրմիայում, Գազայի ռմբակոծման առաջին տարելիցի առթիւ
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, երեկոյեան ժամը 5:00-ին, Ուրմիայի ասորական համայնքի «Մարիամ» սրահում տեղի ունեցաւ յիշատակի յատուկ ձեռնարկ, մէկ տարի առաջ Գազայում սկսւած ցեղասպանական ջարդի եւ քրիստոնէական եկեղեցու ռմբահարման առիթով:
Սոյն ձեռնարկին մասնակցելու եւ դասախօսելու համար յատկապէս հրաւիրւել էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Ծրագրին մասնակցեց նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը եւ ասորական համայնքի պատգամաւոր՝ Շառլի Էնւիէ Թեքիէն: Նրանք եւս յատկապէս ընդգծեցին Միջին Արեւելեան դժբախտութիւնը, որը սկսել է արդէն տարածւել միջավայրում եւ առաւել անբնական կացութիւն ստեղծել տարածաշրջանում: Իւրաքանչիւր խօսք վերցնող պաշտօնապէս դատապարտեց այն, ինչ որ Սիոնիստական ռեժիմը իրագործում է Պաղեստինի տարածքում:
Սրբազան Հայրը բեմ հրաւիրւելով ընդգծեց. «Միջին Արեւելքում իրականացւող կործանարար պատերազմը ե՛ւ Պաղեստինի Գազա քաղաքում, ե՛ւ Լիբանանի սահմաններից ներս, 21-րդ դարի անյարիր կացութիւններ են, որոնք զէնքի ուժի եւ իրաւազրկւած ազգերի անհաւասար կեանքի պայմանների արդիւնք են»:
Վերջապէս, Սրբազան Հայրը երկու մտածումներ ընդգծեց, որոնք իրաւազրկւած ազգերի համար սիոնիստական ռեժիմի կողմից դարձել են անտեսանելի կէտեր, եւ որոնք ընդհանրապէս բացակայում են այսօր աշխարհի երեսից. Արդարութիւն եւ խաղաղութիւն. «Եթէ արդարութիւն չկայ աշխարհում, ուրեմն բացակայելու է խաղաղութիւնը: Իսկ եթէ խաղաղութիւն չկայ աշխարհում, ուրեմն դրա պատճառով է, որ բացակայում է արդարութիւնը…»,- ասաց Սրբազան Հայրը:
«Եկեղեցիները, մզկիթները եւ բոլոր աղօթավայրերը, քարեղէն կառոյցները չեն միայն: Դրանք ոչ միայն ռմբակոծումների այլեւ երկրաշարժերի զոհ կարող են դառնալ: Իսկական եկեղեցիները, մզկիթները, աղօթարանները, հաւատացեալների սըրտերն են, որտեղից խօսում ենք Աստծու հետ…»,- ասաց Սրբազան Հայրը, մաղթելով, որ աշխարհում կը դադարեն կործանարար արարքները եւ հաշտութիւն կը գոյանայ մարդկանց միջեւ:
Յայտնենք, որ ծրագրի ընթացքին տեղացի փոքր երեխաներից բաղկացած մի երգչախումբ յաջողապէս կատարեց ազատագրական երգեր, ներշնչելով բոլոր ներկաներին: Նշենք նաեւ, որ ծրագրի վերջնական բաժինը յատկացւել էր պատերազմից փրկւած եւ վերապրած անձերին: